«Հրապարակ». Դատապարտյալը կարել է աչքերն ու բարձրացել բերդի հիվանդանոցի տանիքը

«Հրապարակ». Դատապարտյալը կարել է աչքերն ու բարձրացել բերդի հիվանդանոցի տանիքը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Գալստյանը՝ «Պեսոկ» մականունով, արդեն 2 տարի է՝ պատերազմում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժծառայության եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դեմ: Նա սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի խնդիր ունի, պարբերաբար սրտի շրջանում ցավեր է ունենում ու կծկումներ: Մի անգամ նրանից փող են պոկել՝ բժշկական  միջամտության համար, որը դատապարտյալները ստանում են անվճար: Անցյալ տարի հասել է նրան, որ քրեական գործ է հարուցվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ նախկին պետի, Սասուն Խաչատրյանի մորաքրոջ որդի՝ Արտակ Սարգսյանի եւ նրա աշխատակիցների դեմ՝ կալանավորին խոշտանգելու համար: Տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ԱԱԾ-ականները մտնում հիվանդանոց ու կալանավորում պետին:

Խոշտանգված կալանավորը Պեսոկն էր: Բանն այն է, որ բժշկական ցուցումով նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն այնտեղ դատապարտյալին պահել էին փակ ռեժիմային խցում, ոչ թե թերապեւտիկ բաժանմունքում՝ զրկելով պատշաճ բուժում ստանալու, անգամ մաքուր օդ շնչելու իրավունքից: Ի նշան բողոքի՝ Հայկ Գալստյանը փորձել է կախվել սավանի միջոցով, ապա կարել է աչքերը: Ինքնավնասումները քննչական մարմինը որակել է որպես խոշտանգում ու ինքնասպանության դրդում: ««Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Արտակ Սարգսյանը եւ  աշխատակիցները՝ Արայիկ Հ․-ն եւ Վարդան Մ․-ն, դաժան վերաբերմունքի են ենթարկել, զրկել են բուժման իրավունքից, դիտավորյալ ենթարկել են հոգեբանական ճնշումների, դրդել են ինքնասպանության»,- ասված էր այս առիթով տարածված հաղորդագրության մեջ: Մի երկու շաբաթ առաջ էլ Հայկ Գալստյանը բողոքի նոր ակցիա է իրականացրել՝ բարձրացել է «Դատապարտյալների հիվանդանոցի» տանիքը, կարել աչքերը: Այս անգամ պատճառը Գալստյանին պետպատվերից զրկելն է եղել:  

ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը վստահեցնում է՝ Գալստյանը չի բարձրացել հիվանդանոցի տանիքը, թեեւ աչքերը, այո, կարել է: «Հայկ Գալստյանի աչքերն էս պահի դրությամբ կարված չեն, եւ շենքի տանիք էլ չի բարձրացել։ Նա աչքերը կարել էր «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ պայմանավորված իր առողջական խնդիրներով»,- հաղորդում է խոսնակը: Գալստյանին աորտոկորոնար շունտավորման վիրահատություն է հարկավոր, ժողովրդի լեզվով՝ սրտի շունտավորում: Ըստ դատապարտյալի՝ կա բժշկական ցուցում, սակայն հիվանդանոցի բուժծառայության պետ Վահագն Ոսկանյանը հրաժարվում է պետպատվերի շրջանակներում հիվանդին ուղեգրել քաղաքացիական հիվանդանոց՝ պատճառաբանելով, թե Գալստյանը պետք է իր հաշվին անի դա, ոչ թե պետպատվերով: 

«Ստենտավորվել եմ 2 անգամ, օգուտ չի տվել, հիմա պետք է շունտավորում։ Ուղեգիր եմ ուզում Վահագն Ոսկանյանից, որ ուղարկեն վիրահատության, ասում ա՝ քո հաշվին գնա: Ասում ա՝ էդ ձեւ ա, եթե դատվեմ էլ, ամենավերջին վատությունը քեզ պտի անեմ, ես էլ ասեցի՝ դե, բռնվի»,- պատմում է դատապարտյալը: Նա վստահ է, որ բուժծառայության պետն անձնական վրեժխնդրությունից դրդված է իրեն ուզում վատություն  անել, քանի որ իր հաղորդման հիման վրա Ոսկանյանի դեմ քրեական գործ են քննում: Հայկ Գալստյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ պահանջելով վերականգնել բուժման իր իրավունքը: Ի պատասխան բողոքների, նրան 2 օր առաջ հետ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ, առանց բուժում ստանալու:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ինքնասպանության փորձերի եւ ինքնավնասման դեպքերի վիճակագրությամբ համակարգի ռեկորդակիրն է: Անցյալ տարի ինքնավնասման դիմած 366 անձանցից 139-ը «Նուբարաշենից» էին: Դիմեցինք Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանին: Պարզվեց՝ ՊՈԱԿ-ը դեռ որոշում չունի Գալստյանի վերաբերյալ: «Շունտավորման անհրաժեշտությունը դեռ գնահատված չէ, ներկա պահին մենք հակասություններ ունենք, մի բժիշկն ասում է՝ պետք է, մյուսը ասում է՝ ոչ: Հիմա դատապարտյալը նորից պետք է լրահետազոտվի, ու եթե լինի այդ ցուցումը, կկատարվի պետպատվերի շրջանակում, դեռ հստակեցման ճանապարհին է»,- ասաց Բաբայանը: 

Կալանավայրում հեշտ չէ պաշտպանել առողջությունը: Եթե դատապարտյալը չունի ամենօրյա պայքարի կամք, նրա առողջությունը կքայքայվի, ինչպես եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում, ինչպես եղավ հացադուլի հետեւանքով վերջերս մահացած Արմեն Մնացականյանի եւ շատ այլ դեպքերում: Հայաստանում բանտային պայմանները շարունակում են պատժիչ դեր խաղալ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Պեսոկը եղել է այն «քրեականներից», որոնք 2010-ին «Կոշ» ՔԿՀ-ում հարձակվել են Մարտի 1-ի գործով դատապարտված Նիկոլ Փաշինյանի վրա: «2010-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվե՞մ, թե՞ չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը 2020-ին: Պեսոկը չի բացառում, որ իր նկատմամբ դրսեւորվող դաժանությունը վրեժ է կալանավայրում տեղի ունեցած այս միջադեպի համար: