Նիկոլ Փաշինյանի եւ այլոց երկու ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի եւ այլոց երկու ճանապարհը

ՀՀ կառավարության նիստերը խոհափիլիսոփայական, գաղափարաքաղաքական, բարոյախրատական, քարոզչադաստիարակչական եւ այլ թեմաներով ելույթների վայրի վերածած Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին, ի լուր աշխարհի, ասաց․ «Հայաստանում ուժեր կան ու միշտ եղել են, որ ասում են՝ հարկ մի վճարեք»։
Պարզապես մեջբերումներ անենք։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդված, կետ 8․ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»։ Եթե մեկը մյուսին ասում է մի վճարիր հարկերը, ուրեմն ասում է՝ խախտիր Սահմանադրությունը։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի  473 հոդվածով քրեական հանցագործություն է որակված հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելը։ 
Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ուժեր կան ու միշտ եղել են, որ ասում են՝ հարկ մի վճարեք, ուրեմն հաստատապես գիտի, որ կան հակասահմանադրական քայլեր քարոզող ուժեր՝ Հայաստանին վնասող ուժեր։ 

Հիմա Նիկոլ Փաշինյանը երկու ճանապարհ ունի։

•    Պիտի դիմի իրավապահներին, անուններ տա եւ ասի այն ամենը, ինչ գիտի այս հակահայաստան ուժերի մասին։ Դատելով կառավարության նիստում նրա ինքնագոհ տեսքից՝ շատ բան գիտի։

•    Եթե սա չանի, ուրեմն ինչպես հրապարակավ ասել է, որ Հայաստանում նման ուժեր, հաջորդ նիստերից մեկում նույնկերպ պիտի ասի, որ սուտ է խոսել։
Իրավապահներն էլ երկու ճանապարհ ունեն։

•    Պիտի քրեական վարույթ նախաձեռնեն, հարցաքննեն Նիկոլ Փաշինյանին, կանխեն կամ գոնե նվազեցնեն հակասահմանադրական քայլեր քարոզող ուժերի գործունեության բացասական հետեւանքները։ Եթե Նիկոլ Փաշինյանը բան չասի, նրան իմանալ-չհայտնելու մեղադրանք առաջադրեն, վերը նշված 473-րդ հոդվածի համաձայն։

•    Եթե սա չանեն, պիտի ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ՝ «Սուտ մատնություն», հոդվածով քրեական վարույթ նախաձեռնեն եւ մեղադրանք առաջադրեն Նիկոլ Փաշինյանին։

Եթե այս չորսից ոչ մեկը չլինի, ապա կգա մի լուսավոր օր եւ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ՝ «Պաշտոնեական անփութություն» հոդվածով մեղադրանք կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, եւ այսօրվա իրավապահներին։ Շատերին։ Գալու է այդ օրը, քանի որ ապագա կա։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