Ով է հակառակորդը՝ մե՞նք (տեսանյութ)

Ով է հակառակորդը՝ մե՞նք (տեսանյութ)

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպումը դրական է գնահատում, որովհետեւ փորձել են իրար լսել ու հասկանալ։ 

Նա նկատում է՝ նախարարության կողմից շրջանառվող այդ փաստաթղթին էլ ինչ անուն չտվեցին՝ սեւագիր, սեպագիր, թուղթ ու գիր, իսկ ընդհանրապես այս պատմության մեջ ամենակարեւորը այդ փաստաթղթի գաղտնիությունն էր․ «Գաղտնի պատրաստվում է որոշակի փաստաթուղթ, որի մասին չպետք է իմանա հակառակորդը, ո՞վ է հակառակորդը՝ մե՞նք։

Դու մասնագետների, շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի չես առնում եւ եթե վաղը կամ այսօր այդ փաստաթուղթը կասեցվի, ես չեմ համարի, որ խնդիրը լուծված է։ Այս խնդիրը չի լուծվում արդեն մոտ 30 տարի եւ այս ոլորտում բարեփոխումներ տեղի չեն ունենում։ Խնդիրը սա է՝ բյուջեում փող չկա, պետությունը փող չունի, բայց միեւնույն ժամանակ պետությունը չի ուզում բացել սնուցման այլ աղբյուրներ, որոնք են՝ մեկենասությունը եւ հովանավորչությունը, որն ընդունված է ամբողջ աշխարհում։ Չկա զարգացած մի երկիր, որտեղ մշակույթը հույսը դնի միայն պետության վրա»,-ասում է Բաբայանն ու հավելում, որ այդ հանդիպմանը նախարարին է փոխանցել 13 էջանոց մի փաստաթուղթ, որտեղ ներառված են եվրոպական երկրներում մշակույթի ֆինասավորման օրինակներ։ Բաբյանն ընդգծում է՝ թատրոնները պետք է ՊՈԱԿ-ից դարձնել հիմնադրամ, որը թույլ կտա թատրոններին ավելի ազատ եւ ինքնուրույն գործել իր կառավարման ձեւի մեջ։