Ինձ լավ հիշեք․ Սվիտալսկին հեռանում է (տեսանյութ)

Ինձ լավ հիշեք․ Սվիտալսկին հեռանում է (տեսանյութ)

«Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին», - այսօր հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Սվիտալսկին խոսքը սկսեց  երախտագիտություն հայտնելով ասուլիսին ներկա հայաստանյան լրատվամիջոցների  ներկայացուցիչներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար․
«Ուղերձս հետեւյալն է. պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ եւ պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»,- ասաց Սվիտալսկին։

Անդրադառնալով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխություններին՝ Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում:

«Եվրամիությունը հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»,- ասաց Սվիտալսկին:

Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարեւոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն եւ բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»։