Վարչապետը գնում է «Պյուռոսյան» հաղթանակի

Վարչապետը գնում է «Պյուռոսյան» հաղթանակի

Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ինքնավստահությունն իհարկե տարակուսելի է։ Տիրապետող է այն մտայնությունը, թե մեկ անգամ հաղթելու դեպքում անընդհատ կարելի է հաղթել։ Չհիմնավորված վստահությունն այնքան մեծ է, որ նույնիսկ քաղաքական տեխնոլոգիաներն ու մոտեցումներն են նույնը մնացել։ Այսինքն ոչ հռետորաբանությունն է փոխվել և ոչ էլ հանրության հետ փոխհարաբերվելու կերպը, քանի որ Փաշինյանն այն համոզմունքն ունի, որը մոտեցումն այդ պետք է մշտապես ընկալելի լինի քաղաքացիների համար։ 

Ինքնավստահության աղբյուրը հեղափոխական այն էմոցիոնալ տրամադրություններն են, որոնք մի ժամանակ եղել են։ Չգիտես ինչու վարչապետին թվում է, թե այդ համաժողովրդական հեղափոխականությունը մինչ օրս կառուցակազմիկ տեսք ունի, բայց այս հարցում նա վստահաբար սխալվում է։ Ճիշտ է, հեղափոխության հիշողությունը դեռևս թարմ է, բայց վստահաբար հանրային տրամադրություններն այլևս այն չեն, ինչ 2018 թ․-ի ապրիլին։ Մարդիկ փոխվել են և այդ փոփոխության հետ իմքայլականները ստիպված են առերեսվել «այո»-ի քարոզչության ժամանակ։ 

Ավելին, վարչապետն այս պարագայում այնքան նաիվ է, որ կարծում է, թե հանրությունը սիրում է իրեն և խորհրդանիշի իր կարգավիճակը կարող է մշտապես որպես հաղթաթուղթ ներկայացվել։ Իհարկե սա մտայնություն է, քանի որ հանրությունը երբեք չի սիրել Փաշինյանին, չի սիրում և չի էլ սիրելու։ Ընդհանրապես հանրային տրամադրությունները չափազանց անկայուն են ու իռացիոնալ։ Դրանք ակնթարթային բնույթ ունեն և ամեն պահ կարող են փոխվել։ Իսկ այս պարագայում մարդիկ ոչ թե Փաշինյանին էին սիրում, այլ պարզապես ատում էին Սերժ Սարգսյանին։ Այսինքն սերը լիցքավորվում էր ատելության հաշվին՝ ուղիղ հակադրության իմաստով։ Բայց ատելության թիրախն այլևս անցյալում է, այսինքն չկա մեկը որին կարելի է ատել և դրանից ելնելով կասկածի տակ է առնվում նաև այն հանրային սերը, որը կար վարչապետ Փաշինյանի նկատմամբ։ 

Փաստացի ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ կառավարող «էլիտայի» իրականության վերաբերյալ պատկերացումները խիստ տարբերվում են հանրային պատկերացումներից։ Եթե իշխանությունը օր օրի էլ ավելի է խրվում հեղափոխական կոնֆորմիզմի ճահճի մեջ, ապա հանրային միջավայրում հեղափոխականությունը աստիճանաբար անկում է ապրում և մարդիկ հեղափոխական փոփոխություններ են ակնկալում։ Այս անհամապատասխանությունը իհարկե լրջագույն մարտահրավեր է, որը ըստ պատշաճի չի ընկալվում և ինչ-որ մի օր անցանկալի հետևանքների է հանգեցնելու։ Պարզապես համակարգը չի կարող արդյունավետ աշխատել համանման խզման պարագայում, խզում, որն աստիճանաբար փոխակերպվում է խորը անդունդի։ 

Փաստացի Փաշինյանը իր համար չափազանց անբերանպաստ պայմաններում գնում է խոշորագույն նախընտրական կամպանիայի, առանց հասկանալու, որ դա 2018 թ․-ի խորհրդարանական կամպանիան չէ։ Հիմա նա արդեն 2 տարվա վարչապետ է և ամեն երրորդ քաղաքացին նրան հարցնելու է, թե ուր են փոփոխությունները, ինչո՞ւ են ուշանում։ Այլևս այդ մարդկանց հնարավոր չի լինելու կերակրել հեղափոխական դեմագոգիայով կամ էլ Սերժ Սարգսյանի հրեշավոր կերպարով, քանի որ մարդիկ իրականում այդքան էլ միամիտ չեն։ Նրանք արդեն երկրորդ անգամ ավանսով ձայն են տալու Փաշինյանին՝ հույս ունենալով, որ գոնե Հրայր Թովմասյանին հեռացնելուց հետո ինչ-որ համակարգային իրական փոփոխություններ կլինեն։ 

Իհարկե հեղափոխական թիմն այս նրբությունն էլ չի կարողանում ըստ պատշաճի գնահատել և տիրապետող է այն մտայնությունը, թե քաղաքացիները ևս մեկ անգամ վստահություն են հայտնելու հեղափոխությանը։ 

Իհարկե հավանականությունը չափազանց մեծ է, որ հանրաքվեում «այո»-ն հաղթելու է, կարելի է ասել, որ նույնիսկ չենք էլ կասկածում դրա հաղթանակին։ Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ դա «Պյուռոսյան» հաղթանակ է լինելու, այսինքն, վարչապետը մի կողմից հաղթելու է, իսկ մյուս կողմից էլ իր «բանակի» կեսը թողնելու ռազմադաշտում, քանի որ այլևս երբեք այդ նույն մեթոդաբանությամբ և մոտեցումներով չի կարող առերեսվել հանրության հետ։ Մարդիկ փոխվել են, իսկ Փաշինյանն էլ կրակում է իր վերջին հեղափոխական փամփուշտը, որը կարելի էր օգտագործել շատ ավելի կարևոր առիթով։