Ձեր կոպեկներն ինձ պետք չեն` իջե՛ք
27 համարի երթուղու ավտոբուսների վարորդները հրաժարվում են ուղեւորներից 1000 դրամանոց թղթադրամ ընդունել։ «Մենք ձեզ համար չենջ չենք, որ ստեղ մանրեք, տանեք ուրիշ ավտոբուսներին վճարեք»,- ասաց վարորդներից մեկը՝ 1000 դրամանոցն իրեն մեկնած ուղեւորին։ Վերջինս խեղճացած տոնով ասաց` մանր չունեմ։ Սա ավելի զայրացրեց վարորդին. «Եթե մանր չունեք, սրանից հետո ավտոբուս չբարձրանաք»։
Ավտոբուսում գտնվող ուղեւորները, որ մինչ այդ լուռ հետեւում էին վարորդի բռի պահվածքին, կամաց-կամաց սկսեցին «արթնանալ», քանի որ այս դեպքից առաջ վարորդը մեկ այլ ուղեւորի հետ էր լեզվակռիվ տվել, երկրորդ միջադեպին արդեն մարդիկ բուռն արձագանքեցին, բայց վարորդը չէր նահանջում, կրկնում էր՝ ինձնից ի՞նչ եք ուզում, դժգո՞հ եք՝ դիմեք վերադասին, ես անում եմ այն, ինչ պահանջում են։ Եղան նաեւ նրա շահերը պաշտպանողներ․ երիտասարդ մի կին բղավեց` հանգիստ թողեք վարորդին․ «Ինքը մեղավոր չի, տուն պահելու համար ինչ հրահանգի ասես՝ ենթարկվում է։ Ձեզնից ով էլ լիներ, այդպես էր անելու։ Մի ներվայնացրեք, մեքենայի ղեկին է՝ չտանի գլուխներս ուտի»։ Մի տղամարդ էլ, որ ամբողջ ճանապարհին վարորդի հետ քննարկում էր կատարվածը, ժամանակ առ ժամանակ դիմում էր բորբոքված ուղեւորներին՝ խնայեք վարորդին, օրվա վերջում «խեղճը պատասխան է տալու վերադասին, թե ինչու է ավտոբուսը չենջի վերածել»:
Վարորդը, որ ներքուստ կիսում էր ուղեւորների վրդովմունքը, բայց «մի կտոր հացի համար» ենթարկվում էր վերադասի հրահանգներին, հանկարծ արգելակեց մեքենան, որում մի քանի հոգի էր մնացել, եւ ամբարտավան տոնով հրամայեց իջնել՝ առանց վճարելու. «Ձեր կոպեկներն էլ պետք չեն, իջե՛ք»։ Վիճաբանությունը նորից թեժացավ…
Նկատենք, որ 27 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներն առայժմ ընդգրկված չեն միասնական տոմսային բարեփոխման համակարգում։ Թեեւ 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարելը 27-ին չի վերաբերում, բայց ուղեւորների նյարդերն ամենուր տեղի են տալիս։ Վարորդներն իրենց դրության տեր են զգում․ չլսելու են տալիս ուղեւորների խնդրանքը` «կանգնեք՝ իջնեմ», այնպես են արգելակում մեքենան, որ մարդիկ իրար վրա են ընկնում, հրաժարվում են մեծ գումար վերցնելուց եւ այլն։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