Ընտրությունները որոշ համայնքներում սկսվում են դեկտեմբերի 6-ից

Ընտրությունները որոշ համայնքներում սկսվում են դեկտեմբերի 6-ից

Մեր Ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը բազմաթիվ խութեր են պարունակում՝ ծուղակներ, որոնք արտաքուստ դեմոկրատական դրույթներ են, բայց վտանգներով լի։ Օրինակ՝ քվորումը վերացնելուց հետո ստացվել է այնպես, որ տվյալ համայնքի բնակիչների 10 տոկոսը կարող է որոշել մյուս 90-ի ճակատագիրը, քանի որ 10 տոկոսն է գնում քվեարկության, 90-ը՝ հավես չունի, անիմաստ է համարում, այլընտրանքային թեկնածու չկա եւ այլն։ Նման իրավիճակ ստեղծվեց Արմավիրում, որտեղ մեկ թեկնածու էր առաջադրվել, եւ ընտրության գնաց բնակչության 20 տոկոսը միայն։ Խոշորացված համայնքների ընտրություններ էին, բայց որոշ համայնքներում, քանի որ չեն հարցրել բնակչության ցանկությունը՝ խոշորացնել համայնքը, թե ոչ, մարդիկ բոյկոտել են ընտրությունները։ Երկու գյուղ՝ Ծովագյուղն ու Սեմյոնովկան, չի գնացել ընտրությունների, բայց դա որեւէ դեր չի խաղում, նրանք մի քանի համայնքների կազմում են գտնվում, մյուս համայնքների բնակիչները, ըստ էության, որոշեցին այս 2 գյուղի ճակատագիրը, ինչը, մեծ հաշվով, դեմակրատիայի դեմ է։

Բայց ամենաուշագրավ խնդիրը հետընտրական զարգացումներն են։ Քանի որ շատ համայնքներում ոչ մի կուսակցություն չի ստացել 50 պլյուս 1 ձայն եւ չի կարող մենակ իշխանություն ձեւավորել, ավագանի անցած ուժերից 2-ը կամ 3-ը պետք է միավորվեն եւ համայնքապետ ու համայնքային իշխանություն ընտրեն։ Եվ այստեղ սկսվում են «բազարները»: 50 տոկոսից պակաս ձայն ստացած ՔՊ-ականները նույն տեռորով ու ճնշումներով, որով ստացել են իրենց ձայները, փորձում են այս ուժերին ստիպել, որ իշխանությունը զիջեն իրեն, կամ միանան եւ 50 տոկոսից ավելի ձայն ապահովեն իրենց համար։ Կամ՝ ձախողեն այլ ուժերի միավորումը, որը եւս կարող էր 50 տոկոսից ավելի ձայներով կոալիցիա ստեղծել՝ ոչ իշխանության օգտին, այլ` ընդդիմության։

Նման իրավիճակ է ստեղծվել, օրինակ, Թալինում, որտեղ ՔՊ-ն՝ հանձին Տավրոս Սափեյանի, ստացել է ձայների 46,63 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա պետք է միանա կամ «Հայք», «Զարթոնք», կամ «Մեր համայնքը» կուսակցություններից որեւէ մեկի հետ, որպեսզի իշխանություն ձեւավորի։ «Զարթոնքը» չի միանա, որովհետեւ արմատական ընդդիմություն է, իսկ նրանց առաջին համարը՝ Մնացական Մնացականյանը, Սափեյանների թիվ մեկ հակառակորդն էր: Մնացին երկու մյուս ուժերը: «Հայքը»՝ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, տարել է 15,4 տոկոս ձայն, «Մեր համայնքը»՝ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ, 11,65։ «Մեր համայնքը» ձեւավորվել է Հայ հեղափոխական դաշնակցության և «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքով, որի ավագանու ցուցակը գլխավորում է անկուսակցական Տիգրան Հարությունյանը։ Սակայն այս ուժն ու թեկնածուն էլ են խիստ ընդդիմադիր եւ դժվար թե միանան Սափեյանին։ Այսինքն՝ Սափեյանին պակասող մեկ ձայնը կարող է ստանալ միայն «Հայքից», որի առաջին համարը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանն է։ Հենց նա էլ կդառնա Սափեյանների եւ ՔՊ-ի փրկօղակը։

Արարատում եւս կոալիցիոն բանակցություններ են ընթանում։ Այստեղ մասնակցած 5 ուժերից ոչ մեկը 50 պլյուս 1 չի ստացել․ «Իմ հզոր համայնքը»՝ Արարատի համայնքապետերից ձեւավորված, ստացել է 32,29 տոկոս, ՔՊ-ն՝ 38,79, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ 13,82, «Կայունությունը»՝ 8,9, Ապրելու երկիրը՝ 7,1 տոկոս։ Այսինքն՝ փորձելու են իրենց պակասող ձայները կոալիցիայի միջոցով լրացնել «Իմ հզոր համայնքը» եւ ՔՊ-ն։ «Կայունությունը» Ֆիրդուս Զաքարյանն է, եւ չի բացառվում, որ միանա ՔՊ-ի հետ, սակայն դա չի կազմի 50 եւ ավելի։ Վճռորոշը կարող է լինել Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» միացումը ՔՊ-ին, ինչը թերեւս ի սկզբանե էր ծրագրված։ Եթե «Իմ հզոր համայնքը» կարողանա համոզել եւ իրեն միացնել «Հանուն հանրապետության» եւ, ասենք, «Ապրելու երկիր» կուսակցություններին, ապա հնարավոր է ստացվի կոալիցիոն կառավարումը։ Այսինքն, այս պարագայում «Հանուն հանրապետության» թեկնածուն՝ Արսեն Հակոբյանը, որը 2016 թվականին Արարատի համայնքապետի ընտրություններին մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կողմից, վճռորոշ որոշում է կայացնելու՝ միանալ իշխող կուսակցությա՞նը, թե՞ համայնքապետերի «Իմ հզոր համայնքին»։

Վեդիում էլ միանձնյա իշխանություն ձեւավորել չի ստացվելու, որովհետեւ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ՔՊ-ն հավաքել է 39,12 տոկոս ձայն, «Իմ հզոր համայնքը»՝ 44,8 տոկոս, «Հանրապետությունը»՝ 16,78։ Ու թեեւ առաջին տեղում Վեդիի համայնքապետերի ստեղծած կուսակցությունն է, սակայն ակնհայտ է, որ Արամ Սարգսյանն իր ձայները կտա իշխանությանը, եւ Գարիկ Սարգսյանի երազանքը կկատարվի, չնայած նա ստացել է ընտրությանը մասնակցած մարդկանց ձայների ընդամենը 39 տոկոսը։ Ի դեպ, Վեդիում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54 տոկոսը միայն։ 

Վարդենիսում նույնպես 50 պլյուս մեկ չկա՝ երեք մասնակից ուժերից «Ահարոն Խաչատրյան» դաշինքը 37,36 տոկոս է, «Միասնական Վարդենիսը»՝ 16,51, եւ ՔՊ-ն՝ 46,11։ Այստեղ երկու մյուս ուժը կարող են միանալ եւ իշխանություն վերցնել։ Վանաձորում, ըստ ամենայնի, կմիանան Մամիկոն Ասլանյանն ու Ական՝ Արկադի Փելեշյանը, որն առաջադրվել է ՀԱՍԿ կուսակցության կողմից։ Աբովյանում հավանական կոալիցիան կկազմվի ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, ու Էդուարդ Բաբայանը կդառնա համայնքապետ։ Նոր Հաճնում «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքը՝  նախկին քաղաքապետի գլխավորությամբ, մեծ ընտրություն ունի՝ սկսած ՀՅԴ-ից եւ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանքից», քանզի իրենց ընդամենը 1 տոկոս է պակասում։ Ախուրյանում արդեն ընդդիմադիր երկու ուժ հայտարարել են միանալու եւ իշխանություն ձեւավորելու մասին՝ «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքները՝ Արծրունի Իգիթյանի եւ Կարեն Արշակյանի գլխավորությամբ։ Չնայած ՔՊ-ն այստեղ 48 տոկոս ձայն ունի։ Ամասիայում նույնպես ՔՊ-ն չի կարողանա իշխանություն վերցնել, որովհետեւ մյուս երկու ուժերը՝ ՀՀԿ-ն եւ «Ամասիա Արփի» դաշինքը, տարել են, համապատասխանաբար՝ 22,89 եւ 38,27 տոկոս ձայն։ Արթիկում եւս կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա․ ամենաշատ ձայնը տարել է ՔՊ-ն՝ 41, 61 տոկոս, «Միասնական Արթիկ» դաշինքը՝ 23,38, «Հանուն հանրապետության»-ը՝ 13,73, Ազատականը՝ 11,92 տոկոս։ Այստեղ ՔՊ-ն մեծ ընտրություն ունի՝ Սամվել Բաբայանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ։ Այնպես որ, Արթիկում իշխանությունը կպահպանի իր ազդեցությունը։ Նույնը` նաեւ Վայքում, որտեղ ՔՊ-ն տարել է 36,60 տոկոս, իսկ «Հանրապետությունը»՝ 31,90, Ազատական կուսակցությունը՝ 17,52, «Հայրենիքը»՝ 13,96։

Եվ վերջապես՝ անակնկալ լուրը․ Նոյեմբերյանում ՔՊ-ն առաջատարն է՝ 43,75 տոկոս ձայնով, սակայն մյուս երկու ուժերը՝ «Հանուն հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները, որոշել են կոալիցիա կազմել, եւ ըստ ամենայնի` համայնքապետ կընտրվի Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիրով» առաջադրված։ Նա Նիկոլ եւ Աշոտ Աղաբաբյանների եղբայրն է, Կողբ համայնքի երկարամյա համայնքապետը՝ ժամանակին բազմիցս հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուներին։ Երրորդ թեկնածուն անկուսակցական, անհատ ձեռներեց Մհեր Աղամյանն է՝ «Հանուն հանրապետության» կուսակցության կողմից առաջադրված։ ՔՊ-ի թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանն էր, ում օգտին քրտնամխած աշխատում էին Տավուշի մարզպետն ու ՀՀ ոստիկանապետը, սակայն այդքան տեռորի պայմաններում չկարողացան նրան հաղթանակ ապահովել։