Նժդեհի «գործը»՝ իրավական աբսուրդ

Նժդեհի «գործը»՝ իրավական աբսուրդ

Ռուս-ադրբեջանական որոշակի շրջանակներ ակնհայտորեն ցնցված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե նացիստների հետ համագործակցության խնդրի ուսումնասիրությունը պետք է սկսել Վյաչեսլավ Մոլոտովից՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարից, որը ֆաշիստական Գերմանիայի իր պաշտոնակցի հետ ստորագրել է գաղտնի համաձայնագիր՝ Արեւելյան Եվրոպայում խորհրդա-գերմանական ազդեցության գոտիների մասին: Թեման, ինչ խոսք, Ռուսաստանի համար ցավոտ է, ուստի զորակոչվել է ռուս եւ ադրբեջանցի պատմաբանների, քաղաքագետների մի ջոկատ, որը պնդում է, թե Մոլոտովը ֆաշիստների հետ բանակցել է, բայց Գերմանիայի կողմից ԽՍՀՄ դեմ պատերազմ հայտարարելուց հետո դադարեցրել է բոլոր շփումները, մինչդեռ Նժդեհը շարունակել է համագործակցել՝ ընդհուպ մինչեւ երրորդ ռեյխի ջախջախում: Սա ոչ այլ ինչ է, քան՝ կախվել փրփուրներից, բայց մեզ այլ խնդիր է հուզում:

Ըստ արխիվային նյութերի, Գարեգին Նժդեհը ԽՍՀՄ պետանվտանգության նախարարությանը կից հատուկ հանձնաժողովի կողմից 1948թ. ապրիլի  24-ին դատապարտվել է  25 տարվա ազատազրկման: Նրա դեմ քրեական գործ հարուցվել է ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով: Մեղադրանքը՝ «հակահեղափոխական գործունեություն, հայրենիքի դավաճանություն»: Սա իրավական աբսուրդ է: Ձերբակալության պահին Նժդեհն ունեցել է Բուլղարիայի քաղաքացիություն: Զուտ իրավական առումով որպես «հայրենիքի դավաճանի» նրան կարող էր դատել Բուլղարիան, բայց երբեք՝ ՌԽՖՍՀ-ն:  

Ինչպես հայտնի է, Նժդեհը Բուլղարիայում ձերբակալվել է խորհրդային «Սմերշ» հակահետախուզական ծառայության կողմից: Այդ կառույցը պատերազմի տարիներին զբաղվում էր բանակի թիկունքում եւ օկուպացված տարածքներում ֆաշիստական գործակալական ցանցի բացահայտմամբ, գերմանական դիվերսիոն խմբերի վնասազերծմամբ: Եթե Նժդեհը ձերբակալվել է որպես «ռազմական հանցագործ»՝ ինչպես ռուս-ադրբեջանական քարոզիչներն են պնդում, ապա ինչու՞ նրան չի դատել ռազմական դատարանը: Հանրահայտ գեներալ Վլասովին, օրինակ, մահվան է դատապարտել ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան: Նժդեհի դեպքում, մինչդեռ, դատավճիռ կայացրել է ԽՍՀՄ պետանվտանգության նախարարությանը կից հատուկ հանձնաժողովը: Ստացվում է, որ Նժդեհը դատապարտվել է քաղաքական նկատառումներով, եղել է քաղբանտարկյալ: Եւ ենթակա է արդարացման: Հայ իրավաբանների, իրավապաշտպանների խնդիրն է՝ փաստական անառարկելի հիմքերով դիմել կամ Ռուսաստանի կամ միջազգային դատական ատյաններին՝ Նժդեհի գործի վերանայման եւ նրա արդարացման հայցով: Ի դեպ, Հայաստանի դատախազությունը դեռեւս 1992 թվականին Նժդեհի գործով արդարացման որոշում է կայացրել: