Ռուսաստանը կճանաչի՞ Կոսովոն

Ռուսաստանը կճանաչի՞ Կոսովոն

ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ Բելգրադում հանդիպումից հետո Սերբիայի նախագահ Վուչիչն ասել է, որ «անհանգստացած է»: Նրա խոսքերով՝ «առանցքային է եղել ինքնավար երկրամասում (Սերբիայի սահմանադրությամբ Կոսովոն ինքնավար կազմավորման կարգավիճակ ունի) իրավիճակի թեման»:  Վուչիչին ավելացրել է, թե չի ցանկանում թաքցնել, Սերբիային սպասվում են դժվար ժամանակներ՝ կապված ինչ-որ ծրագրերի իրականացման հետ, որոնք Բելգրադը «պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չի ստացել»: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին եւ ավելացնում, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բելգրադ ուղեւորվելուց առաջ ասել էր, թե Սերբիայի նախագահի հետ մտադիր է քննարկել Կոսովոյի հետ հարաբերությունների հացը՝ ներառյալ հունիսի 27-ին Սպիտակ տանը Սերբիայի եւ Կոսովոյի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ԱՄՆ նախաձեռնությունը: Սերբիայի նախագահի ասածից հստակ չի հասկացվում՝ նա այդ հանդիպմանը համաձայնություն տվե՞լ է, թե՞ մերժել: Չափազանց ուշագրավ է, որ այդ հարցում Սերբիայի նախագահին համոզելու առաքելություն ստանձնել է Ռուսաստանը, որը Կոսովոյի անկախությունը չի ճանաչել եւ ավանդաբար համարվում է Բելգրադի մերձավոր դաշնակիցը:

Հնարավոր է՝ Կոսովոյի հարցում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ինչ-որ պայմանավորվածությունների են գալիս: Վերջերս միջազգային մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ընթանում են Բելգրադ-Պրիշտինա գաղտնի բանակցություններ, որոնց առարկան Կոսովոյի սերբաբնակ շրջանների փոխանցումն է Բելգրադի լիարժեք իրավազորությանը: Այս ծրագրի՞ մասին է ակնարկել Սերբիայի նախագահը: Բայց ավելի հետաքրքրական է դրանում Ռուսաստանի միջամտության հանգամանքը: Փոխարենն ի՞նչ է ակնկալում Մոսկվան: Մի՞թե Կոսովոյի անկախության ճանաչման դիմաց՝ Ղրիմի հարցում ԱՄՆ-ի եւ առհասարակ Արեւմուտքի համարժեք վերաբերմունք: