Աստծո սիրուն, մի րոպե` առանց հիստերիայի

Աստծո սիրուն, մի րոպե` առանց հիստերիայի

Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անտանելի են: Եվ անտանելի են դարձել ոչ թե հիմա, երկամյա անհաջողությունների ու տապալումների արդյունքում, այլ ի սկզբանե` իշխանության գալու եղանակով, իրենց հեղափոխական էությամբ, դա թմբկահարելով եւ խոստովանելով: Արեւելյան, կարծեմ՝ չինական մի ասացվածք կա, որն ամեն «հեղափոխություն» բառը հոլովող ճիշտ կանի` անգիր իմանա: Ասացվածքը սովորեցնում է, որ անիծված են նրանք, ովքեր հեղափոխության ժամանակներում են ապրում, եւ անիծյալ են նրանք, ովքեր հեղափոխություններ են անում: 

Հեղափոխականները միշտ են եղել անիծյալ` Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջամարտիկներից, որոնց գլուխները թռան կառափնարաններում, մինչեւ ռուսական գուլագներում մահկանացուն կնքած բոլշեւիկներ, հեռակա մահվան դատապարտված երիտթուրքերից մինչեւ մեր օրերը բանտերում զոհված «Մուսուլման եղբայրներ», երկրից երկիր դեգերող ու հեղափոխական ճառեր արտասանող Սահակաշվիլուց մինչեւ ով կուզեք: Ժամանակը պիտի ցույց տա՝ արդյոք տարբեր կլինե՞ն հեղափոխությամբ իշխանության եկած եւ այն սվիններով պահող չինական կոմկուսի եւ իրանական այաթոլաների ճակատագրերը… Ինչեւէ, էականն այն է, որ փաշինյանական հեղափոխության ճակատագիրն ընդհանուր դրվածքից չի շեղվում եւ սահուն մերժման ու անեծքների փուլ է մտել: 

Իհարկե, յուրաքանչյուր ազնիվ մարդ գիտակցում է, որ որքան էլ անիծված լինեն հեղափոխականները, որքան էլ մերժման ու պատժի արժանի լինեն նրանց արժեքները, էությունն ու մեթոդները, հեղափոխականներն ու հեղափոխությունները դատարկության մեջ չեն հասունանում:  Դժվար է ասել՝ եթե չլիներ հինգ դար ռուսական գահից կառչած Ռոմանովների միահեծան իշխանությունը, արդյոք ասպարեզ կգայի՞ն անիծյալ բոլշեւիկները, եթե Օսմանյան Բարձր դուռն ու սուլթանները հասարակություն ղեկավարել կարողանային, արդյոք հաջողություն կունենայի՞ն երիտթուրքերը, եթե 20 տարի շարունակ ընտրություններ կեղծելով ու իշխանության ղեկին վերարտադրվելով Հայաստանում բոլորին մինչեւ կոկորդը զզվեցրած չլինեին ՀՀԿ-ն ու ղարաբաղյան կլանը, արդյոք մարդիկ առանց երկար-բարակ մտածելու եւ իրենց հաշիվ տալու կգնայի՞ն Փաշինյանի կարգի անհավասարակշիռ, անպատասխանատու ու կառավարելու անկարող մեկի ետեւից: 

Այլ հանգամանքներում դժվար թե մի «երկու ավտոբուս» ՔՊ-ականներից բացի Փաշինյանի ետեւից առանձնապես գնացող լիներ, բայց ՀՀԿ-ի հանդեպ տարիներով գեներացած ատելությունն ու խորշանքն այնքան զորեղ էին, որ տասնյակ հազարավոր մարդիկ, ընդսմին՝ ոչ միայն հասարակության հատակից սերած հեղափոխականներ, այլեւ միանգամայն կիրթ, բարեկեցիկ, հաջողակ մարդիկ, առանց երկար մտածելու, Փաշինյանի հանդեպ համակրանք ցուցաբերեցին, միայն թե ՀՀԿ-ի իշխանությունից ու ներկայությունից ազատվեին:

Այնպես որ, դժվար է ասել, թե ովքեր են այսօր երկրում ստեղծված տապալումների ու ձախողումների առաջնային պատասխանատուները. Փաշինյա՞նը` իր անձեռնհաս կադրերով ու կառավարմամբ, թե՞ ՀՀԿ-ն ու ղարաբաղյան կլանը` իրենց գոյացրած քաղաքական, տնտեսական, բարոյական ճահճով։ Եվ համոզված եմ՝ մարդիկ կգնային ցանկացածի ետեւից, միայն թե ՀՀԿ-ից ու ղարաբաղյան կլանից ազատվեին: 

Այս նախաբանը նրա համար էր, որ ե՛ւ երիտհանրապետական աբիժնիկ խաժամուժը, ե՛ւ Փաշինյանի ոչ ադեկվատ, տկարամիտ ու շառլատան կադրերը մարդկանց գլուխները չցավեցնեն եւ չահաբեկեն կորոնավիրուսի թեմայով իրենց կիսագրագետ փոխհարձակումներով կամ սեփական վախերը հաղթահարելու ճիչ-մենախոսություններով: 

Լավ, հասկացանք՝ Հայաստանում կորոնավիրուսով օրական վարակվողների թիվն աճում է կրկնակի, եռակի մեծ չափերով, քան անգամ համավարակի օջախ երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանը կամ ժամանակին՝ Բելգիան, Իսպանիան, Իտալիան եւ այլն: Բայց դա չի նշանակում հումանիտար աղետ, ինչպես իշխանության ընդդիմախոսներն են այն կնքել: Ինչո՞ւ… Շատ պարզ պատճառով. որովհետեւ այս համաճարակի վտանգավորությունը ոչ թե վարակի տարածման տեմպը կամ վարակվողների քանակն է, այլ մահերի՝ վրա հասնելու արագությունը եւ մահացողների քանակը: Համաճարակի բոլոր օջախներում` ԱՄՆ լինի, թե Իտալիա ու Իսպանիա, համաճարակի վերընթացից մինչեւ պիկը եւ անկման որոշ շրջանում արձանագրվում էր 25-35% մահացություն: Ավարտված դեպքերի համաշխարհային վիճակագրության մեջ (closed cases) ներկա պահին առողջացածների եւ մահացածների հարաբերակցությունը համապատասխանաբար 89% եւ 11%  է: Դա հրաշալի արդյունք է ընդամենը մեկ ամիս առաջ տիրող պատկերի համեմատ, երբ մահացությունը միջազգային վիճակագրությամբ կազմում էր 22%, իսկ Իսպանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում օրեր շարունակ 25, 30, 35% էր կազմում: Այ, դա էր աղետը:

Հայաստանում, բարեբախտաբար, մի շարք հանգամանքների հանրագումարում հնարավոր է արեւը, դրա շնորհիվ օրգանիզմում D վիտամինի բավարար առկայությունը, հնարավոր է դրան գումարվող ազգային գենետիկայի տարրերը, հնարավոր է դրան էլ գումարվող Bacillus Calmette-Guein (BCG) կոչվող պատվաստանյութով մի քանի սերունդների համատարած պատվաստված լինելու հանգամանքը, դրան էլ գումարվող բնական սնունդը, գուցե նաեւ այլ գումարելիներ՝ վերջնահաշվում Հայաստանի մահացությունների թիվը վարակվածների ընդհանուր թվի 2%-ի, իսկ առողջացածների եւ մահացածների տոկոսային համադրության դեպքում` 5-6%-ի սահմաններում է: 
Այսինքն, փառք Բարձրյալին, չնայած իշխանության գրեթե բացակա վիճակին, երբ բթամտությունից, անճարակությունից ու անկարողությունից բացի ուրիշ ոչ մի որակ չեն դրսեւորում, միեւնույն է, անհատական իմունիտետը Հայաստանի վարակակիրների 95%-ին պաշտպանում է մահերից: Իրականում, գուցեեւ ավելի մեծ թվով մարդկանց է անհատական իմունիտետը պահպանում, քանի որ կան նաեւ ասիմպտոմատիկ վարակակիրներ, որոնք ո՛չ թեստավորվում են, ո՛չ էլ հաճախ անգամ իրենց հիվանդության մասին կասկածում: Սա ցայտնոտի մեջ չընկնելու հուսալի պատվար է, հետեւաբար, անձնական վախերից կամ քաղաքական ճղճիմ հաշվարկներից ելնելով՝ պետք չէ վախեցնել մարդկանց: 

Այլ հարց, որ առանց հիստերիայի մեջ ընկնելու, սթափ բանականությամբ հասկանալի է, որ եթե Արեւմտյան Եվրոպայի երկրներում մեկ միլիոն բնակչի հաշվով 4 հազար ICU մահճակալի (մեր վերակենդանացման բաժանմունքի մահճակալի անալոգը) առկայությունը համարվում է ոչ բավարար, ապա այդ ոչ բավարար 12 հազար մահճակալը Հայաստանում պետք է ապահովվի երեք միլիոն բնակչի համար: Ամեն դեպքում՝ գոնե մի քանի հազար մահճակալի կարիք կա, եւ մեր ունեցած մի քանի հարյուրը բոլորովին բավարար չէ։ Եթե կարող է, թող դա անի կառավարությունը: Թող Փաշինյանն օրական մարդկանց ականջներից լապշա կախելու փոխարեն Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի նման ամեն օր հաշվետվություն ներկայացնի, թե երկրին քանի ICU մահճակալ է հարկավոր, ինքը քանիսը ներմուծեց, կահավորեց կամ ապահովեց: Եթե Փաշինյանը կարողանում է, թող այդ խիստ անհրաժեշտ հազարավոր մահճակալներն ապահովի եւ հաշվետու լինի, չի կարողանում` թող գնա գրողի ծոցը: 

Երկրում նախագահ գոյություն ունի՝ իր անիմաստ շրջագայությունների վրա տարեկան չգիտես քանի միլիոն դոլար ծախսող Արմեն Սարգսյանը, թող նա մահճակալների ապահովման խնդրով զբաղվի` որ երկրին ուզում է դիմի, ումից հնարավոր է` գնի, ումից կարող է` նվիրատվություն բերի: Ինչո՞ւ չի անում:  

Եթե նախագահի պաշտոնը զբաղեցնողն էլ է անգործունակ, թող նախկին նախագահներից մեկը` Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը հիմնադրամ ստեղծեն, արտերկրի հետ իրենց անձնական կապերը, ծանոթությունները, սփյուռքի միջոցներն օգտագործեն, հանգանակություններ անեն, նվիրատվությունների շուրջ բանակցեն՝ Հայաստանին հարկավոր 12 հազար ICU մահճակալն ապահովելու համար: 

Այդ ինչպե՞ս է, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, նախկին ԱԳ քարտուղար Միլիբենդը հիմնադրամներ կստեղծեն, հազարավոր մահճակալներ, թեստեր եւ այլն կհասցնեն աֆրիկյան երկրներ, մեր նախկին նախագահները չե՞ն կարող նույնն անել Հայաստանի համար: Չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանը, նույնիսկ Սերժ Սարգսյանն իրենց թույլ կտան այնպիսի փոքրոգություն, որ Հայաստանի ժողովրդի համար ինչ-որ բան անեն միայն այն ժամանակ, երբ անձամբ իշխանության ղեկին են եւ պատրաստ չլինեն կարողացածն անելու, երբ իշխանությանից հեռացած են: Պետք է ուղղակի իրենք իրենց հավատան եւ փորձեն: Գորդոն Բրաունն իրենցից ավելին չէ: 

ՀԳ. Եվ վերջինը՝ այն, ինչի վրա արժե մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի ուշադրությունը հրավիրել: Հրաշալի է, որ մարդիկ դիմակ են կրում, բայց այդ դիմակը մարդուն կորոնավիրուսով վարակվելուց չի պաշտպանում: Լավագույն դեպքում՝ այն դիմացի անձին է պաշտպանում ձեզնից վարակվելուց: Մինչդեռ, ինչպես Քրիստոսն է ասում, նախ ձեր ծառը ջրեք, այլ կերպ ասած` նախ անձամբ ձեզ պաշտպանեք վարակվելուց: Երեկ միայն դրսում հետեւեցի ու հաշվեցի, որ մարդկանց մոտ կեսը դիմակ կրում էր, բայց ձեռնոց` ոչ: Մինչդեռ ձեռնոցը դիմակից կարեւոր է անձամբ վարակից պաշտպանվելու առումով: Մարդիկ առանց ձեռնոցի տրանսպորտ են նստում, իջնում, բռնում… պարզ չէ՞, որ դա վարակի աղբյուր է: Թափանցիկ ցելոֆանե ձեռնոցների 100 հատն ընդամենը 1-2 դիմակի գին արժե՝ գնեք: Ձեզնից կախված մի քայլ ավել արած կլինեք սեփական առողջությունը պաշտպանելու համար: