Ահաբեկիչներին, այո, պետք է ֆիզիկապես ոչնչացնել տեղում

Ահաբեկիչներին, այո, պետք է ֆիզիկապես ոչնչացնել տեղում

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, որ ահաբեկչության դեպքում ահաբեկիչները ֆիզիկապես կոչնչացվեն, իրարանցում է առաջացրել հանրության շրջանում: Մի հսկայական զանգված, եթե ուրիշ բան չասեմ, Ցռան Վերգոյի վիճակում է, իսկ որոշ կայքեր էլ օրվա գլխավոր հարվածն ուղղել են Վիտալի Բալասանյանի դեմ, թե բա Արցախի հերոսն ուզում է սպանել Նիկոլին: «Սասնա Ծռեր» կուսակցությունն էլ (ի դեպ՝ ինձ ասել են, որ իսկական Սասնա ծռերին չշփոթեմ համանուն կուսակցության հետ) մի սրտաճմլիկ հայտարարություն է տարածել, թե ո՞նց կարելի է բռնության կոչեր անել: Մի հատ հանգստացեք, հա: Ես պահանջում եմ, որտեղ էլ լինի՝ Հայաստանում, թե Արցախում, Սիրիայում, թե Իրաքում, Նյու Յորքում, թե Մոսկվայում, աշխարհի որ անկյունում էլ լինի՝ ահաբեկչություն իրականացնողին հենց տեղում ֆիզիկապես ոչնչացնել և գերի չվերցնել ոչ մի պարագայում: Ով չհասկացավ՝ նորից բացատրեմ: Ով ռումբ դնի դպրոցում, որտեղ մեր երեխաներն են սովորում, տեղում ֆիզիկապես կոչնչացվի: Ո՞վ է դեմ:

Միամիտ հանրությունը գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ընկալում ու հասկանում է այնպես, ինչպես մատուցում են՝ քաղաքական նպատակահարմարությամբ ծռմռված ու աղավաղված: Մինչդեռ Բալասանյանի հայտարարությունը որևէ քաղաքական ենթատեքստ չունի և ուղղված է բացառապես ահաբեկչություն երևույթի դատապարտմանը: Վիտալի Բալասանյանը Արցախի և Հայաստանի միջև գծեր չի քաշել, ստում եք, պարոնայք: Արցախի և Հայաստանի միջև գծեր քաշողները «հեղափոխական» ավտոշարասյուներով Արցախ գնացողներն էին, Իսկ Վիտալի Բալասանյանն այն գեներալն է, ով Արցախից եկավ Հայաստան և, գործադրելով իր հեղինակությունը, վերջակետ դրեց ՊՊԾ գնդում ծավալված արկածախնդրությանն ու մարդասպանությանը: Եվ այն, որ 2016-ին այդ հրեշավոր գործողության կազմակերպիչներն ու կատարողները ֆիզիկապես չոչնչացվեցին, նաև Վիտալի Բալասանյանի շնորհիվ է: Եվ ուրեմն ո՞վ, եթե ոչ Վիտալի Բալասանյանն իրավունք ունի ասելու, որ ահաբեկիչներին, ով էլ լինեն, այլևս չեն ներելու:

Հիմա գանք հայ մայրերին վիժեցնելու հետ կապված Բալասանյանի դիտարկմանը: Գրում են, թե բա ո՞նց կարելի է Նիկոլին մեղադրանքներ ներկայացնել, թե նա չի թողնում, որ հայ մայրերը հերոսներ ծնեն: Բայց եկեք մեզ հարց տանք մի պահ՝ Հայաստանում և Արցախում մեկնումեկն այնքան կա՞, որ հայ մայրերին չթողնի հերոսներ ծնել: Շան գլուխն այս դեպքում այլ տեղ է թաղված և չփորձեք, խնդրում եմ, աչքս կոխել Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու փաստը: Ես ուրախ եմ, որ Աշոտիկը ծառայում է Հայոց բանակում, ավելին ասեմ՝ հպարտ եմ, որ Աշոտիկը հենց Արցախում է ծառայում և որոշ չափով զերծ է մնացել Հայաստանում տեղի ունեցող երիտասարդության համատարած «ոչխարացումից»: Այս երիտասարդությունը 2 տարի առաջ այսպիսին չէր, այս աստիճան վարակված չէր սորոսական ախտով, այս աստիճան հեռացած չէր իր ազգային արժեքներից, իր հավատից, այսքան երկչոտ ու վախեցած չէր, ոչ միայն սեփական իշխանություններից, այլև թշնամուց: Էս ի՞նչ վիճակ է, պարոն Փաշինյան: Բայց չէ՞ որ այդ երիտասարդներին հայ մայրերն են բերել, որ հայրենիք պահեն, Հայաստան շենացնեն, ընտանիք կազմեն, ազգ բազմանա: Էս ի՞նչ մթնոլորտ եք ստեղծել Հայաստանում, վախեցնում եք բոլորին՝ ես եմ՝ որ կամ, ոնց ասեմ՝ այդպես պիտի լինի… Բա ո՞ւր են հեղափոխական օրերի խոստումները, որ Հայաստանը դարձնելու եք մի երկիր, որտեղ ամեն մարդ կկարողանա ինքնադրսևորվել և բարձունքների հասնել: Առայժմ բարձունքների են հասնում քայլարածներն ու նրանց ազգուտակը: Դուք էլ, պարոն Փաշինյան, նստել եք դրանց գլխին ու՝ ԱԱԾ, Ոստիկանություն, դատախազություն, ՀՔԾ, ՔՔԾ առաջ տված, գնում եք: Էդ քիչ էր, մի հատ էլ վարչապետի դուռը քացով բացող առանձնակի գումարտակ եք ստեղծում ձեր շուրջ, որ երիտասարդությունն ավելի վախենա ու ճնշվի ձեր ուժից: Սա արդեն չեղավ վարչապետ, այլ եղավ՝ Հայաստանի «գող», որին պետք է ամենքը «պրիզնատ» գան: Եվ այս սերունդը, որ պատերազմ չի տեսել, ի՞նչ է դառնալու այս կյանքում Ձեր դաստիարակության պայմաններում: Այս սրա մասին է խոսում Վիտալի Բալասանյանը:

Կանգ առ, աշխարհ, իջնող կա… Հերոսին հայհոյում է չկայացած դերասանը, թավշյա Հայաստանը, Հայաստանի թավշյա իշխանությունը այդ իշխանության թերմացքից լափող ընդդիմությունը և մի հոգի Արցախում: Դե արի, հերոս գեներալ, ու այսքանին բացատրիր, որ ահաբեկչությունը, երբ գալիս է, թավիշ ու քաթան չի հարցնում, որ էդ անտերին դիմակայելու համար պետք է լավ պաշտպանված երկիր ունենաս, անվտանգության համակարգ և, իհարկե, ինքնապաշտպանության բնազդ:
Հ.Գ. Սա էլ ասեմ, որ այս ամենը միակողմանի չստացվի: Պարոն Բալասանյան, պատերազմ ու բանակ չտեսածներն, առհասարակ, սապոգի լեզուն մի քիչ դժվար են հասկանում: Մյուս անգամ փորձեք ավելի մեղմ բառեր գործածել: Սա Ասկերանը չէ:
Պատիվ ունեմ: