Իրանը հրաժարվել է միջուկային նախկին պայմանավորվածությունները վերականգնելուց 

Իրանը հրաժարվել է միջուկային նախկին պայմանավորվածությունները վերականգնելուց 

Իրանը հրաժարվել է Միջուկային գործարքի՝ ներկայիս ձեւաչափով վերականգնումից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Աբաս Արաքչին՝ Khabar-e Online պարբերականի փոխանցմամբ։ Համաձայն հրապարակման, Միջուկային գործարքի ներկայիս ֆորմատի բանաձեւը կարող է վերցվել եւ հիմք դարձվել նոր գործարքի ստեղծման համար, որը կկնքվի Իրանի եւ Արեւմուտքի միջեւ։

Արաքչին նշել է, որ նման կեցվածքի պատճառն այն է, որ իրավիճակն Իսլամական Հանրապետության համար ներկայումս բավականին այլ է եւ Թեհրանը դա հաշվի առնելով, չի կարող վերադառնալ նախկին պայմաններին։ Արաքչին նաեւ ասել է, որ «եվրաեռյակի» երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, խոստացել են ազդեցություն գործել ԱՄՆ վրա՝ հակաիրանական սանկցիաները չեղարկելու համար։ Ներկայումս, ըստ հրապարակման, ընթանում են բանակցություններ «եվրաեռյակի» երկրների հետ, որպեսզի նույն բանաձեւը պահպանվի, սակայն ամրապնդվի վստահությունն իրանական միջուկային ծրագրի հանդեպ եւ որ արեւմտյան երկրները հանեն Իսլամական Հանրապետության դեմ սահմանված սանկցիաները։