Մեր սեւ սիրտ, քո էկզոտիկ առաջարկներ

Մեր սեւ սիրտ, քո էկզոտիկ առաջարկներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մենախոսությունը, որ վերաբերում է հայրենիքի փրկությանը, բավականին հետաքրքիր է եւ ուսուցողական: Խորհուրդ եմ տալիս կարդալ, բայց՝ վերջից, որովհետեւ ամենահետաքրքիրը վերջին հատվածն է: Խնդրեմ. «…թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում»:

Դուք ավելի էկզոտիկ բան լսե՞լ էիք նորանկախ Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության մեջ, քան երկրի ղեկավարին երկրից փախցնելը (թեկուզ ժամանակավորապես): Կարո՞ղ եք պատկերացնել այն տեսարանը, թե ինչպես են Նիկոլին փախցնում Հայաստանից: Գուցե ճանապարհին լայվ մտնի ու թաթիկով անի իր հայրենակիցներին: Մի խոսքով՝ ծիծաղից մեռա:
Շատ ավելի լուրջ է Տեր-Պետրոսյանի մենախոսության մնացած մասը, որտեղ նա դատողություններ է անում Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ: Առաջին նախագահը, ըստ էության, իր կարծիքն է հայտնել հայրենիքի փրկության պրոցեսի մասին, եւ դա լավ է այնքանով, որ չենք կարող ասել, թե լռելյայն է հետեւում հետպատերազմյան Հայաստանի կործանմանը: Ուստի չեմ կարող իմ խորին շնորհակալությունը չփոխանցել նրան:

Ի՞նչ էր ասել Վազգեն Մանուկյանը: Նա ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման 3 տարբերակ էր առաջարկել՝ ա. ռազմական հեղաշրջում, բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնել, եւ գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիություն: Տեր-Պետրոսյանը համաձայն է միայն երրորդ տարբերակին, իսկ առաջին երկուսը մերժում է, որովհետեւ ռազմական հեղաշրջումը հակասահմանադրական է, եւ ժողովուրդը չի պաշտպանում Հայրենիքի փրկության շարժումը: Նկատենք, սակայն, որ Տեր-Պետրոսյանը, ընդունելով գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը, ըստ էության, ընդունում է, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանը պետք է անհապաղ եւ արագ հեռացվի իշխանությունից: Նիկոլով ընտրությունների գնալը նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում եւ հավատացնում է, որ դրանք կդառնան ամենախայտառակ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ: Եվ հենց այստեղ սպրդում է առաջին նախագահի եւս մի հետաքրքիր միտք՝ Նիկոլի թիմն ամեն ինչ կանի, որ մնա իշխանության: Զարգացնենք այդ միտքը: Իսկ Նիկոլի թիմը, եթե նրան չզրկեն լծակներից, չի՞ գործելու եւ չի՞ փորձելու պահպանել իշխանությունը թեկուզ առանց Նիկոլի: Հո ամբողջությամբ զուրկ չե՞ն ինքնապաշտպանական բնազդից: Իսկ նրանց սատարող օտարերկրյա գործակալական ցանցերը, ինչ է, պետք է ձեռքերը ծալած հետեւե՞ն այդ ամենին: Վազգեն Մանուկյանը, ի դեպ, իր հայտարարության մեջ նաեւ այդ ցանցերի մասին է ակնարկել:

ՀՓՇ-ի մասին: Ինչո՞ւ այն «չի վայելում» զանգվածների համակրանքը: Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ պատճառն ընդդիմության ներքին տարաձայնություններն են: Միանգամից ասեմ, որ չկա նման բան: Քառամսյա պայքարի օրերին չի եղել մի դեպք, որ շարժման առանցքային կուսակցություններից մեկը Շարժման հայտարարություններին տրամագծորեն հակառակ հայտարարություն աներ եւ կամ հանրային քննարկման դներ իր ուրույն կարծիքը Շարժման այս կամ այն քայլի հետ կապված: Այլ հարց է, որ Հայրենիքի փրկության շարժմանը չուզեցան միանալ հանրության շրջանում որոշակի վստահություն վայելող այնպիսի անհատներ, ինչպիսին, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Վստահ եմ, որ դա կազդեր հանրահավաքների բազմամարդության վրա՝ ոչինչ չփոխելով պայքարի տրամաբանության մեջ:

Իսկ հիմա՝ ամենագլխավորի մասին: Տեր-Պետրոսյանի անփոփոխ կարծիքով՝ ռազմական հեղաշրջումն այս իրավիճակում բացարձակապես հակասահմանադրական է: «Դա գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին, մերժեց ամենայն վճռականությամբ»,- գրում է առաջին նախագահը՝ մեզ ակամա տեղափոխելով 2008 թվական. «Եվ ուրեմն ոչ թե Լե-ւոն, Լե-ւոն, այլ՝ Ման-վել, Ման-վել եւ Գա-գիկ, Գա-գիկ»: Բանակը, իհարկե, այն ժամանակ էլ չմիջամտեց երկրում հակասահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնելու փորձերին, բայց դա ամենեւին էլ ստվեր չի նետում Սահմանադրության դիրքերից հանդես եկող առաջին նախագահի այս նոր ու անչափ հետաքրքիր դիրքորոշման վրա:

