Ռադիոյի տնօրենի մրցույթի 29.07.2024թ․ N 52-Ա որոշումը կասեցված է
Ինչպես դեռ անցյալ շաբաթ հաղորդվել էր, Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հուլիսին անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը՝ Լուսինե Պետրոսյանն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի գործով, ընդունվել է Վարչական դատարանի վարույթ։ Ստորեւ ներկայացնում եմ դատարանի որոշման եզրափակիչ հատվածը, դրա հետեւանքները եւ ակնկալվող քայլերը։
Հայցային պահանջները, դատարանի որոշումը
Վարչական դատարան ներկայացված հայցի մասին հոդվածում («Հրապարակ», 21.08.2023թ․) իմ հայցադիմումի եզրափակիչ հատվածն ավելի ընդարձակ հրապարակվել էր, այժմ մեջբերեմ միայն իմ հայցապահանջները․
«Խ Ն Դ Ր ՈՒ Մ Ե Մ
1. Անվավեր ճանաչել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար» 28.06.2024թ․-ին հայտարարված մրցույթի արդյունքները եւ այդ արդյունքներով ընդունված Հանրային հեռարձակողի խորհրդի 29.07.2024թ․-ի N 52-Ա եւ 31.07.2024թ․-ի N 53-Ա որոշումները։
2. Պարտավորեցնել Հանրային հեռարձակողի խորհրդին՝ 1-ամսյա ժամկետում լրամշակել կամ մշակել կարգ, որը համապատասխանի պաշտոնների համալրման մրցույթների հայաստանյան եւ միջազգային ընդունված նորմերին, եւ պետական իրավական փորձաքննություն անցնելուց հետո այդ կարգով կազմակերպել Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համալրման նոր մրցույթ»։
Հայցապահանջներից առաջինը դատարանի կողմից ընդունվել է վարույթ, երկրորդի ընդունումը մերժվել է։ Ստորեւ՝ հայցադիմումը մասով մերժելու, մասով վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու եւ ապացույց պահանջելու մասին Վարչական դատարանի 26.05.2024թ․-ի որոշման եզրափակիչ հատվածը․
«5. Ելնելով վերոգրյալից՝ Վարչական դատարանը ՈՐՈՇԵՑ․
1) Լուսինե Պետրոսյանի հայցադիմումի ընդունումը Հանրային հեռարձակողի խորհրդին մեկամսյա ժամկետում կարգ լրամշակելուն կամ մշակելուն, որը համապատասխանի պաշտոնների համալրման մրցույթների հայաստանյան եւ միջազգային ընդունված նորմերին, եւ պետական իրավական փորձաքննություն անցնելուց հետո այդ կարգով Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համալրման նոր մրցույթ կազմակերպելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել։
2) Լուսինե Պետրոսյանի հայցադիմումն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար 28.06.2024 թվականին հայտարարված մրցույթի արդյունքները եւ արդյունքներով ընդունված Հանրային հեռարձակողի խորհրդի 29.07.2024 թվականի թիվ 52-Ա եւ 31.07.2024 թվականի թիվ 53-Ա որոշումները վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
3) Արմեն Քոլոյանին ՎԴ օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գործի դատավարությունում ներգրավել որպես երրորդ անձ։
4) ՎԴ օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջել՝ որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացնել 28.06.2024 թվականին հայտարարված մրցույթի արդյունքներով ընդունված Հանրային հեռարձակողի խորհրդի 29.07.2024 թվականի թիվ 52-Ա եւ 31.07.2024 թվականի թիվ 53-Ա որոշումների հիմքում ընկած նյութերը։
6. ․․․ՎԴ օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, հայցադիմումը մասով վարույթ ընդունելու որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից»։
