Հակահայ ու թրքամետ
Երեկ նորից Արցախը կրակի մեջ վառվում էր, իսկ մենք, Երեւանում նստած, մի մասս՝ տառապանքով, մյուսները` կինոդիտողի հանդարտությամբ, հետեւում էինք, թե ինչ է կատարվում մեր երկրի մի հատվածում: Նորից թուրք-ազերական ոհմակը հարձակվել էր հայերի վրա` Արցախում մնացած բնակչությանը կոտորելու կամ երկրից վտարելու ծրագիրն իրականացնելու վերջնական մտադրությամբ: Ռուս խաղաղապահներն ասպարեզում չկային, պարզ չէ` նրանք հրաժարվե՞լ են իրենց առաքելությունից, թե՞ որոշել են պատժել հայերին կամ Նիկոլին՝ վերջին շրջանի պահվածքի համար: Մի կողմ է քաշվել նաեւ Հայաստանը. որքան էլ որ Փաշինյանը հեռախոսազրույցներ ունենա տարբեր երկրների ղեկավարների հետ, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրի, հետո տխուր դեմքով լայվ մտնի, նրա խոսքերն ու գործողությունները հենց դրա մասին են վկայում:
Երեկ մեր գերատեսչությունները ոչ այնքան Արցախի վիճակով էին անհանգստացած, որքան` մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե Արցախում զորք չունենք, Արցախում տեղի ունեցող սպանդին միջամտելու մտադրություն` եւս: Իսկ ՀՀ ՊՆ-ն հանգստացնում էր ՀՀ քաղաքացիներին, թե Հայաստանի սահմաններին իրավիճակը խաղաղ է: Ամեն կերպ, բոլոր հնարավոր եղանակներով տարանջատվելով Արցախից եւ բացահայտ ու ծածուկ հայտարարելով, որ Արցախը Հայաստան չէ, ՀՀ իշխանությունները հասան նրան, որ աճեցրին մանկուրտների, հակահայերի մի զանգված, որոնք Արցախի անունը լսելիս կատաղում են, Արցախին նվիրված հավաքների մասնակիցներին հայհոյում եւ «ուղարկում» սահման` կռվելու: Եթե ՔՊ-ական իշխանությունն այս 5 տարվա ընթացքում ոչ մի վնաս տված չլիներ, Արցախի ու արցախցիների դեմ այս թշնամանքի գեներացումը բավական էր, որ մենք նրանց հռչակեինք հայ ժողովրդի պատմության ընթացքում եղած ամենավատ իշխանություն:
Կարծիքներ