Իսկ գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ բացատրի՞, թե ինչու էր աչք փակում, երբ Փաշինյանն ամիսը մեկ Սահմանադրություն էր խախտում՝ այդ խախտումները համեմելով սպառնալիքներով, շանտաժներով ու ձերբակալություններով: Չէ՞ որ դա տեսնում էր նաեւ միջազգային հանրությունն ու հրաժարվում հարաբերվել հայաստանյան «քինդեր-սյուրպրիզների» հետ: Իսկ հիմա, եթե հանկարծ բանակը փորձի միջամտել, հատուկ եմ գրում ներկա ժամանակով, որովհետեւ դա տակավին արդիական գաղափար է, ըստ Տեր-Պետրոսյանի՝ խիստ հակասահմանադրական կլինի: Եվ լսե՞լ է, արդյոք, որեւէ մեկը Հայաստանում, որ Վազգեն Մանուկյանը «Օ-նիկ, Օ-նիկ» վանկարկեր մինչեւ ՀՀ զինված ուժերի ԳՇ հայտարարությունը: Հավանաբար, կարիք չկար, որ ամեն ինչ ձախողած վարչապետը դրանից հետո անմիջապես մտներ Ֆեյսբուք եւ հայտարարեր, թե բանակը ռազմական հեղաշրջման փորձ է անում: Խոսքը, ի վերջո, Հայոց բանակի մասին էր, որ օրվա գերագույն գլխավոր հրամանատարի տգիտության ու ապաշնորհության պատճառով ծանր կորուստներ է կրել բոլոր առումներով: Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը հենց այդ պահին կանխել ժեխահավաքի կոչ հնչեցնող վարչապետին, թե՞ ինքն էլ էր մտածում, որ բանակը БТР-ները խոդ է տվել, որ իջնի քաղաք:

Այո, բանակի հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանին քննադատողներ եղան, պահանջեցին, որ բանակը կանգնի ՀՓՇ-ի կողքին, բայց այդ ամենը միայն ու միայն այն մտահոգությամբ, որ սեփական իշխանությունը պահելու մոլուցքով լցված վարչապետը չգնա հերթական սադրանքների եւ հասկանա, որ ինքը, եթե չի ցանկանում վերջնականապես կործանել Հայոց վերջին պետականությունը, պետք է հրաժարական տա եւ հեռանա ասպարեզից: Բաղրամյան պողոտայի հարթակից շարժման ղեկավարները քանիցս դիմել են իրավապահներին, հորդորել չպաշտպանել վարչակազմին եւ չծառայել դավաճան իշխանություններին: Իսկ գուցե սա էլ որակենք ոստիկանական հեղաշրջման կոչ ու զերծ մնանք իրավապահներին օրենքով սահմանված իրենց անելիքը հիշեցնելո՞ւց: Այդ դեպքում, պարոն Տեր-Պետրոսյան, բացատրեք, թե ինչու ոստիկանապետը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը եւ մյուս պատկանները մատը մատին չեն տալիս Նիկոլ Փաշինյան կոչվող չարիքի դեմն առնելու համար:

Հակասությունների այս կծիկից ազատվելու միակ ելքը Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսնում է ոմն անկուսակցական փոխվարչապետի «հրամանատարությամբ» ընտրություններ անցկացնելու մեջ: Սա պարզունակ մանիպուլյացիա է եւ չի վայելում Տեր-Պետրոսյանի նման քաղաքագետին: Չի կարելի նման մանիպուլյացիա անել այն բանից հետո, երբ արդեն խոսել ես գործող վարչակազմի գլուխը վիրահատական միջամտությամբ երկրից դուրս հանելու մասին: Ջուրը ջաղացը տարել է, ընկնենք չախչա՞խը փնտրենք: Քանի՞ անգամ է պետք ասել՝ լավագույն ելքն այս իրավիճակից արդեն իսկ ցույց է տրվել՝ վարչապետի անհապաղ հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ մեկ տարի անց (կամ ինչքան կպահանջվի) ԱԺ ընտրությունների անցկացում՝ առանց ժամանակավոր վարչապետի մասնակցության: Կա՞ անհասկանալի բան այստեղ, թե՞ հատուկ նշված չէ՝ ուր տանել Փաշինյանին, որտեղ պահել, որ հանկարծ պատասխանատվության չենթարկվի: Ի՞նչ ասեմ, այդ մի գործն էլ Ձեզ վրա վերցրեք, պարոն նախագահ, որովհետեւ դա ընդհանրապես կապ չունի Հայրենիքի փրկության շարժման անելիքների հետ: