Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա

«Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»: Այս մասին հայտարարել է  Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2֊րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։ 

Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10֊ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։  «Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։ Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով  և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,-նշել է Ալիևը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ալիևի հայտարարությանը։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ», Աննա Նաղդալյանը մեկնաբանել է․

«Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»:

: