Ճանաչման գործընթացը տեղափոխել իրավական դաշտ 

Ճանաչման գործընթացը տեղափոխել իրավական դաշտ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլքսանչորսյան իր ուղերձում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Ռոնալդ Ռեյգանից հետո դառնալով ամերիկյան երկրորդ նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց հայերի ցեղասպանությունը։ 

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ կտա ԱՄՆ-ի ճանաչումը մեզ։ «Նախ, Ջո Բայդենը վաղուց այս խնդրով զբաղված էր եւ թե՛ որպես սենատոր, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ խոստումներ էր տվել հայ համայնքին ու, ըստ երեւույթին, անկեղծ ցանկություն ուներ դառնալ քաղաքական այն գործիչներից մեկը, որն այս խնդրում հաստատակամություն ու ազնվություն հանդես կբերեր։ Իհարկե, կա նաեւ քաղաքական կողմը՝ Ջո Բայդենը մեր տարածաշրջանում իր ազդեցությունը վերհաստատելու մոտեցմամբ է առանձնանում, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, որն այս տարածաշրջանով առանձնապես չէր հետաքրքրվում, եւ, բնականաբար, դա հայերին արված քաղաքական ժեստ էր, որը տվեց նաեւ որոշակի արդյունքներ՝ շահելով հայ հասարակության մի զգալի մասի համակրանքը»։ 

Այս հայտարարությամբ ԱՄՆ նախագահն ուզում էր միայն հայ հասարակության համակրա՞նքը շահել, հնարավո՞ր է դրանով Բայդենը նոր լարվածություն մտցրեց այս տարածաշրջանում՝ անվտանգային առումով նոր ռիսկերի առաջ կանգնեցնելով հայ ժողովրդին։ «Չեմ կարող ասել, ցեղասպանության ճանաչումն ուղղակիորեն կապել հայկական տարածքները Թուրքիային կամ Ադրբեջանին բռնակցելու հեռանկարի հետ, դժվար է պատկերացնել։ Եվ վերջապես, եթե թուրք-ադրբեջանական այս տանդեմը տարածաշրջանում, Աստված մի արասցե, էլ ավելի ուժեղանա, դա ի՞նչ է տալու Արեւմուտքին, էլ ավելի ցինիկ եւ լկտի է դառնալու Թուրքիան ԱՄՆ-ի նկատմամբ, լինելով նրա դաշնակիցը, ով դաշնակից լինելու պարագայում անգամ անընդհատ ուզում է ընդգծել իր տեղն ու դերը, մի բան, որ, բնականաբար, դուր չի գալիս ԱՄՆ-ին։ Դրա համար չեմ կարծում, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետագա հզորացումը մեր հաշվին ձեռնտու է Ամերիկային»,-ընդգծում է Մելքոնյանը։

Սա միայն քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ հիմք է նաեւ իրավական գործընթաց սկսելու եւ փոխհատուցում պահանջելու համար։ «Այս փուլում, բնականաբար՝ ոչ, բայց մենք այս ճանաչումը պետք է անպայմանորեն օգտագործենք մեր ազգային իդեալները կյանքի կոչելու համար, որը, ինչպես հայտնի է, հատուցման հանգամանքն է, ցեղասպանության հետեւանքների վերացումը։ Պետք է փորձենք տարբեր երկրներում ցեղասպանության ճանաչումը հասցնել իրավական ամենաբարձր մակարդակի, որը օրենքի ընդունումն է։ Իսկ ճանաչման 3 մակարդակ կա՝ մեկը զուտ հայտարարությունն է, 2-րդը՝ ուղղակի բանաձեւի ընդունումը եւ 3-րդն արդեն օրենքն է, որի չկատարումն իր հետ կարող է բերել նաեւ իրավական հետեւանքներ։ Այ, եթե մենք հասնենք նրան, որ Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի օրինակով՝ ցեղասպանության ժխտողականության պարագայում դրան հետեւի նաեւ քրեական պատասխանատվությունը, սա արդեն կլինի շատ ավելի լուրջ հաղթանակ»։     

