Պայքար «կանալիզացիայի» համար
Երևի պետք է գնալ եկեղեցի ու Աստծո առաջ երդվել, որ ինչքան էլ հիմար բաներ ասեն, ինչքան էլ ավանակություններ անեն, պետք չէ արձագանքել: Հիմա, մեր ժողովուրդն էլ ուրիշ կոլորիտ ունի․ աֆրիկյան ցանկացած ցեղի առանձնյակներ, որոնք հագուստ չեն կրում, կնախանձեին հայերին:
Գրիգոր Հարությունյանին անձամբ չեմ ճանաչում, բայց մինչև վերջերս բարեկիրթ անձնավորության տպավորություն է թողել: Տրամաբանական դատողություններ է անում, մտահոգված է երկրի ճակատագրով: Բայց մինչ օրս անհայտ էր նրա մեկ այլ կողմ. նա 1in.am – ի web-աստղն է և, ինչպես բոլոր աստղերը, օրինակ, հոլիվուդյան, նա ևս զերծ չի մնացել «աստղային հիվանդությունից»: 1in.am – ին տված հարցազրույցում ՀԺԿ (հետաքրքիր է, թե կուսակցություն անվանվող այդ կազմակերպությունում քանի մարդ կա) քարտուղար Գրիգոր Հարությունյանն արել է ուշագրավ դատողություններ՝ մեջբերեմ.
1. «Վարչապետը շատ ճիշտ ասաց, որ հուշում են, թե ադրբեջանցիներն ինչ անեն»:
Էս հայերն օյին են: Ձեզ թվում է, թե դուք թուրքերից խելացի՞ եք ու նրանք սպասում են ձեր խորհուրդների՞ն: Բա նրանք ինչու՞ են ասում, թե հայի հետին խելքը մերը լիներ: Իսկ «հայի հետին խելքը» միշտ էլ գործնական նշանակություն չի ունեցել: Թուրքերն այդպես են ասում այն բանի համար, որ նրանք առանց երկար – բարակ մտածելու (համաշխարհային հանրություն, բան կամ գերմանացի, որի աչքերի առաջ կնոջը բռնաբարում են ու նա վախենալով, որ իրեն կանվանեն ռասիստ, հանգիստ դիտում է այդ «գողտրիկ» տեսարանը կամ սահմանախախտներին չեն գերեվարում, չեն սատկացնում) անում են իրենց գործը ու քանի որ լավ է ստացվում, կատակում են. «եթե հայի հետին խելքը մերը լիներ», բայց շարունակում են. «ոչ մի բանի չէինք հասնի»: Հաջորդ դատողությունը.
2. «Իհարկե քաղաքական, կիսատ գործեր ունեն: Մեղրի տվող իր շեֆը չէ՞ր: Առաջինը, որ դնում էր Մեղրին տալու հարցը, դա իր շեֆ Քոչարյանը չէ՞ր: Հիմա կիսատ է մնացել, այն ժամանակ մենք ամեն ինչ արեցինք, որ տապալվի իր այդ ծրագիրը, հիմա կիսատ գործ ունի, ուզում է գա, որ Մեղրին տա: Ես կրկնում եմ՝ Քոչարյանի բոլոր գործողությունները իր պաշտոնավարման տարիների ընթացքում, եթե մանրամասն ուսումնասիրեք, թրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն էր»:
Թեպետ Քոչարյանի ժամանակ բարձր պաշտոն եմ զբաղեցրել (իր ժամանակ էլ թողել եմ այդ պաշտոնը), բայց ունեմ անձնական դրդապատճառներ, թե ինչու նրան ոչ հարգում եմ, ոչ ատում, ոչ էլ չգիտեմ ինչ: Մի խոսքով՝ ոչ տաք է, ոչ էլ ՝ սառը: Անշուշտ, որպես երկրի ղեկավար նա թույլ է տվել բազմաթիվ սխալներ, որոնց առանձնապես չեն էլ անդրադառնում կամ հպանցիկ նշում են դրանց մասին: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ նրա որոշումը միակ ճիշտ, իսկապես կամային բարձր հատկանիշների տեր ղեկավարին բնորոշ, պետության շահերից բխող քայլ է եղել: Իսկ նման գործեր կարողները, միանշանակ, պետության դեմ են գործում, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները:
Բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նրան վերագրվող թրքամետը, ադրբեջանամետն օրգանապես անհամատեղելի են այդ անձնավորության հետ: Գուցե նա համատեղելի է, օրինակ, ռուսների, հենց Պուտինի հետ, բայց՝ ոչ թուրքերի: Դա գիտի նաև պարոն Հարությունյանը, համենայնդեպս, նրա մտավոր կարողությունները միջինից ցածր չեն, որ չկարողանա որոշ վերլուծություններ անել: Ինչ վերաբերում է Մեղրիին, ապա ստացվում է, որ Քոչարյանի «կլիչկեն» Փոլ Գոբլ է եղել, չենք իմացել: Էդ, նույնիսկ վիսկի չխմող, փափկասուն ամերիկացին ասում էր չէ՞, որ Արցախի դիմաց մի բան պետք է տալ, որ ադրբեջանցիներն ուզում են, նկատի ունենալով Մեղրին: Բայց նա մի «մանրուքի» մասին տեղյակ չէր. Արցախը հայկական, Մեղրին հայկական, հետևաբար, հայկականը հայկականի դիմաց զիջելը թուրքին ինչ տրամաբանության մեջ կարող է տեղավորվել: Նույնիսկ թուրքերը կզարմանան, ինչպես որ զարմացան Շուշին նվիրելու պարագայում: Բա Պուտինը ոնց էր զարմացել: Նախավերջին դատողությունը.
