Թավշյա թվաբանություն. 4-2=անկապություն

Թավշյա թվաբանություն. 4-2=անկապություն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Գասպարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն: Արմեն Գասպարյանը 25 տարվա ստաժով ոստիկան է, մինչ այս նշանակումը ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետն էր:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը երեք տեղակալ ունի, որոնցից երկուսն են փրկարար՝ 17 (Տիգրան Պետրոսյան) եւ 27 (Հովհաննես Եմիշյան) տարվա ստաժով:  Երրորդ տեղակալը՝ Կարապետ Մանուկյանը, 13 տարվա ստաժով ոստիկան է, փրկարար ծառայությունում պաշտոն է ստացել թավշյաներից ու տիեզերական արագությամբ կարիերա արել. 2019 թվականին փետրվարին նշանակվել է փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման բաժնի պետ, նույն տարվա հուլիսին՝ ընդամենը չորս ամիս անց, դարձել է ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ, իսկ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Ինչպես եւ նորանշանակ Արմեն Գասպարյանը, նրա տեղակալ Կարապետ Մանուկյանն էլ բան չի հասկանում փրկարարությունից: Ոստիկան է: Ստացվում է փրկարար ծառայության տնօրեն+3 տեղակալ՝ չորս ղեկավարից կեսը տեղյակ չեն իրենց վստահված ոլորտից: Ու սա թավշյա նշանակումների արդյունքում: Այլ խոսքով, Կարապետ Մանուկյանի նշանակմամբ փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունը նվազել է 25 տոկոսով, իսկ Արմեն Գասպարյանի նշանակմամբ եւս 25 տոկոսով, արդյունքում վերջին երկու տարում՝ 50 տոկոսով:

Սա առնվազն տրամաբանական չէ: Եվ հետո, ինչու 25 տարվա ստաժով ոստիկանին հեռացնել ոստիկանությունից, այն դեպքում, երբ ոստիկանության ղեկավար Վահե Ղազարյանը ոստիկանի 18 տարվա ստաժ ունի, նրա 5 տեղակալից Վարդան Մովսիսյանն 27, Արամ Հովհաննիսյանը՝ 31, Արա Ֆիդանյանը՝ 21 եւ Արթուր Մարտիրոսյանը՝ 21 տարվա ոստիկանի ստաժ ունեն: Ինչո՞ւ պետք է Վահե Ղազարյանը՝ 2019 թվականին՝ ոստիկանի 16 տարվա ստաժով, համակարգի ամենաբարձր պաշտոնը ստանա, իսկ 25 տարվա ոստիկանը հեռացվի համակարգից եւ նշանակվի մի գործի, որից բան չի հասկանում: Ինչո՞ւ Արմեն Գասպարյանի ոստիկանական ստաժը չօգտագործել հենց ոստիկանությունում, ինչո՞ւ նման անտրամաբանական նշանակումներով նվազեցնել փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունն ու ոստիկանությանը զրկել վաստակաշատ մասնագետից: Թավշյաները իշխանության գալով անտրամաբանական նշանակումներ արեցին բանակում եւ արդյունքում կորցրեցինք լուսավոր ջահելների ու երկրի ոչ փոքր մի մասը: Միթե՞ շուտով կորցնելու ենք ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը:

Սերոբ Մարության