ՊՆ-ն թաքցնում է իրականությունը և խախտում է օրենքը

ՊՆ-ն թաքցնում է իրականությունը և խախտում է օրենքը

Երբ լուր ստացանք, որ Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակցի ձերբակալել են, անմիջապես հետաքրքրվեցինք նրանց անձով ու կենսագրությամբ։ Մեկը Սամվել Ադյանն է, ով իրականում եղել է «Զորաշեն» ՍՊԸ-ի սեփականատերը եւ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հայտարարված դիալիզի ապահովման մրցույթին մասնակցել է նախապես մրցութային պայմանները փոխելու արդյունքում։ Հիշեցնենք, որ հենց այդ մրցույթի անցկացման խախտումներում է ԱԱԾ-ն հայտնաբերել կոռուպցիոն ռիսկեր, եւ 3 անձ այդ մեղադրանքով կալանավորված է։ Մյուս կալանավորվածը, ում մեղադրանք է առաջադրվել, ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանն է, ում օրերս բաց են թողել՝ փոխելով խափանման միջոցը։ Մեզ պատմեցին, որ լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող ՊՎԾ աշխատակիցը ժամանակին աշխատել է ՊՆ-ում եւ ազատվել է աշխատանքից «ՊՆ գնումներում թույլ տված անօրինականությունների» համար։

Ընդ որում՝ ՊՆ-ում անգամ ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում, սակայն, բավարարվել են Խաչատրյանին աշխատանքից ազատելով։ Մեր ստացած տեղեկությունները ճշտելու համար, որպեսզի չմեղադրվենք «ֆեյք-լուրեր» տարածելու մեջ, օրենքով նախատեսված կարգով դիմեցինք պաշտպանության նախարարություն։ Պատկերացնում եք, չէ՞, որ սա ուշացող լուրերի շարքից է, եւ լրատվամիջոցը չի կարող օրեր շարունակ սպասել իր տեղեկատվության հաստատմանը։ Սակայն ՊՆ-ից, իրենց ավանդական ոճով, պահանջեցին գրավոր հարցում։ Ապա, չնայած հարցումին կարող էին պատասխանել գոնե 5 օրում, մեկ ամիս ժամանակ խնդրեցին՝ իբր հարցը բարդ է եւ լրացուցիչ աշխատանքի կարիք ունի։ Սա ուղղակիորեն մեր աշխատանքին խոչընդոտել էր նշանակում, բայց համաձայնեցինք այդ 30 օրն էլ սպասել՝ համբերատար ակնկալելով, որ լիարժեք եւ մեզ բավարարող պատասխան ենք ստանալու հսկայական լրատվական ունեցող գերատեսչությունից։

Եվ ահա, երեկ վերջապես ստացել ենք երկար սպասված հարցի պատասխանը, որը կարելի է պարզապես ծաղր գնահատել լրատվամիջոցի հասցեին։ Ըստ հարցման պատասխանի՝ Գեւորգ Խաչատրյանը 2013 թվականի դեկտեմբերից մինչեւ 2016 թվականը պայմանագրային զինվորական ծառայության մեջ է գտնվել ՀՀ զինված ուժերում, զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով։ «Ինչ վերաբերում է Գ․ Խաչատրյանի զբաղեցրած պաշտոնի եւ կատարած աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա դրա տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»,- գրված է պատասխանում։ Նախ՝ տասնյակ անգամներ գրվեց, եւ տարբեր պաշտոնական ատյաններից, այդ թվում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտարարվեց, որ պետական պաշտոնյայի, ծառայողի կարգավիճակը, գործառույթները, խախտումները չեն կարող անձնական տվյալներ դիտվել եւ թաքցվել հասարակությունից ու լրատվամիջոցներից։

Ի դեպ, ՊՆ պատասխանում մատնանշված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ասում է, որ անձն ազատվում է աշխատանքից «պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերում»։ Այսինքն, մարդը խախտումներ է արել՝ զինծառայողի պատիվն արատավորող արարք, եւ ՊՆ-ն հրաժարվում է ասել, թե դա ինչ արարք է։ Նման բան անգամ տոտալիտար երկրներում չեն անում, երբ ԶԼՄ-ները պահանջում են տեղեկատվություն հաղորդել։ Մանավանդ՝ եթե խոսքը վերաբերում է մի անձի, ում մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նման անձի նախորդ գործունեությունը եւ կատարած խախտումները ՊՆ-ն իրավունք չունի թաքցնել։