Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր

Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր

Ցուցարարները Բեյրութում գրոհել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակը սկսել է լրացուցիչ ուժեր մտցնել Բեյրութի կենտրոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հավաքների մասնակիցները ներխուժել են նաև Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարության շենքեր:

Գործակալության` տեղում աշխատող թղթակիցը նշել է, որ բանակային շարասյուները ժամանում են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոն, ինչպես նաև հարակից շրջաններ: Զինծառայողներին հաջողվել է ազատ արձակել երկրի Արտաքին գործերի նախարարության շենքը՝ ընդ որում դիմադրության չհանդիպելով։

Բացի այդ, ինչպես հաղորդել Է Al-Jadeed-ը, ցուցարարները գրոհել են Լիբանանի բանկերի ասոցիացիայի շենքը: ԶԼՄ-ները հայտնել են, որ այնտեղ հրդեհ է բռնկվել։

Բողոքի ակցիաներին, մասնակցում են հազարավոր մարդիկ, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները ոստիկանների վրա են գցում ճայթուկներ, քարեր, ինչին ի պատասխան նրանց վրա շպրտվում են արցունքաբեր գազով նռնակներ։

Վերջին տվյալներով, Բեյրութում տեղի ունեցած բախումների արդյունքում ավելի քան 230 հոգի ստացել են վնասվածքներ, նրանցից ոմանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զանգվածային անկարգությունների հետևանքով մահացել է Անվտանգության ուժերի մեկ աշխատակից։

Երկրի վարչապետ Հասան Դիաբը, ելույթ էր ունեցել և տեղի բնակիչներին հայտնել, որ նախարարների խորհրդի հաջորդ նիստի ժամանակ կքննարկեն խորհրդարանական ընտրությունները վաղաժամ անցկացնելու մասին նախագիծը։

Անկարգությունները սկիզբ են առել Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից հետո։ Պայթյունը որոտացել է նավահանգստում. բռնկվել է 2750 տոննա ամոնիումի նիտրատով բեռնված պահեստ։ Մահացել է ավելի քան 150, վիրավորվել 5 հազար մարդ։