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող հիմք հանդիսանալ իրավական գործընթացների համար, բայց, ընդհանուր առմամբ, կարող է դրան նպաստել, քանի որ ԱՄՆ-ի հեղինակությունը մեծ է․ «Պետք է օգտագործել այս հնարավորությունն այն առումով, որ սկսենք ավելի լուրջ աշխատանքներ տանել ճանաչման գործընթացն իրավական դաշտ տեղափոխելու համար՝ հատուցման խնդիրը մեր առջեւ դնելով, բայց դա այնպիսի խնդիր է, որը Հայաստանի Հանրապետությունը միայնակ չի կարող լուծել։ Պետք է նա կարողանա համախմբել ու կոորդինացնել ամբողջ հայության ինտելեկտուալ ներուժը՝ տարբեր բնագավառներից, հայկական համայնքներից։ Պետք է Հայաստանում մի կենտրոն ստեղծվի այդ ուղղությամբ, որը լուրջ աշխատի ու գնա առաջ։ Իհարկե, սա բարդ խնդիր է եւ միանգամից չի լուծվի, բայց պետք է համառորեն եւ նպատակասլաց աշխատել ու քայլ առ քայլ գնալ առաջ։ Իսկ ի՞նչ եմ ես սպասում․ ես կարծում եմ՝ ԱՄՆ-ի հեղինակությունն այնքան բարձր է աշխարհում, որ չի բացառվում՝ մի քանի պետություն եւս հետեւեն Ամերիկայի օրինակին եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Սպասենք»։

Այս ճանաչումը կարո՞ղ է հանգեցնել Թուրքիայի կողմից ավելի ագրեսիվ քաղաքականության՝ ուղղված ՀՀ սահմաններին, քանի որ հասարակության լայն շրջանակների մոտ մտահոգություն կա, որ այս ճանաչման դիմաց Հայաստանից մի բան կվերցնեն։ «Թուրքիան անցած տարվանից Հայաստանի նկատմամբ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն, դա ակնհայտ էր թե՛ արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետպատերազմյան շրջանում։ Այնպես որ, Թուրքիայի թշնամանքն արդեն ուժեղ է, էլ դրանից ավել չեմ պատկերացնում։ Իսկ Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի մասով պետք է միշտ պատրաստ լինել, որովհետեւ թուրքերի կողմից պետք է պատրաստ լինել ամենանենգ քայլերի»,-ընդգծում է Սաֆրաստյանն ու հավելում, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել բարոյական հաղթանակ, կարելի է՝ ելնելով մի քանի ասպեկտից․

«Առաջինը՝ պատմական ճշմարտությունը․ այն, որ Ամերիկան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը նախագահի մակարդակով, ըստ էության, ավարտում է այս գործընթացը։ Եվ սա առաջին հերթին բարոյական հաղթանակ է հենց ամերիկացիների համար, որովհետեւ այդ ծանրագույն հանցագործությունը մարդկության դեմ Ամերիկայի պես երկիրը չէր անվանում ցեղասպանություն։ Սա իրենց խայտառակությունն էր, որից հիմա ազատվում են։ Այս տեսանկյունից պետք է նայել։ 2-րդ․ այստեղ կարեւոր են աշխարհաքաղաքական գործընթացները, որ ազդեցին Բայդենի որոշման վրա, Թուրքիայի դերն է նվազում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, հետո՝ հարաբերություններն են սրված Թուրքիայի հետ։ Եվ 3-րդ․ իհարկե, հայկական լոբբինգի գործունեությունը, որ տասնամյակներ շարունակ նպատակասլաց աշխատում էր այդ ուղղությամբ։ Այնպես որ, այս բոլոր գործոններն իրենց ազդեցությունն ունեցան, որ ԱՄՆ-ն ի վերջո ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։