Մենք Հարավային Կովկասից այլ բան չենք սպասում

Մենք Հարավային Կովկասից այլ բան չենք սպասում

Ռուսաստանում շատ են սիրում խոսել ֆաշիզմի մասին, առհասարակ, այն ամենի մասին, ինչը տեղավորվում է պատմականորեն արդարության առաջամարտիկի դերին հավակնող Ռուսաստանի արժեքային ծիրի մեջ։ Մենք կրեմլյան շրջանակների հետ, գոնե ժամանակին, սերտ առնչություն ունեցող Մոդեստ Կոլերովին հարց ուղղեցինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես այդքան ընդգծված հարգանքով է խոսում Ադրբեջանի 1-ին դեմքի մասին, որի անմարդկային, բարբարոսական պուրակը նախօրեին ցնցեց աշխարհը եւ առաջատար լրատվամիջոցների կողմից դատապարտվեց․ հիմա Ռուսաստանն ասելու ոչինչ չունի՞։

Պարոն Կոլերովն ասաց․ «Վլադիմիր Պուտինը հարգանքով խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանի մասին։ Նման բան չե՞ք նկատել»։ Նկատել ենք, բայց Փաշինյանը նման պուրակներ չի բացում, ավելին՝ հանդես է գալիս խաղաղության կոչերով։ «Որովհետեւ նա պարտվել է»,- կարճ կապեց Կոլերովը։ Իսկ հայերը, որ 25 տարի առաջ հաղթել էին, երբեւէ նման բան իրենց թույլ տվե՞լ են։ Ռուսաստանցի փորձագետը համաձայնեց․ «Այո, բայց Փաշինյանը հաղթողների մեջ չի եղել»։ Ապա շարունակեց․ «Կարող եմ ասել, որ Մոսկվայում Հարավային Կովկասից դրանից բացի այլ բան չեն էլ ակնկալում։ Նման ավանդույթ կա, մի կողմից դուք ասում եք՝ թուրքեր, ադրբեջանցիների մասին, մյուս կողմից բացվում են, այ, նման ցուցահանդեսներ։ Ի՞նչ կարող ենք անել, այդպիսի բարքեր են։ Մենք վաղուց սովորել ենք։ Դրա համար էլ խաղաղապահները մտան Արցախ»։