Ավագ եղբորը սպասելիս

Ավագ եղբորը սպասելիս

«Բաքվի քաղաքագետների ակումբը» կազմակերպել է քննարկում՝ ընթացիկ տարում ռուս-ադրբեջանական հարաբերություններում սպասելիքների թեմայով: Միջոցառման ընդհանուր ուղղվածության մասին կարելի է ենթադրել ռուս քաղաքագետ Արկովի այն դիտարկումից, որ եվրասիական տնտեսական եւ անվտանգային նախագծերին Ադրբեջանի ավելի սերտ ինտեգրմանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը: Այս թեզը կրկնում են նաեւ ադրբեջանցի շատ փորձագետներ եւ մեկնաբաններ՝ ակնհայտորեն նկատել տալով, որ եթե Մոսկվան ԼՂ հարցում ճնշում գործադրի հայկական կողմի նկատմամբ, ապա Ադրբեջանը դա կփոխհատուցի ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությամբ կամ առնվազն այդ կառույցներում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով:

Սա, կարելի է ասել, իրավիճակի զուտ մակերեսային գնահատականն է: Խորքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները պայմանավորվում են ռուս-թուրքական մերձեցմամբ կամ, բացառված չէ, դիմակայությամբ: Ադրբեջանական մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որոնք շոշափում են Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր լարվածության թեման: Արդեն անոնսավորված է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ռուսաստան, ճշտվում են ժամկետները: Օրակարգը հայտի է՝ Սիրիա, ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարց: Բայց Ադրբեջանում ենթադրում են, որ Պուտին-Էրդողան բանակցությունները կարող են ավելի քան լարված ընթացք ունենալ:

Միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն սկսել են պարեկություն անել սիրիական Մանջիբ քաղաքում եւ թուրք-սիրիական սահմանի որոշ հատվածներում: Դրանք այն վայրերն են, որտեղ Թուրքիան մտադիր է «հակաահաբեկչական գործողություններ» սկսել: Ռուս ռազմական ոստիկանների ներկայությունը կարո՞ղ է կասեցնել թուրքական զինված ուժերի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններ: Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում Էրդողանը բարձրացնելու՞ է տեղաշրջանից ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելու հարց:

Ադրբեջանում, ըստ երեւույթին, սպասում են Պուտին-Էրդողան բանակցություններին եւ դրանց հաջորդելիք իրադարձություններին՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում: Դատելով ադրբեջանական փորձագիտական շրջանակներից հնչող ակնարկներից, Բաքվում այն կարծիքին են, որ եթե Սիրիայում ռուս-թուրքական համաձայնություն կայանա, ապա հնարավոր է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերի գործուն միջնորդություն, իսկ եթե ընդհակառակը հասունանա Մոսկվա-Անկարա դիմակայություն, ապա չպետք է հույս պահել, թե Մոսկվա-Բաքու առանցքը կարող է ամրապնդվել:

Բաքվում, այսպիսով, ԼՂ կարգավորման հեռանկարը կապում են ոչ թե հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունների, այլ՝ ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի հետ: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ շարունակաբար սպասում է ավագ եղբայր Թուրքիայի հրահանգներին: