Այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարո՞ւմ են այն ծավալները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք

Այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարո՞ւմ են այն ծավալները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք

Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, և դա լինելու է առաջիկա մեր ամենակարևոր խնդիրներից մեկը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հայտարարություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես` զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար»,-ասաց նա։

Ապա ավելացրեց, որ այդ 2,5 միլիարդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով: 

«Հիմա հարց՝ արդյոք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարո՞ւմ են այն ծավալները, մասշտաբները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք։ Այո, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան հատուկ Քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից՝ մեր սահմանած նշաձողերն ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,-ասաց Փաշինյանը։