Ամենուր նույն վիճակն է

Ամենուր նույն վիճակն է

Ուսուցչուհին, որի հետ ստիպված էի մոտ մեկ ժամ շփվել, պարզվեց՝ հակված է զրուցելու եւ սեպտեմբերի 1-ի նախօրեին հասցրեց ինձ պատմել ուսուցչական կյանքի բոլոր մանրամասները, որոնք ուզում եմ առանց խմբագրելու ներկայացնել մեր ընթերցողին։ Նա եւ իրենց ուսուցչական ողջ կոլեկտիվն ապշած են կրթության նախարարության պահվածքից․ երեկ տնօրենը մանկխորհրդի նիստ է հրավիրել եւ ասել, որ իրենք պետք է որոշեն՝ ամենօրյա ռեժիմո՞վ դաս անել, թե՞ օրումեջ։ Ուսուցիչները ոչ մի կերպ չեն հասկացել՝ ինչպե՞ս կարող է կառավարող գերատեսչությունը՝ նախարարությունը, այդ կարեւոր հարցը թողնել կամայական լուծման, եւ ինչպե՞ս կարող են լինել դպրոցներ, որոնք աշխատեն ամենօրյա ռեժիմով, իսկ մյուսները՝ օրումեջ։ Ի վերջո, կա ծրագրային նյութ, որը պետք է հասցնենք փոխանցել աշակերտներին՝ զարմանում էր բնագիտական առարկաների ուսուցչուհին։

Պատմեց նաեւ, որ ամռանն իրենց պարտադրել են պատվաստվել քովիդի դեմ՝ մեկ այլընտրանք թողնելով, որ ամիսը 2 անգամ իրենց հաշվին թեստ հանձնեն։ Իսկ ինքը, թեեւ վարձատրվում է դասղեկության, լաբորատորիա եւ խմբակ ղեկավարելու համար, գումարած՝ բարդ առարկա է դասավանդում, ընդամենը 110 հազար դրամ է ստանում, որից 30 հազարը չի կարող թեստի տալ։ Ասում է նաեւ, որ հնարավոր չէ համաճարակային կանոններ պահպանել, քանի դեռ մի դասարանում 35-36 աշակերտ է նստում։

Հակահամաճարակային թիվ մեկ միջոցառումը կլիներ դասարաններում աշակերտների թիվը կրճատելը, եւ անցած տարի խոսում էին, որ այդ թիվը 20 հոգի են դարձնելու, բայց պարզվեց՝ իրենց առողջությունն ավելի էժան արժե, քան դասարանների կրճատումը։ Ուրիշ աբսուրդներ էլ կան դպրոցում, որոնց մասին պատմում էր զրուցակիցս, իսկ ես մտածում էի՝ անտեր ու անպատասխանատու վիճակը, փաստորեն, ամենուր է։