Հրապարակվել է Հայաստան-Սիրիա հայտնի ռազմատեխնիկական համաձայնագրի տեքստը

Հրապարակվել է Հայաստան-Սիրիա հայտնի ռազմատեխնիկական համաձայնագրի տեքստը

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված աղմուկը խոստանում է զարգանալ նոր թափով։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակվել է 2001թ․ օգոստոսի 27-ին Դամասկոսում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի տեքստը, որը առավել քան ամրապնդում է եղած մտահոգությունները, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկվել է մեղմ ասած՝ օրենսդրության շրջանցումով։ Նախ, համաձայնագիրը կնքվել է նպատակ ունենալով փոխադարձ վստահության, հավասարության եւ փոխշահավետության սկզբունքների հիման վրա զարգացնել ռազմատեխնիկական համագործակցություն։ Ընդ որում, համաձայնագրի հոդված 1-ով սահմանվում է, որ համագործակցության զարգացումը, որոնք կոչված են լինելու ամրապնդել երկու երկրների պաշտպանական ներուժները, իրականացվելու են ազգային օրենսդրությունների համապատասխան։ Ավելին, արդեն հոդված 2-ում սահմանվում է պայմանագրի կարգավորման առարկան, որը սահմանում է, որ համագործակցությունը երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում իրականացվում է ռազմական գիտության եւ տեխնիկական զարգացման հարցերով փորձի փոխանակման, տիատեխնիկական համատեղ հետազոտությունների եւ ռազմական տեխնիկայի եւ անձնակազմերի որակավորման ուղղություններով։ Սա այն հոդվածն է, որի վրա հիմնվում են Սիրիա հայկական զորախումբ ուղարկած իշխանությունները։ Հոդվածում իհարկե սահմանվում է, որ կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաեւ այլ ոլորտներում, սակայն նույնիսկ ամենաքմահաճ մեկնաբանության դեպքում էլ սա չի կարող ընկալվել որպես հիմք՝ Սիրիա զորախումբ ուղարկելու համար որպես «կանաչ լույս»։ Չափազանց ուշագրավ է այն, որ համագործակցության իրականացումը ենթադրում է տարբեր նպատակների համար փոխայցեր՝ ասենք՝ աշխատանքային, պաշտոնական, տեխնիկայի եւ զորավարժությունների ցուցադրման կամ խորհրդատվական բնույթի այցեր։ Ենթադրում է նաեւ համագործակցության ոլորտներին համապատասխան աշխատանքային խմբերի ստեղծում։ 83 հոգանոց զորախումբը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ երբեք չես կարողանա «խցկել» թեկուզ այդ աշխատանքային խմբի հոդվածի տակ։ Եթե անգամ, ենթադրենք, որ այս պայմանագրում եղել է լրացում կամ փոփոխություն, ապա այն պետք է անցներ ռատիֆիկացիայի ողջ պրոցեդուրալ համակարգը եւ Հայաստանում եւ Սիրիայում, ընդ որում՝ որեւէ լրացում կամ փոփոխություն գրավոր ձեւակերպման է ենթակա պարտադիր կերպով, իսկ նման բան երբեք չի եղել։ Այսքանից հետո, մնում է միայն փաստել, որ Սիրիա զորախումբ ուղարկելու իրավական բազան չափազանց խախուտ է եւ նույնիսկ ոչ-մասնագիտական քննության, չի դիմանում։