Պետք է ջանք գործադրենք, որ ռուս խաղաղապահները 2025 թվից հետո շարունակեն իրենց առաքելությունը

Պետք է ջանք գործադրենք, որ ռուս խաղաղապահները 2025 թվից հետո շարունակեն իրենց առաքելությունը

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցազրույց է տվել  ռուսական argumenti.ru-ին։

-Դուք, որպես Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես եք գնահատում հայ ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը: 

-Մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված լայնամասշտաբ պատերազմը փոխեց մեր պետության պատմության և նաև մեզանից յուրաքանչյուրի կյանքի հետագա ընթացքը: Մենք բոլորս այսօր պարտավոր ենք ելնել Արցախի շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Այսօր մեր տարածաշրջանում իր անփոխարինելի դերակատարությունն ունի ռուսական խաղապահ անձնակազմը: Արցախում ռուս զինծառայողների ներկայությունը նվազեցնում է հակամարտության ռազմական լուծման հավանականությունը՝ այն հասցնելով գրեթե զրոյական մակարդակի, թույլ է տալիս և Հայաստանի և Արցախի ղեկավարություններին նախապատրաստվելու և  վերադառնալու բանակցությունների սեղան, իսկ տեղի բնակիչներին՝ վերադառնալ տուն, փորձել կրկին վերագտնել կորցրած խաղաղ կյանքը: Ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, կողմերի սահմանազատման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային շարժական խմբերը՝ զրահատեխնիկայով, շարունակում են կատարել ընթացիկ իրադրության վերահսկողության խնդիրները: Այնպես, որ ներկայումս նոր էսկալացիայի հավանականությունը շատ քիչ է, որը օգնելու է մեզ վերակառուցելու այն ամենը, ինչը քանդվեց 44 օրյա պատերազմի ընթացքում:

-Ինչպես՞ եք գնահատում Մոսկվայի և Երևանի հետագա հարաբերությունների զարգացումը՝ հնարավո՞ր է այն զարգանա բացասական առումով։

-Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից, առավել ևս այսօր պետք է պատրաստվի 2025-ի նոյեմբերին, երբ լրանում է Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը: Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Մենք պետք է սովորենք աշխատել մեր դաշնակիցների հետ։ Օրակարգում՝ Ռուսաստանի հետ նոր խորության դաշնակցային հարաբերություններն են։ Հայկական կողմը պետք է առաջարկի իր փաթեթները և քննարկի ռուսական կողմի համանման առաջարկները։ Պետք է ակտիվացնել աշխատանքը Ռուսաստանի հետ` սահմանելու համար նոր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և համագործակցության նախագծեր՝ առողջապահության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձնել հումանիտար համագործակցության հարցերին։ Համագործակցության առանձին թեմա կարող է դառնալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը։ Մշակել Արցախի քայքայված տնտեսության վերականգնման և փախստականների վերադարձին նպաստելուծրագիր:
Տարածաշրջանում Ռուսաստանը իրողությունների համապատասխան նոր քաղաքականություն է որդեգրում, Իրանը փորձում է իր համար սպառնալիք ընկալվող երկրների հետ կապված խնդրահարույց հարցերին լուծումներ տալ, Թուրքիան ավելացնում է իր ազդեցության մասշտաբը, Ադրբեջանը փորձում է Արցախյան խնդրի լուծումը վերջնական հանգրվանի հասցնել և դրանով նոր որակի դերակատարում ունենալ ռեգիոնում և այս պարագայում հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի դաշնության հետ: Ցավոք սրտի, Պետության հիմքերը խարխլած 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ի հայտ են եկել ուժեր,որոնք սկսել են հակառուսական իրենց գործունեությունը, հիմնական թեզը արտահայտելով, որ Ռուսաստանն էր մեղավոր, որ Ադրբեջանը հարձակվեց մեր վրա: Սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի չեզոքացվեն այս երևույթները: 

-Ի՞նչ հավանական զարգացում կարող է լինել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում, ի՞նչ հարաբերություններ կարող են ծավալվել ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է Երևանը գնահատում այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և փաստացի նա վերջին պատերազմում կռվում էր Ադրբեջանի օգտին և Երևանը մեծ հաշվով Բրյուսելին պետք է դիտարկի որպես թշնամի:

-Պատերազմից հետո ստացվել է այնպես, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կարծես թե դուրս են մնացել տարածաշրջանում դերակատարություն ունենալուց, Ամեն կերպ նրանք փորձելու են վերագտնել իրենց ազդեցությունը: Սակայն առավել քան պարզ է, որ որ ԱՄՆ-ն և Եվրոպան մեր տարածաշրջանում հանդես են գալիս Թուրքիայի դեմքով, և այս է պատճառը, որ արևմուտքի հետ հարաբերություններում, մենք պետք է հանդես գանք խիստ զգուշավորությամբ: «Ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքը չպետք է վնասի կամ ոտնահարի Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն։ Մյուս կողմից՝ խաղաղությունը չի կարող լինել գերնպատակ ու ինքնանպատակ, եթե դրան հասնելու ճանապարհները ոտնահարում են ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ օժանդակեց Ադրբեջանին, օգտագործելով նաև ՆԱՏՕ-ի սպառազինության մեջ եղած զինատեսակներ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ հայկական կողմը ունի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տեսքով , որի հետ համագործակցում է ինչպես երկկողմ համաձայնագրերի, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Մեր հարաբերությունները տարածաշրջանի մյուս երկրների հետ պետք է կառուցվի հենց այդ տրամաբանությամբ: 

