Վրաստանի ՍԴ-ում քննել են նախագայի իմպիչմենտի հարցը

Վրաստանի ՍԴ-ում քննել են նախագայի իմպիչմենտի հարցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել երկրի Սահմանադրական դատարանում անցկացված լսումներին։

Նա ՍԴ է ուղարկել իր երկու ներկայացուցիչներին՝ փաստաբաններ Թամար Չուգոշվիլիին և Մայա Կոպալեիշվիլիին, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։

Պետության ղեկավարը սոցիալական ցանցերում գրառում է կատարել և նշել, որ լիովին վստահում է իր ներկայացուցիչներին։ Միաժամանակ, դատարանի նախագահ Մերաբ Թուրավան հայտարարել է, որ նախագահն ինքը պետք է գա դատարան։

Վրաստանի նախագահի փաստաբանները նշել են, որ Սալոմե Զուրաբիշվիլիի բացակայությունը լսումներին չպետք է համարել որպես անհարգալից վերաբերմունք։

«Մեզ տրված է լիակատար լիազորություն՝ խոսելու նախագահի անունից, ուստի մենք չպետք է դա ընկալենք որպես նախագահի արհամարհանք դատարանի նկատմամբ», - ասել է Մայա Կոպալեիշվիլին:

Հանդիպմանը մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նա տեղեկացրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում նախագահը 38 անգամ դիմել է կառավարություն՝ արտաքին հարաբերություններին մասնակցելու թույլտվության համար։ 

Նրա խոսքով, անցյալ տարի նախագահին թույլատրվել է այցելել Գերմանիա, Ֆրանսիա և Բրյուսել, սակայն այդ այցերը անհաջող են եղել, և երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չի տրվել։