Երկու վախը մեկ մահ է

 Երկու վախը մեկ մահ է

Մանկությանս տարիների այս դիպվածը հիշեցի։
Մեր բակում ապրում էր  ահավոր նիհար, երկար բոյով  ու  «վախենալու դիմագծերով» մի տղամարդ։ Ինքը չար մարդ չէր, բայց տեսքը զարհուրելի էր։
Երբ կամակորություն էինք անում, մեր ծնողները վախեցնում էին՝ գնալու ենք «ոսկոՌ ձյաձյային կանչենք»․․․ Իսկույն ենթարկվում էինք։
Այդ ժամանակ, երևի տարեկիցներս կհիշեն, ձկան յուղ շատ էին օգտագործում։ Մեր ծնողները «գդալով ձկան յուղ էին մեզ խմեցնում»։ Սարսափելի հոտ ուներ, չէինք կարողանում խմել։ Երբ դիմադրում էինք, վախեցնում էին՝ հեսա գնանք «ՈսկոՌ դյադյային կանչենք․․․ Վախից իսկույն համաձայնվում ու կուլ էինք տալիս։ Վա՜յ էն կուլ տալուն․․․

Հետագայում «Ոսկոռ ձյաձյայի հետ» մի հիմնարկում էի աշխատում։ Շատ մտերմացանք։ Ոչ մի վախենալու բան էլ չկար։ Ինքն էլ էր ժպտալով ասում՝ տեսքս կոպիտ է, ով ինձ չի ճանաչում, վախենում է։

Այսօր, չգիտեմ ինչու, կորոնավիրուսին նմանեցնում եմ  մանկությանս «Ոսկոռ ձյաձյայի» հետ։ Անընդհատ ահաբեկում, վախեցնում են մեզ։ Անգամ չգիտեմ վիրու՞սն է մեզ ավելի շատ վնաս տալիս, թե հոգեբանորեն վախ, խուճապ առաջացնելով մեզ նեղելը։ Ինձ թվում է, որ   հոգեբանական ճնշումների, վախի, ստրեսի պատճառով ավելի շատ մարդ է մահանում, քան բուն վիրուսից։ Իհարկե, պետք է հիգիենա, պետք է զգուշություն, բայց ամբողջ օրը մեզ սարսափեցնելն ու ահաբեկելն էլ մի բանի նման չի։ Վիրուսը կանցնի, կդառնա մեզ համար սովորական, բայց մեր փոխված, «խեղճացած, ընկճված» հոգեբանությունը չեք կարող վերականգնել։ Ժողովրդական ասացվածք է՝ «Երկու վախը մեկ մահ է», մեզ անընդհատ վախեցնում եք, որ ի՞նչ․ դա եմ ուզում հասկանալ։ Ճիշտ ձև չեք ընտրել։ Եթե այդքան մտածում եք մեր մասին, հենց միայն մեր բարերարների միջոցով ժողովրդին կարող եք ապահովել անվճար դիմակներով։ Գիտեք, որ մարդիկ ինչ ծանր վիճակում են հայտնվել։ Տուգանքից եք խոսում, օգնեք մարդկանց․․․ Մեր այս ծանր վիճակում, դիմակի բիզնես եք զարգացնում։ Չեմ ասում ձերը, թող մի ուրիշինը լինի, բոլորն էլ ձերն են, որ «ձիու վրա եք։  Մարդկանց քիչ վախեցրեք, պատասխանատվություն բարձրացնելու շատ այլ ձևեր կան, վախեցնելով, ահաբեկելով պատասխանատվություն չեն բարձրացնում։ Նման պարագայում մարդը չարանում, չի ենթարկվում։ Սեր դրեք ամեն ինչի մեջ, որ մարդը ձեզանից չվախենա։ Վարակից վախենա։