«Հայ գրականությունը` թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է

«Հայ գրականությունը` թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է

Օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն կասեցրեց «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» ծրագիրը, որով աջակցում էին արտերկրի հրատարակչություններին՝ հրատարակել հայ գրականություն։ Նախարարության որոշմամբ, ծրագիրը կասեցվել էր կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, իսկ ծրագրի համար նախատեսված 14 մլն դրամն ուղղվելու էր կառավարության պահուստային ֆոնդին։  

Գրական դաշտում հրատարակիչների կողմից բարձրացված աղմուկից հետո, երեկ արդեն ԿԳՄՍՆ-ն կիսվեց դրական լուրով՝ նշելով, որ «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է։ Դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական եւ ժամանակակից գրականությունը թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացրած նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության գումարը։

Ծրագրով մինչ այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով (Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ լատվիերեն, հոլանդերեն, գերմաներեն, լիտվերեն, Կոմիտասի նամակները՝ անգլերեն, Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն, ալբաներեն, Արամ Պաչյանի գրքերը՝ անգլերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, Գուրգեն Խանջյանի գործերը՝ ալբաներեն, մակեդոներեն, Ալեքսանդր Թոփչյանինը՝ սերբերեն, լատվիերեն, Կարինե Խոդիկյանի, Գրիգի, Սուսաննա Հարությունյանի գրքերը՝ անգլերեն, Հրաչյա Սարիբեկյանինը՝ մակեդոներեն, Վարդան Գրիգորյանինը՝ ուկրաիներեն, Հրանտ Ալեքսանյանինը՝ խորվաթերեն եւ այլ գրքեր)։