Հայցադիմումը վիճարկման հայցապահանջի մասով վարույթ ընդունելու որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, այն է՝ 26.08.2024թ․-ից, ինչը նշանակում է, որ նույն օրվանից օրենքի ուժով կասեցված է ՀՀԽ-ի՝ Ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին 29.07.2024թ․ N 52-Ա որոշման գործողությունը։ Այս մասին ավելի մանրամասն՝ հաջորդ ենթավերնագրի ներքո։
Գալով հայցադիմումի մերժված մասին․ իհարկե, ես այն չեմ բողոքարկի, նախ՝ ժամանակ չկորցնելու համար, երկրորդ՝ որովհետեւ վերջնահաշվում վիճարկվող մրցույթի արդյունքները եւ դրանցով ընդունված ՀՀԽ որոշումները անվավեր ճանաչելն ինքնին նշանակելու է Ռադիոյի տնօրենի պաշտոնի համալրման նոր մրցույթ։ Եթե վիճարկվող որոշումների վերացման հիմքում էլ, ի թիվս այլնի, դրվի մրցույթի անցկացման ԿԱՐԳ-ի վերաբերյալ պետաիրավական փորձաքննության բացասական եզրակացությունը, ապա ինքնաբերաբար ԿԱՐԳ-ն առանց փոփոխման, նոր փորձաքննության եւ դրական եզրակացության, չի կարող կիրառվել։
Այդուհանդերձ, չբողոքարկելը չի նշանակում, թե գործողության կատարման հայցապահանջի մերժելու դատարանի դիրքորոշման հետ համամիտ եմ, քանի որ ՎԴ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը թույլ է տալիս բողոքարկել պետական մարմնի այն գործողությունը կամ անգործությունը, որով անմիջականորեն կարող են խախտվել դատարան դիմող անձի իրավունքները եւ ազատությունները։ Եթե իրավունքների՝ ապառնի ժամանակում խախտման հնարավորության հիմքով կարելի է դիմել Վարչական դատարան, նշանակում է այդ ապառնի խախտումները կանխելու քայլերը դատարանի իրավասությունների եւ լիազորության շրջանակում են։ Իսկ ՀՀԽ-ի կողմից «сам себе режиссер» ոճով ինքնագլուխ մի կարգ գրելը, հաստատելը ու դրանով մրցույթ կազմակերպելը, առանց գերատեսչական ակտերի համար սահմանված ընթացքով փորձաքննություն անցնելու, նշանակում է մրցույթի էության եւ մասնակիցների իրավունքերի նախորդ խախտման կրկնության ողջամիտ կասկած, որը պետք է կանխվի եւ չեզոքացվի։
Այս համատեքստում ինչ-որ քայլ դատական գործի շրջանակում իմ կողմից կարվի, դիցուք, հետագայում ածանցյալ հայցապահանջով վարույթ ընդունված մասը լրացվի, բայց մերժված մասի վերաքննության կարգով բողոքարկում չի լինի, քանի որ դա երկրորդական track է, առաջնայինը ՀՀԽ որոշումների վիճարկող հայցապահանջն էր, որ ընդունվել է վարույթ, եւ դրա հետեւանքները։
Կասեցված որոշումը, հայցադիմումի պատասխանը, դատարան բերվող նյութերը
Հայցադիմումով վիճարկված ՀՀԽ երկու որոշումներից մեկի գործողությունը 26.08.2024-ից կասեցված է, մյուսինը՝ ոչ։ Կասեցված է Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին թիվ 52-Ա որոշման գործողությունը։ Կասեցված չէ պրն Քոլոյանին Հանրային ռադիոյի տնօրեն նշանակելու մասին թիվ 53-Ա որոշման գործողությունը։ Ե՛վ մի որոշման կասեցումը, ե՛ւ մյուսի գործողության շարունակվելը կարգավորված են օրենքի, Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով։
Առաջին որոշումը կասեցված է, որովհետեւ, համաձայն նշյալ հոդվածի 1-ին մասի, «1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը», եւ 1-ին մասի բացառություններից ոչ մեկը ՀՀԽ 29.07.2024թ․-ի թիվ 52-Ա որոշմանը չի վերաբերում՝ ոչ մի օրենք գոյություն չունի Հանրային ռադիոյի տնօրենի անհապաղ նշանակման մասին, իր 52-Ա որոշման մեջ ՀՀԽ-ն հաղթող թեկնածուի՝ անհապաղ նշանակման անհրաժեշտություն չի փաստարկել, 52-Ա որոշումը հարկադիր կատարողի կայացրած ակտ չէ, տրանսպորտային միջոց վարելուն չի վերաբերում, ոչ էլ՝ ընդերքօգտագործման, ռազմական դրության իրավական ռեժիմի կամ հողամասի։ Վերջապես, 52-Ա որոշումը վիճարկված է դրա հասցեատեր հանդիսացող անձի կողմից։ Այդքանով էլ որեւէ բացառություն չի գործում, եւ պրն Քոլոյանին Ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի հաղթող ճանաչելու որոշման գործողությունն օրենքի ուժով կասեցված է, ինչը պրն Քոլոյանին դարձնում է ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ նրան մրցույթի հաղթող ճանաչած որոշումն այլեւս չի գործում, գոնե մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը եւ ուժի մեջ մտնելը։
