ՊՎԾ-«Զորաշենի» գործով Ադյանի դեմ ցուցմունք տվողներն ԱՆ-ից են, ու նրանք շատ-շատ են

ՊՎԾ-«Զորաշենի» գործով Ադյանի դեմ ցուցմունք տվողներն ԱՆ-ից են, ու նրանք շատ-շատ են

Մի քանի օր է անցել հեղափոխությունից հետո նոր Հայաստանի պայմաններում առաջին կոռուպցիոն սկանդալի՝ ՊՎԾ-«Զորաշենի» գործով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձանց կալանավորումից հետո։ Հիշեցնենք, որ երկուսը Դավիթ Սանասարյանի Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են՝ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը, մեկը «Գրիգոր Լուսավորիչ » բժշկական կենտրոնի կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին հաղթող ճանաչված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանն է։ Վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը շարունակում է դիրքորոշում չունենալ առաջադրված մեղադրանքի շուրջ։

«Դեռևս չենք հայտնել դիրքորոշում, քանի որ երբ իրեն ներգրավել են մեղադրյալ, մեղադրանքից անգամ պարզ չէ, թե կոնկրետ ինչ գործողություններով է նա օժանդակել վերը նշված պաշտոնատար անձանց ենթադրյալ հանցագործությունները կատարելու մեջ։ Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը բավականին ծավալուն էր, սակայն որոշումից պարզ չէր, թե կոնկրետ Տարոն Ավետիսյանն ինչ գործողություններ է կատարել՝ օժանդակելով այդ անձանց» ,-ասաց փաստաբանը։ Նա այս պահին չի կարող ասել, թե քանի անձ է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվել, սակայն կարող է ասել, որ բազմաթիվ անձինք են հարցաքննված։ Տարոն Ավետիսյանի կալանավորումը վերացնելու միջնորդությամբ նրա պաշտպանն այսօր դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան։ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։

Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանն էլ Hraparak.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը։ Նա էլ, հիշեցնենք, մեղադրվում է իր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որպեսզի իրենց փոխկապակցած ընկերությունը հաղթող ճանաչվի։ Հարցին, թե Ադյանի դեմ ցուցմունքներ կա՞ն, Դավիթ Մնացականյանը պատասխանեց․ «Սամվել Ադյանի դեմ ցուցմունքներ շատ կան, կոնկրետ չեմ կարող ասել, բայց հիմնականում առողջապահության ոլորտի աշխատակիցների ցուցմունքներ են»։ Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ տնօրեն Հրանտ Պիվազյանը հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը պետական մակարդակով բիզնես է փորձում խլել։

Իսկ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երեւանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել եւ այլն, ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը։ Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում։

 Ավելի վաղ News.am-ը հայտնել է, որ հեմոդիալիզի պարագաների մրցույթի գործով ԱԱԾ-ում հարցաքննվել է մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ տնօրեն Հայկ Կարապետյանը։ Նրա հայրը՝ Արթուր Կարապետյանը, News.am-ի հետ զրույցում պնդել էր, որ որդին հարցաքննվել է վկայի կարգավիճակով: ԱԱԾ-ում, ամենայն հավանականությամբ, քրեական գործ է հարուցվել «Հետք» կայքում հրապարակված «Պետական մակարդակով բիզնես են խլում. տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթին։