Դատախազությունը մերժել է Խաժակյանի բողոքը․ հայտնի դեպքով քրգործ չի հարուցվի

Դատախազությունը մերժել է Խաժակյանի բողոքը․ հայտնի դեպքով քրգործ չի հարուցվի

Գլխավոր դատախազությունը մերժել է Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բողոքը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին դատախազությունից։ 

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։ Ինչն էլ Խաժակյանն իր հերթին բողոքարկել էր դատախազություն։ Հաղորդումը, մասնավորապես, վերաբերում էր քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանի լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն։

«Լույս» խմբակցության ղեկավարը իրավապահներին հայտնել էր, թե քաղաքապետն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, իսկ նրա պարտականությունները կատարել է օրենքով չնախատեսված անձ։ Հղում անելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը ասել էր, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրան կարող է փոխարինել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, սակայն փոխարինել է մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչը նշանակում է՝ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։ Մեզ հետ զրույցում Խաժակյանն ներկայացնելով մերժման հիմքերը՝ նշեց․ «Շատ ծիծաղելի հիմքերով են մերժել։ Ասել են, որ երբ քաղաքապետն ու առաջին տեղակալը արձակուրդ գնան, ով ցանկանա կարող է փոխարինել քաղաքապետին, ընդ որում առանձ քաղաքապետի համաձայնության»։