Վայոց ձորի մարզպետն իրեն աղջիկներով է շրջապատում

Վայոց ձորի մարզպետն իրեն աղջիկներով է շրջապատում

Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Տրդատ Սարգսյանն իր օգնական Վարդան Ղազարյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Ըստ Վարդան Ղազարյանի՝ պատճառաբանությունը հետեւյալն է եղել․ «Ուզում եմ քեզ հանեմ՝ աղջիկ բերեմ տեղդ»։ 

Փաստորեն, Վայոց ձորի մարզպետի նախկին օգնականը սեռական խտրականության զոհ է դարձել։ «Աշխատանքային օրենսգրքով դա աշխատանքից ազատման հիմք չէ, ես հրաժարվեցի դիմում գրելուց»,- «Հրապարակին» հայտնեց Վարդան Ղազարյանը։

 Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, Պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ, անկուսակցական, 26 տարեկան։ Աշխատանքի է ընդունվել 2018 թվականի նոյեմբերին։ Ղազարյանը ՔՊ-ական մարզպետի հետ եկած կադրերից է, ինչն առավել զարմանալի է դարձնում նրան աշխատանքից ազատելու փաստը։  

Մոտ 15 օր առաջ Վայոց ձորի մարզպետը Վարդան Ղազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին կարգադրություն է ստորագրել, որում աշխատանքից ազատելու որեւէ հիմք նշված չէ։ Ընդամենը հղում է արված «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին, այն է՝ «մարզպետն ընդունում եւ ազատում է աշխատանքից իր օգնականներին»։ 

Հավանաբար, մարզպետը որոշել է, որ եթե ինքը ՔՊ անդամ է եւ հեղափոխության ալիքի վրա է իշխանության եկել, ուրեմն անպարտելի է, կարող է օրենքի հետ վարվել՝ ինչպես սիրտն է կամենում։ Վարդան Ղազարյանը գիտի, որ հայեցողական պաշտոն զբաղեցնելը չի նշանակում հիմնարկի ղեկավարի ստրուկը լինել։ «Հայեցողական պաշտոններ զբաղեցնողների համար էլ է աշխատանքային օրենսդրությունը գործում։ Ես մի օրվա մեջ եմ ստացել ինձ աշխատանքից ազատելու կարգադրությունը, ինձ նույնիսկ ծանուցում չեն ուղարկել, որ ես փորձեմ ինձ համար այլ աշխատանք գտնել։

Մյուս ամսվա սկզբում պետք է վարկ փակեմ, բայց անակնկալ դուրս եմ եկել, չգիտեմ ինչ եմ անելու»,- իրավիճակն է ներկայացնում սեռական խտրականության զոհը։ Վայոց ձորի մարզպետին գրավոր հարց ուղղեցինք, թե ինչու է ազատել օգնականին եւ ինչու է ուզում աղջիկներով իրեն շրջապատել։ Նա մեր նամակները կարդում-կարդում է եւ չի պատասխանում։