Արտաշատում ՀՀԿ-ականները «հավատափոխ» են լինում

Արտաշատում ՀՀԿ-ականները «հավատափոխ» են լինում

Պարզվում է՝ «հավատափոխ» է եղել ոչ միայն Արտաշատի երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, այլեւ նրա հայրը՝ Գագիկ Բենիամինյանը։ Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի իր կարգավիճակից, որպեսզի չխանգարի որդու կարիերային, քաղաքապետը կարողացել է լեզու գտնել Արարատի մարզպետի հետ, եւ նոր իշխանությունը նրա հրաժարականի պահանջ առայժմ չի բարձրացնում։ Հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի հետ ունեցած մտերմության շնորհիվ Արամայիս Գրիգորյանի մարզպետության ժամանակ «պրախոդ» էր ստացել, քանի որ Գրիգորյանների ու Գազի Հովոյի միջեւ էլ քավորություն կար, ուստի նրան վստահեցին ՀՀԿ կառույցը։ 

Այժմ ՀՀԿ Արտաշատի կառույցը ղեկավար չունի, ամենահավանական թեկնածուների շարքում շրջանառվում է Մասիս գյուղի դպրոցի տնօրեն  Ռուզաննա Խաչատրյանի անունը, ով այս պահին կանանց կառույցի ղեկավարն է․ այդ պաշտոնում մի քանի անգամ նրան «տարան-հետ բերեցին»․ Ալիկ Սերգեյիչի հովանավորությամբ նշանակվեց, ապա Գրիգորյանները հանեցին, հետո նորից Սերգեյիչը հետ բերեց։ Բուռն գործընթացներ են ընթանում նաեւ Արտաշատի ավագանիում։ Մարզպետ Գարիկ Սարգսյանը դիմել է կառավարությանը՝ այն լուծարելու առաջարկով։ Հիշեցնենք, որ ավագանին ձեւավորվեց 2017-ին, եւ ավագանի դարձան Հովիկ Արգամիչի որդու՝ Արգամի «դրածոները»։ Նրանք, սակայն, առաջին օրվանից փորձում էին դժվարացնել քաղաքապետի աշխատանքը եւ բոյկոտում էին նիստերը։ Բայց գործող քաղաքապետը, ավագանիում ունենալով մեծամասնություն, կարողանում էր նիստեր անցկացնել։ 

Իսկ սեպտեմբերից, երբ նա հեղափոխության պահանջով ազատվեց իր տեղակալներից՝ իր կարատեիստ ընկերոջը՝ Ռոբերտ Ծատուրյանին հեռացնելով աշխատանքից եւ այդ պաշտոնում նշանակելով մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուին՝ ավագանու անդամ Սերգեյ Մուրադյանին, որը նախկին քաղաքապետի որդին է, ուժերի հավասարակշռությունը փոխվեց ի վնաս քաղաքապետի։ 15 հոգանոց ավագանու նիստերի մասնակիցների թիվը դարձավ 7, ու նիստերն անցկացնելու անհնարինության պատճառով մայիսի 3-ին նրանք դիմում են ներկայացրել՝ իրենց լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին, քաղաքապետն էլ արձանագրություն է կազմել՝ Արտաշատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, եւ ուղարկել մարզպետին, նա էլ դիմել է կառավարությանը։

Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ հենց Գարիկ Սարգսյանն է օգտվել Կարեն Բենիամինյանի համար ի սկզբանե ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակից եւ ուղղորդել ավագանու անդամներին՝ արդյունքում հասնելով ավագանու լուծարմանը։ Կառավարությանն ուղղված դիմումն ընդունվելուց հետո կնշանակվեն ավագանու նոր ընտրություններ, եւ, բնականաբար, իշխանությունն այստեղ կունենա բացարձակ մեծամասնություն ու ցանկացած պահի անհնարին կդարձնի քաղաքապետի աշխատանքը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, եւ իշխանությունը ցանկացած պահի կարող է կյանքի կոչել իր հռչակած ոչ բռնի իշխանափոխությունը նաեւ մարզի քաղաքներում։