Ընդդիմության խնդիրը՝ ընտրությունից առաջ և հետո

Ընդդիմության խնդիրը՝ ընտրությունից առաջ և հետո

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ եւ հետո քննարկվող առանցքային թեմաներից մեկն ընդդիմության խնդիրն է: Եթե ընտրություններից առաջ ակտուալ էր «փնտրվում է Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր» կարգախոսը, եւ ՀՀԿ-ՀՅԴ դուետից բացի որեւէ մեկի լեզուն չէր բռնում թթու խոսք ասել նոր իշխանությանը, ապա ընտրությունից անմիջապես հետո  քաղաքական ուժերը սահուն դիրքավորվում են ընդդիմադիր դաշտում՝ ձեռնոց նետելով հեղափոխական իշխանություններին։ Առաջին մարտահրավերը հնչեց «Սասնա ծռերից»։ Փաշինյանի քաղաքական կամքի արդյունքում ազատության մեջ հայտնված «ծռերը», նոր խորհրդարանը դեռ չձեւավորված, սպառնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ։

Վարուժան Ավետիսյանը երեկ վերահաստատեց իրենց այն քաղաքագիտական կանխատեսումը, թե 1,5-2 տարվա կյանք է ունենալու խորհրդարանը, եւ անհրաժեշտություն է ծագելու նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ավելին՝ կարծում են, որ դրա անհրաժեշտությունն ավելի շուտ է առաջանալու, քանի որ նոր խորհրդարանը ոչ թե նախորդից ավելի առողջ, այլ ավելի հիվանդ խորհրդարան է լինելու․ «Ո՛չ Մարտի 1-ին կոալիցիայի մաս կազմած ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, ո՛չ էլ իր ամբողջ գոյության ընթացքում ընդամենը ձեւական ներկայություն ապահոված ուժերը, որոնք բոլոր հարմար առիթների դեպքում ծռմռվում են իշխանությունների առաջ, ֆոտոսեսիաներ են անում, ուղղակի օդ են տատանում, որպեսզի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն: Ասածիս մեջ դուք շատ շուտով կհամոզվեք, պետք է նկատի ունենանք, որ եթե մեկն ուղիղ օլիգարխիկ ուժ է, ապա մյուսը եւս քողարկված նույնպիսի ուժ է: Քաղաքական, տնտեսական համակարգային խիստ լյուստրացիայի անհրաժեշտություն կա, մինչ այդ մենք չենք կարող ձեւավորել ազգային, պետական, ժողովրդավարական համակարգ»։ Իրենց կուսակցությունն ընդունել է ընտրության արդյունքները` հաշվի առնելով, որ ժողովրդի կամքն անքննելի է։

Այդուհանդերձ, «Սասնա ծռերը» չի պատրաստվում փողոցային պայքարը գործիք դարձնել նոր իշխանության դեմ՝ նոր խորհրդարան ձեւավորելու պահանջով, շեշտում է նաեւ, որ նոր խորհրդարանի ժամանակավոր լինելու կանխատեսումները միայն իրենց կուսակցությանը չեն պատկանում․ «Շատ ուրիշներ, փորձագետներ, այլ ուժեր եւս այդ կարծիքի են»։ Հետեւաբար, ըստ Վարուժան Ավետիսյանի, մոտ ապագայում կստեղծվի հասարակական պահանջ՝ նոր խորհրդարանը ցրելու։ «Մենք չենք ասում, թե դուրս ենք գալու փողոց, գնալու ենք խորհրդարանը ֆիզիկապես ցրենք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ Փաշինյանն ինքը հաշվի կնստի հանրային այդ պահանջի հետ։ Նա հղում արեց այդ առթիվ Հանրայինի եթերում Փաշինյանի տված հավաստիացմանը։ 

