Մարդիկ 7000 դրամ են տալու, որ ռեստորա՞ն գնան 

Մարդիկ 7000 դրամ են տալու, որ ռեստորա՞ն գնան 

Կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ օրերից իշխանությունները տարբեր ժամանակահատվածներում տարբեր անհեթեթ և անգամ զավեշտալի որոշումներ են ընդունել, որոնց կատարումն այս 1 տարի 8 ամսվա ընթացքում բարեհաջող կերպով մոռացվել է թե՛ այդ հրամաններն արձակողների և թե´, առավել ևս, կատարողների կողմից։

Ո՞ր մեկը հիշենք. 2020 թ․ սեպտեմբերի 11-ի Թորոսյանի հրամա՞նը, այն մասին, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել 0-5 տարեկաններից բացի նաև խուլ-համրերը  (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը), մտավոր հետամնացություն կամ հոգեկան խանգարումներ, կոգնիտիվ խանգարումներ ունեցողները կամ այն անձինք, որոնք այդ վայրերում ծխում, խմում և սնվում էին։

Արդյունքում՝ դիմակներ չկրող ՀՀ քաղաքացիների և ոստիկանների միջև աբսուրդի թատրոնի միջադեպեր էին գրանցվում։ Օրինակ՝ երբ ոստիկանը պատրաստվում էր տուգանել անդիմակ քաղաքացուն, վերջինս հղում էր անում Թորոսյանի հրամանին, որ սնվելիս կարող է և չկրել դիմակ, և ցույց էր տալիս բռի միջի ընկույզը։ Ոստիկանն էլ, թե՝ պոպոքը սնունդ չէ։ Բա ի՞նչն է սնունդ։ «Մալինան»,-ասել էր ոստիկանը։ Կամ այն պատկերը, երբ քովիդով հիվանդների ամբուլատոր սպասարկումն իրականացնող բժիշկները ստիպված էին իրենց անօդաթափանց hատուկ համազգեստները, ոտքերի բախիլները հագնել հիվանդի «պադյեզդում», քանի որ պոլիկլինիկաներին բժիշկների տնային կանչերը սպասարկելու համար մեքենաներ չէին տրամադրվում։ Իրականում այս ամենը անցավ գնաց, մոռացվեց, ոմանք տուգանվեցին, ոմանք՝ ոչ, բայց հիմնական միտումը, որ Հայաստանում գրեթե ոչ ոք և ոչ մի տեղ՝ ոչ բաց և ոչ էլ փակ տարածքներում դիմակ չի կրում, մնաց։ Ու դա ոչ ԱՆ-ին, ոչ ԱԱՏՄ-ին չի հետաքրքրում, քանի դեռ հերթական զավեշտալի հրամանը չկա։ 

Ի դեպ, կորոնավիրուսի ժամանակներում թռչող արտասահմանցիներն ու մեր հայրենակիցները Երևանում և մարզերում հենց այս պատկերից էին ապշած։

Հիմա էլ կառավարությունը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և առողջապահության նախարարության, նոր նախագծեր է մշակում, որով նոր սահմանափակումներ կմտցվեն՝ հույսով, որ այդպիսով հանրությունը «հոժարակամ» կպատվաստվի։ Օրինակ՝ հիմա քննարկման փուլում է չպատվաստված անձանց առաջ ժամանցի վայրեր այցելելու արգելք դնելու կարգը, որն արդեն կիրառվում է այլ երկրներում։ 

Հայաստանի ռեստորատորների միությունը, բնականաբար, դեմ է այս նորամուծությանը։

«Հրապարակի» հարցազրույցը միության նախագահ Աշոտ Բարսեղյանի հետ։ Վերջինս ասում է, որ արդեն իսկ կա այդ առումով բացասական փորձ, և պետք չէ նայել ոչ մի եվրոպական երկրի, որտեղ այդ ամենը մի կողմից հասցված է աբսուրդի, բայց մյուս կողմից ֆինանսական օժանդակություն է հասցվում այս բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին։

«Այլ պետք է նայել, օրինակ, թե ինչ եղավ Ռուսաստանում։ Նրանք այդ սահմանափակումները մտցրեցին և հետո 2 շաբաթ անց հանեցին՝ շատ արագ հասկանալով, թե ինչ ծավալի վնաս է հասցվում գործարարներին և բնակչությանը։ Հիմա, որպեսզի մենք չընկնենք նմանատիպ իրավիճակների մեջ, պետք է պարզապես հասկանանք, թե մեր հարևան երկրներում պրոբլեմը ոնց են լուծել։ Կարիք չկա այն կրկնել»։

-Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ մենք էլ ենք մտցնելու դեպքում հանելու։

-Իսկ ո՞նց եք պատկերացնում՝ մարդիկ 7000 դրա՞մ են տալու, որ գան սրճարան, ռեստորան։ Ո՞նց է դա կառավարությունը պատկերացնում։

