Բողոքի ցույցեր՝ «հարեւանի տանը»․ ինչպես եղավ դա

Բողոքի ցույցեր՝ «հարեւանի տանը»․ ինչպես եղավ դա

Ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբերի 16-ին Իրանում սկսվեցին բողոքի ակցիաներ այն բանից հետո, երբ այնտեղ ոստիկանական բռնության հետեւանքով հիվանդանոցում զոհվեց 22-ամյա Մահսա Ամինին։ Այս դեպքը բավարար էր, որպեսզի վերստին օրակարգում քննարկվեր Իրանում մարդու եւ հատկապես՝ կանանց իրավունքների ցավոտ հարցը։ Արդեն մի քանի ամիս է բողոքի ակցիաները շարունակվում են։ Իշխանությունն այս ամենի հետ կապված ունի իր «ճշմարտությունը», հասարակությունն՝ իրենը, Արեւմուտքը՝ իրենը։ Թե ինչով կավարտվի այս պրոցեսը, դժվար է ասել։ Արդյոք հնարավոր կլինի՞ բողոքի գործողությունները հանգեցնել Իրանում արմատական քաղաքական փոփոխությունների /կամ իշխանափոխության/ դժվար է ասել։ Սակայն պարզ է, որ այս ամենը բավականին լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ ողջ ռեգիոնի, այդ թվում նաեւ՝ մեզ համար։
 
Եթե իրավիճակին նայենք կողքից, ապա պետք է արձանագրենք, որ իրականում բողոքի ակցիաները «չեղած տեղից» չեն սկսվել։ Ի վերջո, անհերքելի փաստ է այն, որ Մահսա Ամինին ձերբակալվել է հիջաբի ոչ ճիշտ կրման համար, նա մահացել է ձերբակալված վիճակում՝ ոստիկանական բռնության հետեւանքով եւ նա կին է։ Եւ ամենից կարեւորը՝ անհերքելի է այն, որ մարդու իրավունքները եւ հատկապես կանանց իրավունքները Իրանում բավականին հեռու են իդեալական լինելուց։ Եւ պատահական չէ, որ առաջին բողոքի գործողություններից սկսած, որոնք սկսվեցին Քուրդիստանում եւ մայրաքաղաք Թեհրանում, հիմնականում հենց մարդու իրավունքների, սոցիալական ազատությունների վերաբերյալ էին, ինչպես նաեւ՝ իշխող վարչակարգի դեմ էին։ 

Այսօր արդեն, երբ բողոքի ցույցերի ժամանակ զոհ գնացածների թիվը չափվում է մի քանի հարյուրով եւ իշխանությունները փորձում են փոխզիջումների գնալ, օրինակ խոստանալով, որ հնարավոր է վերանայեն իսլամական կրոնա-սոցիալական վարքականոնի որոշ դրույթներ, հասկանալի է դառնում, որ նաեւ իշխանություններն են սկսել, որ 40-50 տարի առաջ սահմանված վարքականոնը այսօրվա իրանցի երիտասարդի համար այլեւս դժվար ընկալելի է եւ պետք են բարեփոխումներ այն տրամաբանությամբ, որ պետք է հրաժարվել ինչ որ բանից, թեկուզ եւ կոսմետիկ, ամբողջը չկորցնելու համար։ 

Ի դեպ, նկատենք, որ Իրանում բոլոր բողոքի ակցիաներում հիմնական շարժիչ ուժը եղել եւ շարունակում են մնալ երիտասարդները, որոնք ավանդաբար նորի, թարմի ու արդիականի կրողներն են։