Իսկ ահա ՀՀԽ հաջորդ՝ 31.07.2024թ․-ի թիվ 53-Ա որոշման գործողությունը, որով Արմեն Քոլոյանը նշանակվել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում, շարունակվում է եւ չի կասեցվում, դարձյալ օրենքի ուժով, որովհետեւ այս դեպքում 83-րդ հոդվածի 1-ին մասի բացառություններից մեկը գործում է։ 5-րդ կետով նախատեսված բացառությունը․ «Բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ»։ Թիվ 53-Ա որոշման հասցեատերը միայն Արմեն Քոլոյանն է, հետեւաբար, ցանկացած այլ անձի կողմից այդ որոշման դատական վիճարկումը չի կասեցնում դրա գործողությունը։
Արդյունքում պրն Քոլոյանը կշարունակի տնօրենի պաշտոնը զբաղեցնել, թող որ՝ ԺՊ-ի կարգավիճակով, մինչեւ իմ կողմից թիվ 53-Ա որոշումը կասեցնելու մասին միջնորդություն ներկայացնելը եւ բավարարվելը կամ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը։ Ո՛չ մի տարբերակը, ո՛չ մյուս, ո՛չ տեսականում, ո՛չ գործնականում հոկտեմբերի կեսերից շուտ չի կարող պատահել։
Իսկ սեպտեմբերին երկու որոշիչ զարգացումներ են սպասվում դատական գործում, որոնցից էապես կախված են դատավարության հետագա ընթացքն ու արագությունը։ Առաջինը՝ մրցույթի բոլոր նյութերը՝ հայտարարության տեքստից մինչեւ բոլոր մասնակիցների ներկայացրած բոլոր մրցութային փատաթղթերը, պետք է սեպտեմբերի 19-ի կամ 20-ի դրությամբ լինեն դատարանում։ Եվ, իհարկե, որեւէ թուղթ կեղծված, փոխված, կորչած չլինի մրցութային փաթեթներից, որովհետեւ դրանք այլեւս դատական գործի ապացույցներ են, եւ դրանք վնասելը, փոխելը, կեղծելը արդարադատության դեմ հանցագործություն է, Քրեական օրենսգրքի հատուկ մաս։ Մինչեւ սեպտեմբերի վերջը ես բոլոր փաթեթների հետ ծանոթացած կլինեմ եւ տեխնիկական տվյալների, տեղեկության, տպավորության մասով կգրեմ։ Եթե կարիք լինի հատվածական ուղիղ մեջբերումների, իհարկե, դատարանի դահլիճում դա անելու ոչ մի սահմանափակում չունեմ, մամուլում հրապարակելու մասով էլ դատարանի հետ կճշտեմ։
Սակայն մրցութային նյութերից նույնիսկ ավելի հետաքրքիր ու կարեւոր է հայցադիմումի պատասխանը, որ դարձյալ երկշաբաթյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ սեպտեմբերի 19-ը, 20-ը, ՀՀԽ-ն պետք է ներկայացնի։ Այստեղ է ողջ ինտրիգը՝ հայցադիմումի որ փաստարկն են ՀՀԽ-ից կարողանալու առարկայական եւ բանական հարթությունում հերքել։ Ես մամուլում հրապարակելու եմ թե՛ իմ հայցադիմումը, թե՛ ՀՀԽ-ի պատասխանը, ինչ էլ դա լինի։ Պարզ է, որ քաղաքական կարծիքի համար խտրականության դրսեւորման գործով դատավարությանը հետեւում են թե՛ կարծիքի ազատության` Article 19-ի գործադրմանը հետամուտ միջազգային կազմակերպությունները, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դաշնագրի գործադրումը գնահատող եվրոպական կառույցները, թե՛ հայաստանյան հասարակության այն հատվածը, որ Ռադիոյի տնօրենի պաշտոնի շուրջ զարգացումներին հետեւել է դեռ տարեսկզբից։ Բոլոր այդ մարդկանց գոնե հայցադիմումի եւ պատասխանի բովանդակությունը պետք է լիովին հասանելի լինի։
Կարծիքներ