Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը վատացել է

Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը վատացել է

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը սրացել է։ Այս մասին «Հրապարակ»֊ին փոխանցեց նրա կինը` Մարինե Մանուկյանը։

Վերջինիս խոսքով`հնարավոր է ամուսինը կրկին վիրահատության ենթարկվի. «Ճնշման խնդիր ունի, ազոտն է բարձր, մի տարվա մեջ երեք վիրահատություն է տարել, հնարավոր է մոտ ժամանակներս էլի վիրահատվի»։ 

Չնայած այդքան խնդիրներին, հաշվի չեն առնում, որ արդեն մեկ երրորդը նստել է, ըստ օրենքի` պետք է խիստ ռեժիմը փոխեին։

Նա նաեւ ավելացրեց, որ դատարան էին դիմել Մանուկյանին կիսաբաց ռեժիմ տեղափոխելու համար, սակայն դատարանը մերժել է։

Հիշեցնենք` Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 

ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակվել է 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակվել է ազատազրկում` 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ` նշանակված պատիժները  մասնակիորեն գումարելու միջոցով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակվել է ազատազրկում` 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցվել է Պավել Մանուկյանի նախաքնննության և դատական քննության ընթացքում 2 տարի 3 ամիս 8 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 7 տարի 8 ամիս 22 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։