Այդ հանդիպումից հետո մենք ավելի լավատես չդարձանք․ Վիկտոր Կատվալյան 

Այդ հանդիպումից հետո մենք ավելի լավատես չդարձանք․ Վիկտոր Կատվալյան 

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի դասախոսների հետ եւ քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հետ կապված իրավիճակը։ 

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի դիտարկմամբ, հանդիպմանը ներկա կազմը պատրաստված էր եւ համոզիչ փաստարկներ է ներկայացրել․ «Եթե նախարարն ու նախարարությունը լսեն արված առաջարկները, քաղեն մտքեր, ինձ թվում է՝ գործը կշահի, որովհետեւ իսկապես շատ կառուցողական մտքեր հնչեցին։ Պետք է ընդամենն ականջալուր լինել եւ այդ առաջարկություններն ընդունել։ Գուցե նախարարի կողմից առաջին հայացքից չմարսվեց այդ ամբողջ ասվածը եւ դժվար էր միանգամից այդքան բան ընդունելը, բայց կարծում եմ՝ իրենց համար ճիշտ ուղի կլինի, որպեսզի ընդունեն այդ առաջարկները»։ Իսկ այդ պատրաստակամությունը տեսա՞ն նախարարի կողմից․ «Այդքան ակնհայտ չէր»։ 

Հանդիպումից հետո լայնորեն քննարկվում է նաեւ նախարարի խոսելաձեւն ու տոնը ներկաների հետ․ «Մեզ ամենեւին չէր ընկճում այդ կեցվածքը, խնդիրն այն է, որ բոլորը՝ լինի դա նախարար, դասախոս, թե գիտնական, պետք է հասկանանք, որ նույն նպատակն ունենք, նույն բանն ենք ցանկանում եւ նույն ժողովուրդն ենք։ Այստեղ բաժանարար գծեր պետք չէ դնել, մենք բոլորս նույն մտահոգություններն ունենք, կլինի նախարար, նախարարության աշխատակից, թե գիտնական, բոլորիս նպատակը այս պահին մեկն է՝ միասնաբար մեր երկիրն առաջ տանել։ Կարծում եմ՝ ցանկացած ահատ, որն՝ իր կամ խմբային շահերն է առաջ տանում, վնասում է եւ պետությանը եւ հասարակությանը։ Բոլորս պետք է ստորադասենք մեր անձնային, խմբակային շահերը անկախ այն բանից, որ դիրքում ենք գտնվում»։ 

Հանդիպման ընթացքում նախարարը մի քանի անգամ խոսեց «մենքերի եւ դուքերի» բաժանարար գծից, ինչը, Կատվալյանի բնորոշմամբ, իրենց մեծ ցավ է պատճառել։ Այն, որ նախարարը բաժանարար գծեր քաշելու սլաքները ուղղեց իրենց կողմը, Կատվալյանն ասաց․ «Մենք չէինք գնացել մենք ու դուք անելու կամ իբրեւ հակառակորդ, այլ գնացել էինք որպես առկա իրողությունների՝ երկրի, լեզվի, պետության համար մտահոգ մարդիկ ու ցավոք, երբ մտահոգություն ես հայտնում ու ասում ես, որ գոյություն ունի պետություն, հասարակություն, ազգ եւ պետք է մտածել այդ ամենի մասին, քեզ մեղադրում են պաթետիկ արտահայտությունների մեջ, ասում են ավելորդ արժեքների մասին եք խոսում, հին եք, բայց մենք չէինք գնացել հակադրվելու, այլ մեր մտահոգությունները հայտնելու եւ քննարկում կազմակերպելու, որպեսզի գործը առաջ գնար»։ 

Ինչ վերաբերում է նրան, թե նախարարը որքանո՞վ էր բաց քննարկումների համար, թե սա հանդիպում էր հնչեցնելու միայն իր տեսակետները, Կատվալյանն ասաց․ «Ամեն դեպքում այդ հանդիպումից հետո մենք ավելի լավատես չդարձանք, քան կայինք ու դա ասում եմ ցավով»։

Նախարարի կողմից արված այն դիտարկումը, որ «ձեր գործընկերներին համոզեք, որ անցնեն հայոց լեզու եւ պատմություն եւ մի եկեք նախարարին ասեք», արդյոք նշանակո՞ւմ է, որ նախարարության որոշումն անբեկանելի է․ «Ցավոք սրտի՝ այո, վերջում ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ, որ մենք էլ նորից մեր դիտարկումներն անեինք, բայց ես ուզում էի ասել՝ իսկ պետությունն ո՞ւր մնաց, ինչո՞ւ պետք է մենք մեր լեզվի համար սրան- նրան համոզենք, ինչո՞ւ պետք է պետությունը տեր չկանգնի լեզվին եւ ասի՝ այսպես է ու վերջ։ Հարցեր կա, որոնց դեպքում պետությունը պետք է գործադրի պարտադրանք։ Ինչո՞ւ պետք է մարդիկ իրենց ցանկությամբ եւ կամքով որոշեն մեկ ուրիշ խմբի անելիքները։ Դարձյալ գնում է անձնական շահերի ոլորտ, բայց սա այն հարցը չէ, որ գցենք անձնական շահերի ոլորտ եւ սկսենք իրար համոզել, սա ազգային, պետական հարց է եւ պետք է պետությունը լուծի»։