Նոր պաշտոն Ավինյանի խորհրդականի համար

Նոր պաշտոն Ավինյանի խորհրդականի համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական Գեորգի Մուրադյանը նոր պաշտոն է ստացել։  Մեր տեղեկություններով, նա մասնակցել էր ԱԳՆ-ի կողմից հայտարարված մրցույթին՝ դիվանագիտական ծառայության անցնելու համար։ ԱԳՆ-ից հաստատեցին մեր գրությունը, պարզվում է Մուրադյանը հաղթել է  Պետական արարողակարգի ծառայություն գործակալության խորհրդականի պաշտոնի համար հայտարարված մրցույթը․

«ՀՀ ԱԳ նախարարության կողմից 2018թ. դեկտեմբերին հայտարարվել է դիվանագիտական ծառայության թվով 18 թափուր պաշտոնների համալրման համար մրցույթ:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծվել է մրցութային - ատեստավորող հանձնաժողով, որը 2019թ. հունվարի 16-ին անց է կացրել մրցույթի առաջին, և փետրվարի 7-ին` երկրորդ փուլերը:

Վերոնշյալ թափուր պաշտոնների համալրման համար դիմել են ՀՀ 53 քաղաքացի, ովքեր սահմանված կարգով ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի Հ-2616-Ն հրամանով հաստատված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու կարգով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Օրենքով սահմանված կարգով, մրցույթի վերջնական արդյունքների բողոքարկման ոչ մի դիմում չի ներկայացվել:

ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորման հանձնաժողովն իր առջև խնդիր է ունեցել թափուր հաստիքները համալրել պրոֆեսիոնալ կադրերով և ապահովել է մրցույթի օբյեկտիվությունը, անաչառությունն ու թափանցիկությունը:

Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ դիվանագիտական ծառայության համալրման համար՝ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն գործակալության խորհրդականի թափուր պաշտոնի համար ՀՀ ԱԳՆ կողմից հայտարարված արտաքին մրցույթին մասնակցած և մրցույթի արդյունքներով հիշյալ պաշտոնը զբաղեցրած Գեորգի Մուրադյանն արարողակարգի և պետական կառավարման ոլորտում ունի երկարամյա փորձ և լիովին համապատասխանում է արտաքին մրցույթով տվյալ պաշտոնի համար ներկայացված բոլոր պահանջներին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։