Պատերազմը չթողեց, որ անգամ «բարոյական հաղթանակի» բերկրանքը զգանք

Պատերազմը չթողեց, որ անգամ «բարոյական հաղթանակի» բերկրանքը զգանք

Վանո Սիրադեղյանը դեռ տարիներ առաջ ախտաճանաչել էր․ «..Եվ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը կարծես թե ամենալավ առիթն էր` մեծագույն բարոյական հաղթանակի բերկրանքը զգալու։ Քանի տարի, Հայաստանում ու Սփյուռքում որքա՜ն սերունդներ են երազել, որ որևէ ԱՄՆ նախագահ արտաբերի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը՝ դրա իրավական ամբողջական իմաստով։ 

Արտասանեց՝ ճանաչեց 2021 թ․ ապրիլի 24-ին։ Չհաշված Ֆեյսբուքում մի քանի տասնյակ սրտառուչ գրառումները, որ «գաա՜նձ» և այլն, հատկապես ֆիզիկապես՝ Հայաստանում փոխաբերական և ուղիղ իմաստով հրավառություններ, ազդանշաններ, բուռն ցնծություն չեղան։ Կամ եղան անհամեմատ թույլ և քիչ։ Հայաստանը և Արցախը անասելի դառը պտուղներ էին ճաշակել ու շարունակում են ճաշակել` գոնե այս ապրիլի 24-ին լիաթոք ուրախանալու համար։ 

Ի տարբերություն, Սփյուռքում մի քիչ ավելի աշխույժ էր․ գերմանահայերը, լոսանջելեսահայերը դուրս էին եկել հայկական դրոշներով, պարում և ուրախանում էին։ 

ԱՄՆ-ում տասնյակ նահանգներում` Ֆլորիդայից մինչև Նյու Յորք, հայկական համայնքը փողոցում էր` շնորհակալություն հայտնելու ԱՄՆ իշխանություններին` ճանաչման համար։

Հիշեցնենք, թե ինչ է նշանակում Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Այն քաղաքական հստակ գնահատական է, որը 2021 թ․ ապրիլի 24-ից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք՝ օրենքի ուժով մերժումը արգելելու կամ, ասենք, ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սա չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը։