Անձը պատանդի կարգավիճակում է

Անձը պատանդի կարգավիճակում է
Մանվել Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ, այժմ մեղադրյալ Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ մի քանի բժշկական փորձաքննություններ են կատարվել։ Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց․ «Ժամկետների հետ կապված՝ մենք հիասթափված ենք, քանի որ չի երեւում ավարտը։ Միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան գրութամբ Մանվել Գրիգորյանը 3 օր գտնվեց «Արմենիա» ԲԿ-ում՝ իրենց կողմից մատնանշված բժիշկները փորձաքննություն իրականացրին, եւ արդյունքները մեր ձեռքի տակ կան։ Վերջիններս արձանագրեցին բացասական դինամիկա՝ մեկ տարի առաջվա տված հետազոտությունների համեմատ։ Սակայն վերջը չի երեւում, արդյունքում անձը, գտնվելով կալանքի տակ, գտնվում է պատանդի վիճակում»։ Պաշտպանի խոսքով՝ փորձաքննություններ են նշանակվել շաքարային դիաբետի, սրտի հետ կապված․ «Նա տառապում է մոտ 30 հիվանդություններով, գտնվում է անդամալույծի կարգավիճակում արդեն։ Չգիտեմ՝ ինչ ժամանակամիջոցում կփորձեն այդ եզրակացությունը տալ, ցավով եմ արձանագրում, որ կապված հիվանդությունների հետ՝ դրա իրավական կրողն այլեւս ՀՀ կառավարությունն է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացրած զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։ Մեկ այլ դրվագով Մանվել Գրիգորյանը եւ նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում են Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող տներից մեկում պահելու մեջ: