Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է՝ «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․փաստաբան
Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։
Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։
Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»։
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնց թվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ․Ս․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս․ Ղ․-ի ու Գ․ Պ․-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։
Մասնավորապես, Դ․ Ս․-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ․ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ․-ին ու Գ.Պ․-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Ս․Բ․-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս․Ղ․-ին և Գ․Պ․-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։
Ս․Ղ․-ն և Գ․Պ․-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դ.Ս․-ն, Ս.Ղ․-ն և Գ.Պ․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ․Ս․-ի, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս․Բ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,
Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:
Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, տնային կալանք էր կիրառվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ։
Կարծիքներ