Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով․Բակո Սահակյան

Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով․Բակո Սահակյան
Բակո Սահակյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

Մենք մեծ ոգեւորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ եւս արժեւորելով ու կարեւորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը հայրենիքի եւ հարազատ ժողովրդի պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, պետության բնականոն կենսագործունեության ապահովման գործում:

Փառաբանում ու մեծարում ենք մեր ողջ ժողովրդին, որ իրավամբ հանդիսանում է հայրենյաց պաշտպան, իր հող ու ջրի, իր երկրի ու օջախի պաշտպանը, այն հողի, որտեղ հանգչում են մեր նախնիների մարմինները, որը սրբացել է հարազատ երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաների, քույրերի ու եղբայրների արյամբ:

Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով, քաջությամբ ու խիզախությամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին եւ պատվով են կատարում հայրենյաց պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»: