Հարցազրույց

«Հրապարակ». Եթե քաղաքացիները միահամուռ լինեն՝ չընկրկեն, մեկ շաբաթից կունենանք հաջողություն

«Հրապարակ». Եթե քաղաքացիները միահամուռ լինեն՝ չընկրկեն, մեկ շաբաթից կունենանք հաջողություն

Քաղաքացիների մի մասը երրորդ օրն է՝ բոյկոտում է տրանսպորտի թանկացումը: Հիշեցնենք․ Երեւանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղեւորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաեւ միասնական տոմսային համակարգի փաթեթները։ Զրուցել ենք ավագանու նախկին անդամ, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանի հետ:

- Երեւանցիների մեծ մասը բոյկոտում է այս որոշումը` ոչինչ չվճարելով, ոմանք 100 դրամ են վճարում, սակայն կան նաեւ 150 դրամ վճարողներ: Շրջե՞լ եք քաղաքում, ի՞նչ պատկեր ունենք բոյկոտի առումով:

- Ես առավոտյան ժամը 11-ից շրջում եմ քաղաքով մեկ, նստել եմ տարբեր ավտոբուսներ եւ մետրո, իրոք՝ պատկերը բազմազան է, շատ տարբեր: Այնտեղ, որտեղ քաղաքացիներին բոյկոտի կոչ ենք անում, մարդիկ ուժ են գտնում իրենց մեջ եւ միահամուռ բոյկոտում են: Ինչպես նկատեցիք` բոյկոտի ձեւը տարբեր է, կա՛մ 100 դրամ են վճարում, կա՛մ էլ ընդհանրապես չեն վճարում: Ընդ որում՝ նկատել եմ, որ հիմնականում վարորդները դեմ չեն 100 դրամին եւ դրանք վերցնում են, սակայն կան նաեւ շատ քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես չեն վճարում կամ էլ չաշխատող տոմսն են մոտեցնում ու գնում են, լուռ նստում: Վարորդները բացի իրենց բուն աշխատանքը կատարելուց ոչինչ չեն անում, կոնֆլիկտներ գրեթե չեն հրահրում: Կան նաեւ մարդիկ, ովքեր վճարում են: Բայց, այնուամենայնիվ, քաղաքացիների մոտ կա բողոք, գրեթե ոչ ոք չի ցանկանում ավել վճարել: Մեծամասնությունը ոչինչ չի էլ խոսում, լուռ բոյկոտում է: Ամսի 1-ից մարդիկ անվճար երթեւեկում են: Սա բոյկոտի ամենատարածված ձեւն է: Մի քանի օրից այդ ամենը հստակ կերեւա նաեւ հաշվարկներում, կհրապարակվեն թվերը, կտեսնենք, որ շատ փոքր թվով մարդիկ են փաթեթներից օգտվում, իսկ 150 դրամ էլ քչերն են վճարում: Առավոտից մինչեւ ժամը 16-ը մետրոյում էի, ընդամենը մեկ երիտասարդ եմ տեսել, որ փաթեթից օգտվում էր: Մետրոյում ակցիա եմ իրականացրել, անսահմանափակ քարտ եմ գնել եւ անսահմանափակ մարդկանց ներս եմ թողել: Դա նշանակում է, որ իշխանություններն այնքան հիմար են, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Ընդամենը 9 հազար դրամանոց տոմսով անսահմանափակ թվով մարդկանց ներս եմ թողել: Հետո, չգիտես ինչպես, քարտը չաշխատեց: 600 քաղաքացու ներս եմ թողել անվճար: 600-ից 599-ը գոհ էին եւ ասացին, որ միանում են բոյկոտին, միայն մեկը հրաժարվեց: Այսօր կամփոփենք մեր ակցիայի արդյունքները, Մարությանի հետ կհստակեցնենք մեր հաջորդ քայլերը:

- Կարո՞ղ ենք ասել, որ բոյկոտին նաեւ վարորդներն են միացել: 

- Այո, վարորդները միացել են մեզ նաեւ այն պատճառով, որ այս փոփոխություններից, թանկացումներից իրենց աշխատանքային պայմանները ոչ մի կերպ չեն լավանում, հակառակը… ոչ մի լումա չի բարձրացել նրանց աշխատավարձից, հետեւաբար՝ ինչո՞ւ ավելորդ նյարդեր քայքայեն: Եվ հետո՝ վարորդները չունեն իրավասություն՝ բոյկոտը խոչընդոտելու, մարդկանց տրանսպորտից հանելու: Թեպետ այսօր մի վարորդ ասաց, որ իրեն ասվել է՝ չվճարողներին իջեցնել ավտոբուսից, սակայն ինքը բարեգութ է եւ չի լսել այդ հորդորները: Հաշվի առնենք նաեւ մի հանգամանք․ հանրային տրանսպորտը թանկացել է նաեւ նույն այդ վարորդների ընտանիքի անդամների` ծնողների, երեխաների, թոռնիկների, կողակիցների համար, հետեւաբար, նրանք էլ մարդ են, եւ այս լրացուցիչ բեռը մտահոգում է նաեւ իրենց: Սա անարդար թանկացում է, որից վարորդը ոչինչ չի շահում, հետեւաբար, ինչո՞ւ միջամտի եւ նյարդեր քայքայի: Վարորդները կա՛մ աջակցում են բոյկոտ անողներին, կա՛մ էլ նեյտրալ են: Յոթ ավտոբուս եմ նստել այսօր, միայն մեկի վարորդը` «ՄԱՆ»  ավտոբուսի, ասաց, որ չի կարող կանխիկ 100 դրամ վերցնել, որ դա խնդիրներ է ստեղծում վարորդների համար, մնացած վեց ավտոբուսի վարորդները լուռ վերցրին: Ակնհայտ տարբերություն նկատեցինք «Ժոնգ տոնգ» եւ «ՄԱՆ» ավտոբուսների վարորդների միջեւ: «Ժոնգ տոնգ»-ի վարորդները ոչինչ չասացին 100 դրամի համար, ավելին` դրանք վերցրին, իսկ «ՄԱՆ» տեսակի ավտոբուսների վարորդները թույլ չեն տվել քաղաքացիներին 100 դրամ վճարել՝ նշելով, որ եթե բոյկոտում եք, ոչինչ հարկավոր չէ: Ակնհայտ է, որ մի տեղ մի ցուցում է տրվել, մի տեղ` լրիվ այլ: Որեւիցե կոնֆլիկտ, որպես այդպիսին, չեմ նկատել:

- Այս ամենի կուլմինացիան ինչպե՞ս եք տեսնում: Ի՞նչ պրոցեսներ կհաջորդեն դրան: Երեկ Ավինյանը հայտարարեց, որ 100 դրամին վերադարձ չի լինելու:

- Քաղաքային իշխանությունը պետք է առաջարկի նորմալ պրոդուկտ, ինչը մենք բերելու ենք ավագանու նիստին՝ քաղաքացիները պետք է մեկ տոմսի համար վճարեն 100 դրամ: Մենք գալիս ենք դրան, համարյա մոտենում ենք հաղթանակին: Պետք է քաղաքային իշխանությունը տեսնի, որ մարդիկ չեն գնում տոմս: Եթե մեր քաղաքացիները լինեն միահամուռ եւ կազմակերպված, չընկրկեն, ապա 1 շաբաթ անց կունենանք հաջողություն: Այնուամենայնիվ, սա կախված է քաղաքացիներից, եթե համակերպվեն եւ վճարեն 150 դրամ, իշխանությունները հետքայլ չեն անի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image