3. «Չմոռանանք, որ իր իշխանության տարիներին մոտ 2,5 մլրդ դոլար միայն դրսից գումար էր գալիս, այդ ողջ գումարն իրենք կենտրոնացնում էին, առևտրային կազմակերպություններ էին ստեղծում, եղած փողն էլ ժողովրդից վերցնում լցնում էին կանալիզացիան: Այսինքն այդ փողով մարդիկ ընդամենը ուտելու համար ապրանքներ էին գնում: Դա է եղել իր քաղաքականությունը: Էսօր կիսատ բաներ ունի, ուզում է շարունակել, բայց իրենց դա չի հաջողվի»:
2.5 մլրդ դոլարի առնչությամբ պարզ չէ, թե խոսքը վերաբերում տարեկան մուտքերի՞ն, թե՞ 1998-2008 թթ. ժամանակահատվածին: Եթե տարեկան մուտքերի մասին է խոսքը, ապա Քոչարյանի թալանը կկազմի 19.5 մլրդ դոլար, մինչդեռ ասվել է ինչ-որ 4-5 միլիարդի մասին, որի համար էլ ՀՀ հպարտ քաղաքացիների «աչքը ջուր կտրեց»: Ինչու 19.5 միլիարդ, որովհետև ներհոսած ՕՈՒՆ-ների պաշարը (FDI inward stock) 2018 թվականին կազմել է 5.5 միլիարդ դոլար (ըստ World Investment Report-ի): Արտահոսած ՕՈՒՆ-ների (FDI outward stock) ընդհանուր ծավալը՝ կազմել է 606 մլն դոլար: Իրականում, 1998-2008 թթ. ներհոսած ՕՈՒՆ-ների ծավալը կազմել է 3.4 մլրդ դոլար:
Շատ հետաքրքիր արտահայտություն է՝ «գումարն իրենք կենտրոնացնում էին, առևտրային կազմակերպություններ էին ստեղծում, եղած փողն էլ ժողովրդից վերցնում լցնում էին կանալիզացիան», բայց օրիգինալ չէ: Ահա, թե ինչու: 14, թե 15 տարեկան ժամանակ մայրս, տարակուսած, պատմեց հարևանուհու «հանճարեղ» մտքի մասին. «Պետք ա՞, որ ուտենք ու լցնենք կանալիզացիան»: Հետո մայրս ասաց, որ հիմա նոր հասկացավ, թե հարևանուհին ինչու աղբ չի թափում:
Ինչևէ: Քոչարյանի իշխանության տարիներին, կարծես, կանալիզացիայի խափանում չի նկատվել, ՀՀ ոչ դաշտավայրային, ոչ նախալեռնային, ոչ էլ բարձր լեռնային վայրերում: Բայց, մոտ 20 մլրդ դոլարը կանալիզացիա լցնելու դեպքում, թեկուզև 10 տարում, անհետևանք չէր կարող լինել: Իսկ եթե, լուրջ, ապա ստացվում է, որ մարդիկ հնարավորություն են ունեցել հսկայական գնումներ անել, թեպետ, այնուհետև …
Վերջին դատողությունը. «Էսօր կիսատ բաներ ունի, ուզում է շարունակել, բայց իրենց դա չի հաջողվի», այսինքն, Քոչարյանին չի հաջողվի, որպեսզի ՀՀ կոյուղիներն ամբողջ հզորությամբ գործեն: Փաստորեն, այս ամբողջ աղմուկը, կուսակցությունների պայքարը կանալիզացիայի համար է. մի մասը գտնում է, որ այն ծանրաբեռնված պետք է աշխատի, իսկ մյուս մասը գտնում է, որ այն չպետք է գերլարված աշխատի, պետք է աչքի լույսի նման պահել՝ սերունդների համար:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