-Դե, ասում են՝ ուրեմն պատվաստվեք։

-Կառավարությունը որդեգրել է մատ թափ տալու աշխատաոճը։ Կառավարությունը տեսնում է խնդիրներ այնտեղ, որտեղ չկան, և չի տեսնում այնտեղ, որտեղ կան։ Օրինակ՝ ես իրենց խորհուրդ եմ տալիս մի հատ ուշադրություն դարձնեն հասարակական տրանսպորտին, իրենց քաղաքական հավաքներին։ Էնքան տեղեր կան, որ կարելի է ուշադրություն դարձնել։ Իսկ սննդի ոլորտն այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ մաքուր և ստերիլ է։ Կամ՝ հասարակական տրանսպորտ թողնելու են թեստո՞վ։ Հասարակական տրանսպորտում, որտեղ մարդիկ իրար հետ անմիջական, մարմնի բոլոր մասերով կոնտակտի մեջ են։ Եկեք գնանք օդանավակայան, որտեղ հայտարարել են ստերիլ գոտի։ Փակել են ստերիլ գոտին, դրա մեջ մարդ չկա, իսկ ստերիլ գոտու արտաքին կողմերում ընենց մարդակույտեր են, ու ընենց են իրար գլխի հավաքված, որ պարզապես հասկանալի չէ այդ ստերիլ զոնա մտցնողի տրամաբանությունը։ Մի բժիշկ էլ այդ ստերիլ զոնայի կողքերի այդ հերթը ցրելու փոխարեն թեստերն է նայում, տեսնի՝ հանկարծ մեկը չվճարած չփախնի։ Սա համաշխարհային ինչ-որ պրոցե՞ս է, հանրային առողջության համար պայքա՞ր, թե՞ վճարման կռիվ։ Մենք, օրինակ, որպես բիզնեսմեն, այստեղ փող աշխատելու (կառավարության) միտում ենք տեսում։ Այս աբսուրդային օրինակների պարագայում այս որոշումը դիտարկենք որպես ուղիղ վնաս բիզնեսի՞ն։ Արդյո՞ք կառավարությունն ապահովել է տնտեսական աճի այն տեմպը, որով իրենք գլուխ են գովում՝ մի թիվը մյուսին գումարելով և «աննախադեպ» թվեր ստանալով։ Այդ վիճա՞կն է, թե Հայաստանից 100 հազար մարդ է պակասել, թե՞ Հայաստանը խորը ճգնաժամի շեմին է, թե՞ մեր արտաքին պարտքը հասել է 9 միլիարդի։ Որտե՞ղ է այդ աննախադեպը, երբ սպառողական ապրանքների սպառումը 10 տոկոսով նվազել է։ Ռեստորանային սպառումը դեռ չի վերականգնվել։ 2020 թվականին հասարակական սննդի բիզնեսին անդառնալի կորուստներ են պատճառվել։ Առաջինն իրենց անտաղանդ կառավարման պատճառով, երբ դրեցին ու ամեն ինչ փակեցին։ Ու երբ կարիք կար բիզնեսին օժանդակելու, կառավարությունը գնաց եսիմինչ ճանապարհով՝ 20 միլիարդ դրամի չափ գումար ծախսելով կոնտակտավոր անձանց հյուրանոցներում մեկուսացնելու և իրենց օրական 3-անգամյա սնունդ ապահովելու համար։

Ավելին, երբ Հայաստանում հայտնվեց առաջին կովիդ վարակակիրը, նա հանդիսավոր կերպով տարվեց Ծաղկաձոր, ողջ կառավարությունն էլ հետևից՝ տեսանկարահանվելու այն հյուրանոցների ֆոնին, որտեղ պահվում էին ՀՀ հպարտ վարակակիրները։ Հպարտանում էին, որ տեսեք՝ մենք մեր հիվանդներին պահում ենք հինգաստղանի հյուրանոցներում։

Իսկ այդ ընթացքում 50 հազար հոգանոց կազմ ունեցող մեր բիզնեսմեններն ուղղակի տնից էին պահում իրենց աշխատակիցներին, սրճարաններ չհաճախելու պայմաններում, որպեսզի նրանք չհամալրեն չքավորների շարքերը։ Դա՝ այն ժամանակ, երբ պետությունը նրանց ինչ-որ կռճոններ էր տալիս՝ 50 կամ 60 հազար դրամ։ Այսինքն՝ կառավարությունը գործում է իր հին տրամաբանության մեջ։ Իրենք ամենախելոքն են և ամենագիտակն են, և իրենց քննադատել չի կարելի։

-Ասում եք՝ անդառնալի կորուստներ, մինչդեռ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հպարտանում էր, որ Հայաստանում սրճարանները պետք է նախօրոք ամրագրել։

-Շատ լավ է, հիմա  ինչ, ինքը տնտեսությունը իր անձնական տպավորություններո՞վ է պատկերացնում։ Եթե անձնական տպավորություններով է, մի քանի տասնյակ հոգի էլ ուրիշ անձնական տպավորությոններ ունեն։ Ինչո՞վ են չափվում Սուքիասյանի, Ալեն Սիմոնյանի կամ տխրահռչակ Վահան Քերոբյանի տպավորությունները։ Նա էլ երևի քայլում է ու ասում՝ օ՜, տնտեսությունը  լավ աշխատում է, ես քայլում եմ, կենտրոնում լիքը մարդ կա։ Բա Երևանը 1 միլիոնանոց քաղաք է, Երևանի կենտրոնը միշտ էլ լիքն է լինելու, հարցն այն է, թե այս «լիքի» տակ թվեր կա՞ն, թե՞ ոչ։