-Ինչպե՞ս է Երևանը կառուցում իր հարաբերությունները Թեհրանի հետ, հնարավո՞ր է արդյոք ռազմական համագործակցություն Հայաստանի և Իրանի միջև: Եթե սկսվի ադրբեջանա- իրանական պատերազմ, Հայաստանը կմասնակցի՞ այդ հակամարտությանը, և հնարավո՞ր է այդ պարագայում ռեվանշ Լեռնային Ղարաբաղում:

-Անկախանալուց հետո, Իրանի հետ Հայաստանը միշտ եղել է բարիդրացիական հարաբերություններում: Պատերազմից հետո բնական է, որ Իրանը նույպես անհանգիստ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով կապված Սյունիքի զարգացումների հետ: Հիմա պայքար է գնում, թե ո՞վ է հսկելու Սյունիքը. Թուրքիան, թե՞ Իրանը։ Թուրքական ծրագրի համաձայն Զանգեզուրի միջանցքով` Արևելք-Արևմուտք ճանապարհով Չինաստանից` Պակիստանով եւ Թուրքիայով տրանսպորտային ուղի է դրվում դեպի Եվրոպա։ Իրանը լրիվ մերժում է Զանգեզուրի միջանցքի գաղափարը և առաջ է տանում «Հյուսիս-Հարավ» ծրագիրը, որի համաձայն տրանսպորտային ուղին Իրանով գնալու է դեպի Եվրոպա շրջանցելով Թուրքիային։ Այս երկու ծրագրերի դեպքում էլ խոսքը գնում է մեծ գումարների շրջանառության մասին, որտեղ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ դիրքավորվել: Կարծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի մեջ լարվածությունը դռևս չի վերածվի ակտիվ ռազմական գործողությունների, քանզի բազմաթիվ այլ գործոնների հետ մեկտեղ մեծ դեր ունի նաև Ռուսաստանի հանգամանքը, որ իր վրա է վերցրել այս տարածաշրջանում խաղաղապահի դերակատարում, որը դեռևս լավագույնս կատարում է: Սակայն, եթե այնուամենայնիվ սկսվի նոր պատերազմ, ապա հայկական կողմը պետք է ամենի ինչ անի վերականգնելու այն ամենը ինչ կորցրել է 44 օրյա պատերազմի ընթացքում: 

-Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվի փակել հայ-իրանական սահմանը, Հայաստանը փաստացի կհայտնվի ամբողջական բլոկադայի մեջ, ի՞նչ կարող է անել այդ պարագայում Հայաստանի կառավարությունը՝ ինչի՞ հույս կարող է նա ունենալ:

Աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք նաեւ, որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող եւ շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր: Ուստի մեր համար գոյության հարց է այդ սահմանի բաց լինելը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ սահմանի բաց լինելը նաև Իրանի և Ռուսաստանի շահերից է: ՈՒստի պետք է ամեն ինչ անել, որ այդ սահմանը չփակվի, այլ ոչ թե մտածենք, թե փակվելու դեպքում ինչ պետք է անենք: Ոչ մի պարագայում Սյունիքի մարզը և Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես, չպետք է դառնա թուրք-ադրբեջանական դաշինքի համար վասալական կախվածության մեջ գտնվող կամուրջ։ Նրանք շատ են երազում այդ մասին՝ ոչ միայն պանթուրանիզմի, թյուրքականության գաղափարախոսության տիրույթում, այլև՝ զուտ պրագմատիկ նպատակներով: Ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի,ոչ մի պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան չեն ուզենա տեսնել հզոր Հայաստան։ Հետևաբար, տարբեր կողմերի հռետորաբանության բոլոր շռայլումները, թե «խաղաղության դարաշրջանի» արդյունքում մենք կդառնանք ծաղկող, փթթող երկիր, թուրքական կապիտալ կգա, ըստ էության, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Ուստի Հայաստանը և Արցախը պետք է շարունակեն իրեն արտաքին քաղաքականությունը հիմքում ունենալով Հայ ռուսական ռազմավարական դաշնակցությունը: Մենք պետք է ջանք գործադրենք, որ ռուս խաղապահները 2025 թվից հետո շարունակեն իրենց առաքելությունը, քանի որ դա Արցախում բնակվողի համար գոյության հարց է, իսկ Հայաստանի համար զարգացման հեռանկար: