Ալիեւը «գայթակղում» է ադրբեջանցիներին, որ տեղափոխվեն Արցախ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետեւանքով ավելի քան 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։ Դեռ 2020 թվականից Ադրբեջանի սկսած հայկական մշակութային ցեղասպանությունն ուղեկցվեց ադրբեջանցիների համար բնակելի տներ կառուցելու գործընթացով՝ քանդելով եւ ավերելով արցախահայերի տները։ Դրա հերթական դրսեւորումը Քանգարլի գյուղի շինարարությունն է՝ Ակնայում։ Ենթադրաբար, 2 հազար 500 բնակչություն ունեցող գյուղի շինարարությունն ամբողջովին ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Գյուղը բնակեցնելու համար, որպես խթան, ծրագրվում է շահագործել Պարտավ-Ակնա-Ստեփանակերտ երկաթուղին՝ ապահովելու ուղեւորների արագ եւ անվճար տեղաշարժը։
Եթե Ադրբեջանն իր ագրեսիան արդարացնելու համար թմբկահարում է Արցախի՝ երբեմնի «ադրբեջանական բնակչության» գոյության փաստն ու հայտարարում «մեծ վերադարձ»-ի մասին, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է «գայթակղիչ» գյուղի կառուցումը, այնտեղ մարդկանց ապրելու հրավիրելը, սոցիալական տարատեսակ ծրագրեր առաջարկելը։ Որտե՞ղ է այն «արցախաբնակ ադրբեջանցին», որն իբր պատրաստ է վերադառնալ եւ սեփական ձեռքով տուն կառուցել, ինչն արել են իրենց հողին կառչած, սակայն այսօր բռնի տեղահանված արցախահայերը։
Սա վկայում է այն մասին, որ այստեղ ապրող եւ այս հողին կապված ադրբեջանցիներ չեն եղել, ինչը նշանակում է, որ տեղի ունեցողն արհեստական եւ ուղղորդված գործընթաց է, իսկ ադրբեջանցիները խուսափում են Արցախ տեղափոխվել, քանի որ գիտեն՝ դա կարող է շատ ժամանակավոր լինել․ բնիկ արցախցիները մի օր պետք է վերադառնան։ Իշխանությունների նպատակն է հայկական Արցախն ադրբեջանցիներով բնակեցնելը, որ Արցախի հարցը վերջնականապես փակվի, ինչն արել են Նախիջեւանում եւ Հյուսիսային Արցախում։
Կարծիքներ