Ի դեպ, համացանցը վերջին օրերին ողողված է ապագա խորհրդարանի ժամանակավոր լինելու մասին կանխատեսումներով, որոնց հիմքում տարբեր բաղադրիչներ են։ Օրինակ՝ հրապարակախոս, դասախոս Նարինե Դիլբարյանը, հիմք ընդունելով ընտրության մասնակցության նվազ ցուցանիշը, կարծում է, որ «այսպիսի մասնակցությամբ անհնար է քաղաքացիական լայն աջակցություն ունեցող եւ ՀՀ ընտրողների մեծամասնության կամքն արտահայտող խորհրդարան ձեւավորել, ուստի նոր խորհրդարանի ժամանակավոր կամ անցումային լինելու դրույթը գնալով ամրակայվում է՝ անկախ այն աներկբա փաստից, որ ընտրությունները հիմնականում ունեցել են ազատ եւ օրինական ընթացք»: Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանի դիտարկմամբ էլ՝ «ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական միավորներին: Այդ մերժումը վկայում է նաեւ նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին»:

«Ընտրություններն անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում եւ հապշտապ, ինչի հետեւանքով նախկին վարչակարգից մնացած քաղաքական ավերակների վրա նոր, կենսունակ քաղաքական դաշտ չձեւավորվեց: Ըստ այդմ՝ ձեւավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական եւ կենսունակ ընդդիմության»,- կարծում է տիկին Մկրտչյանը եւ պատրաստակամություն հայտնում նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ։ 

Նոր իշխանությանը «բռնվելու» հաթաթաներ են տալիս հետընտրական շոկը դեռեւս չհաղթահարած ՀՀԿ-ականները՝ սպառնալով մինչեւ անգամ փողոցային պայքարով։ Կոնսոլիդացիա է նկատվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նոր իշխանություններին չի պատրաստվում խնայել նաեւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որն այս ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարեց Արամ Զավենիչի հետ կազմած «Մենք» դաշինքով։ Դաշինքն այդ ընտրության հաջորդ օրը թեպետ հայտարարություն էր տարածել՝ ողջունելով վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած ընտրությունները, «որտեղ իրենց գործուն ազդեցությունը չեն ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները», այդուհանդերձ, արձանագրել են, որ քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական եւ ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբեւեռ Ազգային ժողով, ինչը, ըստ դաշինքի, երկրի զարգացման տեսանկյունից եւ խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երեւույթ չէ:

ԱԴ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը չի կարող ասել՝ նոր խորհրդարանը ժամանակավո՞ր է եւ որքան կյանք կունենա․ «Դա ձեւավորել է ՀՀ քաղաքացին եւ ինքն էլ թող որոշի, թե ինչքան կյանք է տալու նրան»։ Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ է դիրքավորվելու ԱԴ-ն, Խաչատրյանը պատասխանեց․ «Մեր կուսակցությունը, ինչպես տարիներ շարունակ եղել է իր հստակ դաշտում, գաղափարական հենքով, նույնն անելու է հիմա։ Շարունակելու ենք ուշիուշով հետեւել երկրում ընթացող բոլոր գործընթացներին, մեր շուրջը հավաքել մեր գաղափարակիցներին ու մի շարք ծրագրեր ենք իրականացնելու քաղաքական դաշտի բյուրեղացման ուղղությամբ, օրակարգային հարցերի վերաբերյալ հստակ հայտարարություններ կլինեն»։

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» դեռ որեւէ հայտարարությամբ չի արձագանքել տեղի ունեցած արտահերթ ընտրություններին․ կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը հորդորեց չշտապել՝ «չի եղել՝ կլինի»։ Իսկ անձամբ իր կարծիքով՝ նոր խորհրդարանը ձեւավորվելու է «ազատ, արդար ընտրությունների արդյունքո՞վ»։ Հեղափոխությունից առաջ ընդդիմադիր կարգավիճակից հրաժարված «Ժառանգությունը» կվերագտնի՞ իր տեղը, թե՞ դեռ տեսանելի չէ։ «Եթե իմ անձնական տեսակետն ասեմ, ապա կառուցողական դաշտում պետք է որ լինենք, քանի որ ճիշտ չէր լինի հեղափոխության հետ լինելով՝ հիմա դառնանք ընդդիմադիր։ Ամեն դեպքում վարչությունը պետք է որոշի»։