Դատարանը Փաշինյանին չարգելեց մեկնաբանել Քոչարյանին

Դատարանը Փաշինյանին չարգելեց մեկնաբանել Քոչարյանին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, (դատավոր՝ Կ․ Չօլինգարյան) գրավոր ընթացակարգով քննելով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հայցի ապոհովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, այն մերժել է 14․12․2018 թ․ որոշմամբ։

Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել էր «...պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները» Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևյալ եզրակացություններին՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

Սույն գործի` վերը նշված փաստերից ակնհայտ է, որ գործը հարուցվել է երկու ֆիզիկական անձանց միջև ծագած ու ենթադրյալ զրպարտությամբ անձի պատվի և արժանապատվության արատավորմանը վերաբերող վեճի առթիվ։ Այս եզրակացությունը բխում է հայցը ֆիզիկական անձ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ֆիզիկական անձ Նիկոլ Վովայի Փաշինյանի (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի) դեմ հարուցված լինելու փաստից, ինչպես նաև այն փաստից, որ հայցվորը միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին) որոշակի գործողություններ կատարելն արգելելու ձևով։

Այդուհանդերձ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ իր միջնորդությունը հիմնավորելու նպատակով հայցվորի կողմից բերված բոլոր փաստարկների հիմքում, ինչպես նաև վերաքննիչ բողոքի փաստարկների հիմքում դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի պաշտոնեական դրությունը, չնայած ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Նիկոլ Վովայի Փաշինյանը չի կորցրել իր` սովորական հիմունքներով քաղաքացիական շրջանառությանը մասնակցող ֆիզիկական անձի կարգավիճակը։

Տվյալ դեպքում զուգահեռաբար գործող այս երկու կարգավիճակների վկայակոչման նպատակն այն իրողության արձանագրումն է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը քաղաքացիական գործով պատասխանող կարող է լինել և՛ որպես ՀՀ վարչապետ, և՛ որպես ֆիզիկական անձ, ընդ որում, այդ տարբերակումը ձևական բնույթ չունի և հայցը ֆիզիկական անձ Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված լինելու պարագայում ողջամիտ կասկածի տակ է դնում այն դիրքորոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, թե նրան, որպես պատասխանողի, որոշակի գործողություններ կատարելն արգելելու ձևով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքում կարող է դրվել նրա, որպես ՀՀ վարչապետի, խոսքի հնարավոր ազդեցությունը, կամ նրա, որպես ֆիզիկական անձի, արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել այն նույն չափանիշների կիրառմամբ, որպիսիք կարող են կիրառելի լինել ՀՀ վարչապետի կամ այլ պետական պաշտոնատար անձի արտահայտվելու ազատության սահմանափակման հարցը քննարկելիս։

Նշված կասկածը փարատող հիմնավորումներ չեն պարունակվում ո՛չ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության տեքստում, ո՛չ էլ այդ միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում։ Ավելին, վերաքննիչ բողոքում վկայակոչված` անմեղության կանխավարկածը տվյալ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից պաշտպանելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված դիրքորոշումները ոչ միայն Դատարանին ներկայացված չեն եղել ու չէին կարող անտեսվել Դատարանի կողմից, ինչպես պնդել է բողոք բերած անձը, այլև ներկայացված լինելու պարագայում անգամ վերաբերելի չէին լինի ֆիզիկական անձի կարգավիճակով պատասխանող հանդիսացող Նիկոլ Վովայի Փաշինյանին ու չէին կարող ծառայել նրա` արտահայտվելու ազատությունը հայցվորի ակնկալած ձևով սահմանափակելու նպատակին, առավել ևս, որ այդ դիրքորոշումներն էլ չեն արտոնում արտահայտվելու ազատության` որոշակի հարցի (քննվող քրեական գործի) վերաբերյալ արտահայտվելու մասով բացարձակ բնույթ կրող ու այնպիսի խիստ սահմանափակում, ինչպիսին հայցվորի ակնկալածն է։

Բանն այն է, որ հայցվորն ակնկալել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքների` պատասխանողի կողմից հրապարակային մեկնաբանությունների բացարձակ արգելք, առանց տարբերակելու կամ սահմանազատելու այնպիսի հնարավոր մեկնաբանությունները, որպիսիք, նույն քրեական գործի հետ կապված հանգամանքների վերաբերելով հանդերձ, չեն վերաբերի հենց հայցվորին ու չեն պարունակի նրա անմեղության կանխավարկածը խախտող կամ նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող դատողություններ, կամ միտված կլինեն հենց հայցվորի անմեղության կանխավարկածի պաշտպանությանը և այդ կապակցությամբ հանրային զուսպ մթնոլորտի ձևավորմանը, մինչդեռ այդպիսի բնույթ ունեցող ու պատշաճ շրջահայացության և զգոնության պահպանմամբ կատարված հրապարակային հայտարարությունները չեն արգելվում ոչ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով, ոչ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` հենց վերաքննիչ բողոքում հիշատակված վճիռներում պարունակվող դիրքորոշումներով։

Շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ պատասխանողը, որպես ֆիզիական անձ, լիարժեքորեն օգտվում է Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներով երաշխավորված ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով անմեղության կանխավարկածին վերաբերող մասով արդեն իսկ սահմանափակված` ազատ արտահայտվելու իրավունքից, և հակառակի ու նշված նորմերը Դատարանի կողմից սխալ կիրառված լինելու մասին բողոք բերած անձի պնդումները հիմնավորված չեն։ Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գրավոր ընթցակարգով այս գործը քննվում էր Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քրգործի շրջանակներում՝ որպես hայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Այլ խոսքով՝ Հայկ Ալումյանը միջնորդել էր, որ մինչև պատվի և արժանապատվության հայցի քննությունը Փաշինյանը չկարողանա խոսել Քոչարյանի մասին։