Ինչ ցանես, այն էլ կհնձես

Ինչ ցանես, այն էլ կհնձես

Սահմանադրության, պետական կարգի, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանների այս «մատյան գունդը» 2015-ի Հայաստանում չկա՞ր: Սահմանադրագետների այս փաղանգը, որ կրծքով պաշտպանում է պետության ողնաշար մայր օրենքը: Երկրի միջազգային վարկանիշով մտահոգ այս մամուլը: Այս նախկին ՄԻՊ-երը: Մերձքաղաքական այս «շպանան»: Երկրում համավարակ չկար, արտակարգ դրություն չէր: Սահմանադրությունը երաշխավորում էր խոսքի եւ հավաքների ազատություն, բայց ինչ որ չեմ հիշում, որ մեկն ինքնահրկիզման փորձ աներ կամ գոնե՝ անհատական պիկետ:

Մինչդեռ արեւի լույսի պես պարզ էր, որ սահմանադրությունը կարվում է «առաջիկա տասնամյակներին իշխանության հարցը լուծվելու է Մելիք-Ադամյան փողոցում» պատվերով: Այդ ժողովրդավարության պատվար ՀՀԿ-ն, որ գործող վարչապետին բռնապետ է անվանում, չէ՞ր մտածում, որ իր հեղինակած սահմանադրությունն է տոտալիտարիզմ սնուցելու: Այսօր իմքայլականների ոչ ստանդարտ վարքից դժգոհողները մտահոգ չէի՞ն, որ սահմանադրությամբ ամրագրելով խորհրդարանական կայուն մեծամասնության ինստիտուտ՝ ուղղակի թքում են պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքների վրա եւ ստեղծում քաղաքական մեկ ուժի գերիշխանության իրավական հիմք: Ժողովրդավարության ջատագովներն էին՝ թող հետեւին միջազգային պրակտիկային: Խորհրդարանական կառավարման համաշխարհային փորձն ընդօրինակեին, ոչ թե «սուվերեն դեմոկրատիայի» փորձարարություն անեին: Հիմա խոսում են զսպման եւ հակակշիռների մասին: Այդպե՞ս էիք ուզում:

Բարի լինեիք սահմանադրությամբ ամրագրել, որ վարչապետը կառավարություն կազմավորում է խորհրդարանական «էքսպերտիզա» անցած թեկնածուներից: Նախագահին տայիք վարչապետի ներկայացրած թեկնածուին նախարար ոչ միայն նշանակելու, այլեւ չնշանակելու, կառավարության որոշումները ՍԴ-ում վիճարկելու իրավասություն: Ոչ թե վարչապետին, այլ նախագահին վերապահեիք զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություն: Հակակշի՞ռ էիք ուզում՝ բարի լինեիք ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի նշանակման իրավասությունը վերապահել Ազգային ժողովին:

Ներքաղաքական համաձայնության ջատագո՞վ էիք՝ ՄԻՊ, Հաշվեքննիչ պալատի նախագահ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ, չգիտեմ՝ այլ, այսպես ասած՝ հանրային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը սահմանադրությամբ վերապահեիք Ազգային ժողովի փոքրամասնությանը:  Իրական հակակշիռը դա է՝ երբ փոքրամասնությունը մեծամասնության վարքը վերահսկելու իրավական լծակ ունի: Երբ հատուկ ծառայության տնօրենը հաշվետու է ոչ թե մեկ անձի, այլ՝ իշխանության միակ առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ Ազգային ժողովին: Նույնը՝ ԶՈՒ ԳՇ պետի դեպքում: Ոստիկանապետի: Գլխավոր դատախազի: Հատուկ քննչական ծառայության պետի:

Ու՞մ համար էին գրվում այդ գրեթե միապետական լիազորությունները: Եթե այդ՝ իրական ժողովրդավարության, զսպման եւ հակակշիռների սահմանադրություն ունենայինք, եթե 2017թ. խորհրդարանական ընտրությունները ոչ թե կայուն մեծամասնության մերկանտիլ, այլ ազգային համաձայնության ազնիվ նպատակով անցկացվեին, 2018-ին կունենայինք կոալիցիոն կառավարություն եւ ոչ մի «հեղափոխություն» էլ չէր լինի: Գործող սահմանադրությունը իշխանության իրավական հենարանն է, ոչ թե՝ պետության: Այդպես  է գրվել, այդպես էլ գործում է: Իսկ երբ ինչ-որ տեղ իր «հագով չի գալիս»՝   իշխանությունը փոխում, գտնում է  հարմար կարգավորումը: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Արտառոց ոչինչ տեղի չի ունենում, քանի դեռ իշխանություն/ռեժիմ/վարչախումբ եւ պետություն հասկացությունները քաղաքականապես տարբերակված եւ սահմանադրորեն ամրագրված չեն: