Այդ ի՞նչ սահման է ուզում բացել Ռուբինյանը

Այդ ի՞նչ սահման է ուզում բացել Ռուբինյանը

Ռուբեն Ռուբինյանին պետք է զգուշացնել, որ Քըլըչի հետ նկարվելիս այնպես նկարվի, որ կադրում ռուս զինվորական չլինի: Ռուս զինվորականի ներկայությունը Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակ փաստում է մեկ բան՝ այս ամենը, որ կոչվում է հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցություններ, ընդամենը ֆարս է, աչքկապոցի, կամ, ավելի տգեղ ասած՝ քաղաքական մաստուրբացիա (ձեռնաշարժություն): Այո, այո, Քըլըչն ու Ռուբինյանը խայտառակում են իրենց երկրները, քանզի ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում այդ զույգը զուտ բուտաֆորիա է, իսկ առավելագույնը՝ կրկեսասեր հասարակությանը հերթական համարների միջև զբաղեցնող ծաղրածուների դուետ:

Հայ-թուրքական սահմանի բացման հարցը բավականին երկար նախապատմություն ունի: Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերից են փորձեր արվել կարգավորել երկու երկրների փոխհարաբերությունները: Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովներ, «գիշերային դիվանագիտություն», «ֆուտբոլային դիվանագիտություն»՝ ինչեր չենք տեսել: Բայց սահմանը ինչպես կար փակ, այդպես էլ փակ է մինչ օրս: Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը Նիկոլի չափ չկայի՞ն, որ մի տալում սահմանը բացեին ու դնեին մեր առաջ: Չստացվեց, չէ՞: Իսկ չստացվեց, որովհետև հայ-թուրքական սահմանը Հայաստանի և Թուրքիայի սահմանը չէ: Այն միշտ ավելի լուրջ քեռիներ են բացել ու փակել, իսկ Թուրքիան ու Հայաստանը եղել են նրանց ոտքերի տակ վազվզող այն «տղաները», որոնց ստորագրությունը պետք է դրվեր հնարավոր փաստաթղթի տակ, եթե մեծերը գային համաձայնության:

Կա՞ այսօր համաձայնություն հայ-թուրքական սահմանը բացելու շուրջ՝ չենք կարող միանշանակ ասել՝ այո կամ ոչ: ՀՀ ԱԳՆ հայտարարություններն այնքան խրոխտ են, որ թվում է՝ վաղն այն կբացվի: ԱՄՆ-ը ողջունում է այս ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի գործադրած ջանքերը: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա մի այնպիսի ջանասիրությամբ է կատարում Ալիևի պահանջները, որ Թուրքիան մոռանա հայ-ադրբեջանական հակամարտության հարցով իր բոլոր նախապայմաններն ու տուտ ժե սահմանը բացի: Բայց մյուս կողմից էլ ռուս զինվորականն է հայտնվում Ռուբինյան-Քըլըչ լուսանկարում և «փչացնում» ամեն ինչ: ԱՄՆ պետդեպը երկու օր առաջ երդում էր ուտում, որ իրենք ամեն ինչ անում են ռուսներին Հարավային Կովկասից և հատկապես Հայաստանից դուրս քշելու համար: Մենք դրա համար հարթակ են ստեղծել Հայաստանում՝ ասել էր պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը: Այսինքն ի՞նչ է ստացվում: Եթե մենք ի գիտություն ընդունենք Օ'Բրայենի այդ խոսքերը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական «մերձեցումը», ապա կարելի է համոզված ասել, որ ԱՄՆ-ին հայ-թուրքական բաց սահմանը պետք է ռուսներին այստեղից քշելու նպատակով: ԱՄՆ-ի համար կարևոր չէ, թե ով և որքան կօգտվի դրանից, ով և որքան կտուժի դրանից: Ռուսներին հեռացնել Հայաստանից՝ սա է այդ երկրի գերնպատակը: Ոչինչ, որ Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում չստացվեց դա անել: Մի հատ էլ Հայաստանում չփորձե՞ն, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ հերն էլ անիծած: Ինչպես Վրաստանում և Ուկրաինայում:

Ռուսներն էլ, հասկանում ես, քնած չեն: Ճիշտ է, նրանք կողմ են ճանապարհների ապաշրջափակմանը, բայց նաև խիստ դեմ են ՆԱՏՕ-ի (Թուրքիայի) սահմաններն առաջ տալուն: Սա էր խորհրդանշում 102-րդ ռազմաբազայի զինծառայողի (ենթադրում եմ բարձրաստիճան) ներկայությունը Ռուբինյան-Քըլըչ լուսանկարում: Վստահ եմ, որ Քըլըչը, որպես բազմափորձ բանակցող, դա հասկացավ իսկույն: Իսկ հասկացա՞ն, արդյոք, Ռուբինյանն ու Նիկոլը, որոնց համար մեծ քաղաքականությունը, մեղմ ասած, հրաշքների աշխարհ է միայն, հասկացա՞ն գոնե, որ խոսքը ոչ թե հայ-թուրքական, այլ Ռուսաստան-ՆԱՏՕ սահմանի մասին է, սահման, որը գծվել է ռուսական զենքով և խախտվել կարող է ռուսական զենքն այնտեղից հեռացնելու դեպքում: Այսինքն՝ պատերազմով, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում:

Հ.Գ. Նաև այսպիսի մի նկատառում: Թե որտեղով կանցնի հայ-ադրբեջանական սահմանը, ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն չունի: Եվ պատահական չէ, որ թե ԱՄՆ-ը և թե Ռուսաստանը մինչ այս պահը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնություն: Դա կարող է տևել այնքան, քանի դեռ Ադրբեջանը ցամաքային սահման չի ունենա Նախիջևանի հետ: Իսկ հենց բանը հասնի դրան, կրկին կհայտնվի ռուս զինծառայողը, այս անգամ արդեն Մհեր Գրիգորյանի կողքին: