Աղա, էս իմ պաշտոնը չի․․․

Աղա, էս իմ պաշտոնը չի․․․

60 -ական թվականներին Կապանում գյուղվարչության պետ էր աշխատում Բյուրիկ Սմբատի Ստեփանյանը։ Ճանաչված ագրոնոմ, հրաշալի մասնագետ ու շատ ճանաչված։ Կարեն Դեմիրճյանը լավ աշխատանքի համար նրան  առաջարկում է Կապանի շրջկոմի քարտուղարի պաշտոնը։ 
- Գնա ու վստահ եմ, լավ կաշխատես։ 

Բյուրիկը մտածում ու ասում է․
-Կարեն Սերոբիչ,  մեր քաղաքը ձեզ ի՞նչ վատություն է արել, որ ինձ նման կադրին իր գործից կտրում, ուղարկում ես շրջկոմի քարտուղարի պաշտոնի։ Ես չեմ ուզում, որովհետև դա իմ գործը չէ։ Ես ավելի օգտակար կլինեմ գյուղատնտեսության բնագավառում։

Կարեն Դեմիճյանը լսում է ագրոնոմին ու համաձայնվում՝ այո, ամեն մարդ պիտի իր տեղում լինի։ Բայց նա չի մոռանում ագրոնոմին ու հետագայում նրան առաջարկում է Կապանի գործկոմի նախագահի պաշտոնը՝ ասելով՝ գնա ու քո մեծ փորձով ու հմտությամբ տնտեսությունը խթանի։ 

Ասելիքիս անցնեմ։ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար  է նշանակել։ Փաշինյանի մասին չեմ խոսելու, նա կոնֆետի նման «երեխաներին» պաշտոններ է բաժանում՝ առանց հետևանքների մասին մտածելու կամ գուցե հենց գիտակցաբար է անում, որ հայտնվեինք ճգնաժամային  փոսում։ Ասենք թե  ինքը նման քաղաքականություն է որդեգրել, բա պաշտոնի նշանակվողը ինչ է մտածում։ Չի՞ գիտակցում, որ պատմության դասատուից պաշտպանության նախարար աշխատելու վիհում հազարավոր աստիճաններ կան, որ ինքը չի անցել։ Չի՞ կարող Փաշինյանին ասել,

-Աղա, էս իմ պաշտոնը չի, չեմ կարող աշխատել։ Երկիրը մի տանի կործանման․․․ Բայց քանի որ աղան էլ իր տեղում չի, մտածում է, որ ինքը վարչապետ է, ի՞նձ ինչ է եղել, որ պաշտպանության նախարար չլինեմ։

Հիշեցնենք, որ  Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ հաղորդմամբ, չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: